Կգա ժամանակը, եւ պատերազմում զոհված տղաները կդառնան մեր դատավորները. պատգամավոր Փաշինյանին
Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները ինչ-որ կերպ վիրավորել եմ այս ձեւակերպմամբ: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին բացատրելով, թե ինչու է անհրաժեշտ անկախության 30-ամյակը լայնածավալ եւ գունագեղ տոնել՝ չնայած վերջին արյունալի պատերազմին, մեծ թվով զոհվածներին, վիրավորներին եւ անհետ կորածներին:
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով կորցրել է որդուն պատերազմում, հորդորեց հանգիստ թողնել զոհվածներին: «Այս տղաների հոգիներն այժմ մեզ են նայում վերեւից: Կգա ժամանակը, եւ նրանք բոլորը կլինեն մեր դատավորները», - հայտարարեց ընդդիմադիրը:
Կառավարության ղեկավարն իր տեսակետն է հայտնել այս հարցի վերաբերյալ:
«Ես ասացի, որ մեր քաղաքացիները տոնական տրամադրություն չունեն, բայց կա մեկ այլ խնդիր: Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, եւ եթե մենք այս միջոցառումն անցկացնում ենք Հայաստանի դրոշներով, իսկ պետական տոնը պետք է անցկացվի հենց այդպես, ապա պետք է հաշվի առնել, որ մեր դրոշն ունի շատ վառ գույներ: Եվ ես չեմ կարծում, որ մենք պետք է փոխենք մեր դրոշի գույները», - ասաց Փաշինյանը:
Նա նշել է, որ միջոցառման հիմքում զոհերի հիշատակն է լինելու: Ենթադրվում է, որ սեպտեմբերի 21-ին կհայտարարվի լայնածավալ նախագիծ՝ նվիրված վերջին երեք պատերազմներում, ինչպես նաեւ զինվորական ծառայության ընթացքում զոհվածների հիշատակին:
«Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են արդեն 6 ամիս: Ես կրկին ներողություն եմ խնդրում, բայց վերջին 30 տարիների ընթացքում չի եղել ոչ մի տոնակատարություն, որ չլինեն ոչ անհետ կորածներ, ոչ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում թարմ գերեզմաններ: Իմ փիլիսոփայությունը սա է՝ բոլորը, ովքեր զոհվել են, իրենց կյանքը զոհել են, որպեսզի Հայաստանը ապրի»,- պարզաբանեց Փաշինյանը:
Վարչապետը նաեւ հայտնեց, որ ակցիան կունենա երկու անուն՝ «Անկախ» եւ «Հայրենիքիս հետ»: Նշենք, որ այսպես են կոչվում հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները: Փաշինյանը նույնիսկ մի քանի տող կարդաց դրանցից: