ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լավ հեռանկարներ։

ՏԿԵ նախարարը կարեւորել է ճանապարհաշինության ոլորտում երկկողմ գործակցության զարգացման եւ առկա հարցերի կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքների շարունակումը։ Դեսպան Ֆան Յոնը նշել է, որ չինական կողմը նույնպես հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ ենթակառուցվածքային համագործակցությունը։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներին եւ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած որոշակի խնդիրներին՝ դեսպան Ֆան Յոնը տեղեկացրել է, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են, եւ վստահեցրել է, որ երկկողմ ակտիվ աշխատանքների եւ համատեղ ջանքերի միջոցով հնարավոր կլինի ընթացիկ հարցերը կարգավորել եւ ապահովել նախանշված արդյունքները։ Նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանի դեսպանին տեղեկացնելով Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան նոր հատվածի կառուցման նախագծի եւ նախատեսվող մեծածավալ աշխատանքների մասին, առաջարկել է աջակցել շինարարության եւ տեխնիկական վերահսկողության համար հայտարարվելիք մրցութային գործընթացներում չինական ընկերություններին ներգրավելու գործում։ Ընդգծելով կառուցվելիք ճանապարհի ռազմավարական մեծ նշանակությունը Հայաստանի համար՝ ՏԿԵ նախարարը կարեւորել է չինական խոշոր եւ մեծ հզորություններ ունեցող ընկերությունների մասնակցության հնարավորությունները։

ՏԿԵ նախարարը եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նաեւ էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանն ու առկա նախագծերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման ծրագիր իրականացնելու նպատակով չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության եւ այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցերին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության համատեքստում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ կապակցությամբ դեսպան Ֆան Յոնը նշել է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը նպաստելու Չինաստանի պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը եւ Ֆան Յոնը վերահաստատել են բոլոր ուղղություններով հետագա համագործակցության խորացմանը միտված երկուստեք պատրաստակամությունը՝ այդ համատեքստում կարեւորելով ՀՀ ՏԿԵ նախարարության եւ Չինաստանի դեսպանության միջեւ ձեւավորված ամուր գործնական հարաբերությունները։

Գնել Սանոսյանը դեսպան Ֆան Յոնին տեղեկացրել է նաեւ, որ նախկինում, որպես աշխարհագրության մասնագետ, մի քանի անգամ առիթ է ունեցել մասնագիտական-հետազոտական այցերով լինելու Հայաստանում Չինաստանի դեսպանատանը՝ ընդգծելով թե իր մասնագիտության բերումով, թե ներկայում ի պաշտոնե իր հետաքրքրությունը՝ նպաստելու հայ-չինական հարաբերությունների խորացմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն