Չէի կարող 150 հազար դրամ վճարել, երեխաներիս վերցրի ու դուրս եկա. արցախցի կինը՝ Շուշի վերադառնալու պատճառի մասին
Շուշիի նախկին բնակիչ Իզաուրա Բալասանյանը օգոստոսի 1–ին 4 մանկահասակ երեխայի հետ, որոշել է հատել Շուշիի սահմանը՝ այնտեղ ապրելու նպատակով, սակայն ռուս խաղաղապահների միջամտությամբ նրանք հետ են վերադարձել։
Իզաուրան NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հարկադրված է այդ քայլին գնացել, որովհետեւ Արցախում կեցավայր չունի։ Նա հոկտեմբերի 1–ին Շուշիից դուրս է եկել եւ բնակություն հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցի հանրակացարանում։ Մեկ ամիս առաջ հանրակացարանի սեփականատերը տան վարձը 100 հազարից 150 հազար դրամ է դարձրել, որը Իզաուրան ի վիճակի չի եղել վճարել։
Նա պատմեց, որ դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն կեցության հարցերը լուծելու համար, սակայն իր խոսքով՝ օգնություն չի ցուցաբերվել եւ ստիպված Շուշիի սահմանը հատելու եւ այնտեղ բնակվելու մասին որոշում է կայացրել։
«Ես չէի կարող 150 հազար դրամ վճարել, տան տերն էլ ասում էր՝ էդ դեպքում պետք է տունն ազատեմ։ Ես երեխաներիս վերցրի ու դուրս եկա»,– ասաց Իզաուրան ու հավելեց, որ կրկին դիմել է Արցախի կառավարություն, որտեղից ասել են, թե Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում իր համար տուն կգնեն։
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում Իզաուրայի հետ կատարվածի մասին։ Նրա խոսքով ՝ Իզաուրան Շուշիում գրանցում չի ունեցել եւ մի քանի տարի էր, որ ապրում էր Շուշիում եւ աշխատում «Շինվերանորոգում» ՓԲԸ–ում որպես հավաքարար։
«Ինքն ինձ հետ միշտ կապի մեջ է լինում, խորհուրդ հարցնում, ես փորձում եմ օգնել, նա անտեսված չի եղել մեր կողմից։ Վերջերս կապվել էր ինձ հետ, ու ասում էր, որ Ստեփանակերտի մոտակա գյուղերում ինչ–որ բնակարան կա, հետաքրքրվում էր, թե ոնց կարող է այն պետությունը հատկացնի իրեն։ Թեկուզ Իզաուրան Շուշիում գրանցված չէր եւ բնակարան չուներ, բայց ինքը մեզ մոտ ցուցակագրված է, որ երբ սկսեն մարդկանց բնակարաններով ապահովել, իրեն էլ հերթը հասնի»,– ասաց Սարգսյանը։
Արծվիկ Սարգսյանը նշեց, որ Իզաուրայի ընտանիքն օգտվել է Արցախի Կառավարության կողմից հատկացվող բոլոր սոցիալական ծրագրերից։
Ավելի վաղ Forrights.am-ի հետ զրույցում Իզաուրան պատմել էր, որ վերցրել է մահացած ամուսնու եւ մոր լուսանկարներն ու երեխաների հետ միասին գնացել Շուշի, սակայն ռուս խաղաղապահները կանգնեցրել են նրան. «Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է»։
Այդ դեպքից հետո, Իզաուրային ու նրա 4 մանկահասակ երեխաներին Ասկերանի շրջանի Խանձք գյուղում տուն են տվել, որը եղել էր կիսաքանդված վիճակում։ Որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո, նրանց տարհանել են Խնածախ գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ջամիլու տեղանք։