Օգոստոսի 30-ին` 2021-2022 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Այս մասին գրում է Մոսկվայի հայ առաելական եկեղեցու ֆեյսբուքյան էջը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպված արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար տիար Ալեքսանդր Շագաֆյանը, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԶՈւ ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ և բազմաթիվ մանկավարժներ:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցել է կրթության ոլորտի երախտավորներին:

Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի է ունեցել ընդունելություն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ ծայրագույն պատրիարքի և Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը կրթության մշակների օրհնության արարողությանը.

«Պատվարժան ռեկտորներ, կրթության գործի պատասխանատուներ և սիրելի մանկավարժներ,
Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքը։ Մենք մեծապես կարևորում ենք, որ կրթության գործին նվիրված մշակներդ նոր ուսումնական տարվա մեկնարկին ուխտավորաբար այցելում եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի Աստծո օրհնությամբ սկսեք ձեր շնորհընկալ առաքելությունը։

Ձեր հոգածության և հայացքի ներքո են ուսում առնում և կրթվում մեր ժողովրդի զավակները՝ մեր երկրի ապագա քաղաքացիները։ Արդարև, մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է մանկավարժ լինելը, քանզի յուրաքանչյուր ազգի հուսալի ապագան պայմանավորում են ուսումը, կրթությունն ու դաստիարակությունը։ Հատկապես արդի ժամանակներում, բազմակողմ ու արագընթաց դարձած մեր կյանքի բոլոր ոլորտներում առավել ենք զգում այդ իրողությունը։ Գլոբալիզացիայի համահարթեցնող ընթացքների և օրեցօր նորացող գիտական ձեռքբերումների հանդիման՝ այսօր արդիական գիտելիքի ուսուցմանը հավասարազոր կարևորվում է հոգևոր նկարագրի ու ներաշխարհի ձևավորումը։

Սիրելիներ, մեր հայրենիքի կյանքում տեղ գտած վերջին զարգացումները, արցախյան պատերազմը, հայրենիքի ներկայիս ծանր ու անկայուն վիճակը վկայում են, թե որքան մեծ տեղ պետք է տրվի կրթությանը և մրցունակ գիտելիքին մեր կյանքում։ Մեր կրած փորձությունը և շարունակվող դժվարությունները առավել շեշտադրում են նաև ճշմարիտ արժեքներով կերտված աշխարհայացքի, վեհ իդեալների ու ձգտումների կարևորությունն ու պահանջը, որոնք նախ և առաջ սերմանվում, աճում ու զարգանում են կրթօջախներում և ընտանիքում։

Կրթությունը ամենահզոր զենքն է։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդը մաքառել ու գոյատևել է և իր կյանքը կերտել ու վերակերտել է ամբարած գիտելիքի, ճանաչողության ու հմտությունների շնորհիվ։ Այսօր նույնպես հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունը պետք է խարսխված լինեն մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքների, ինքնաճանաչողության, հայրենասիրության ու ազգասիրության վրա։

Մատուցվող գիտելիքը և կրթությունը ամրորեն հաստատված պիտի լինեն ազգային-ավանդական արժեհամակարգի վրա։ Մեր խնդիրը այսպես կոչված՝ աշխարհաքաղաքացի պատրաստելը չէ, այլ հայրենասեր, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, ազգային դիմագիծ ունեցող, ուսյալ, բարեկիրթ անձ և նախանձախնդիր քաղաքացի։ Այս առումով կարևորում ենք ամբողջական ծրագրով «Հայ Եկեղեցու պատմության» պարտադիր դասավանդումը դպրոցում։

Այսօր յուրաքանչյուրս մեր տեղում պետք է հոգ տանենք, որպեսզի կրթության ոլորտում նախաձեռնված բարեփոխումները, որոնց շուրջ առիթ ունեցել ենք արտահայտվելու, չվնասեն, այլ իրապես օգտակարություն ունենան մեր մատաղ սերնդի կրթության գործում։ Այս ամենում կարևոր է ձեր նախանձախնդրությունը՝ ապահովագրելու մեր մանուկներին և պատանիներին անցանկալի երևույթներից ու մոլորություններից, զորացնելու նրանց հոգում ազգային ինքնագիտակցության ոգին և այն համոզումը, որ գիտելիքը լույս է և աղբյուր բարիքների։

Կրթության մշակներիդ օրհնության այս նվիրական օրը առանձնահատուկ ցանկանում ենք արձանագրել, որ հայրենյաց սահմանների պաշտպանության ծառայության մեջ այսօր դրսևորվող ոգին պտուղն ու արգասիքն են նաև ձեր ներդրած ջանքերի։ Սիրելիներ, առաջնորդվեք և առաջնորդեք ձեր սաներին առ Աստված հավատքով ու ապավինությամբ, և կենսունակ պիտի լինեն ձեր սերմանած արժեքները ու մեր ժողովուրդը պիտի պահպանի վերելքի ներուժը՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն, որ պատգամում է «պահիր Տիրոջ ճանապարհները և Նա կբարձրացնի քեզ երկիրը ժառանգելու» (Սղմ. ԼԶ 34)։

Մեր Եկեղեցին, ինչպես բոլոր ժամանակներում, շարունակելու է աջակցել մեր երկրում կրթության ու գիտության զարգացմանը։ Շարունակելու ենք համագործակցել նախարարության և կրթօջախների հետ՝ ապագայի բարի հույսերով ու հավատով։

Վերստին Մեր գնահատանքն ենք բերում ձեզ` կրթության մշակներիդ ձեր բարձր հանձնառության, ձեր անխոնջ ջանքերի ու անսպառ նվիրումի համար։ Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը և մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը բարի արգասիքներով և բազմապատկի ձեր ուժն ու եռանդը և բարի վաստակը մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում։

Շնորհ, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. Ամեն»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն