Հայաստանի ու Արցախի համար ավելորդ ռիսկ Մինսկի խմբի ձևաչափում
Ֆրանսիան դժգոհություն է արտահայտել ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա եռյակ դաշինքի վերաբերյալ, որի ստեղծման մասին երեք երկրները հայտարարեցին սեպտեմբերի 15-ին: Ինչպես հայտնի է, խոսքը բավականին ընդգրկուն ռեգիոնալ նշանակության նոր անվտանգային միավորի մասին է, որի նպատակը հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում անվտանգային գերակայությունն ու այդպիսով Չինաստանի ազդեցության զսպումն է: Այդ նպատակով ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան օգնելու են Ավստրալիային նաև միջուկային սուզանավատորմ ձևավորելու հարցում:
Բանն այն է, որ եռյակ ալյանսի ձևավորման նախաձեռնությունից ու դրա մասին հայտարարելուց հետո Ավստրալիան խզել է Ֆրանսիայի հետ սուզանավերի գնման պայմանագիրը, ինչն էլ Փարիզի դժգոհության հիմքում է, թեև լայն իմաստով հնարավոր է դժգոհության առիթ է և այն, որ եռյակը գործակցության չի հրավիրել նաև Ֆրանսիային: Կա՞ այդպիսի հեռանկար, որ դժգոհությունը կբերի գործակցության, թե՞ հակառակը՝ այն կխորացնի հարաբերությունների ճգնաժամ, ինչը ազդեցություն կթողնի նաև այլ ուղղությունների վրա: Այդ հարցը Հայաստանի համար ունի թերևս անմիջական նշանակություն, չնայած հանգամանքին, որ ընդհանրապես նաև եռյակի նոր միավորման նախաձեռնությունն է լայն իմաստով ուշադրության արժանի նաև հեռու թվացող Հայաստանի համար, քանի որ անխուսափելի ազդեցություն է ունենալու միջազգային անվտանգային ամբողջ համակարգի, այդ թվում Հայաստանի համար անմիջական՝ եվրասիական միջավայրի վրա: Այդուհանդերձ, այստեղ կա մեր «շապիկին առավել մոտ» հարց՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ և դրանում ԱՄՆ ու Ֆրանսիայի ներկայություն:
Եթե եռյակ ալյանսի նախաձեռնությունը բերի Փարիզ-Վաշինգտոն հարաբերության որոշակի լարվածության կամ ճգնաժամային զարգացման, ապա սա կարող է բերել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում երկու երկրների աշխատանքի խնդիրներին, ինչը թերևս բոլորովին ցանկալի իրավիճակ չէ Հայաստանի շահի ու հետաքրքրության տեսանկյունից: Իհարկե ոչինչ միարժեք չէ և ունենալով խնդիրներ այլ ուղղությամբ, ԱՄՆ ու Ֆրանսիան կարող են շարունակել որոշակի ներդաշնակությամբ աշխատանքը Մինսկի խմբի համանախագահության տիրույթում: Այդ աշխատանքը Հայաստանի համար կարևոր է, որովհետև պարունակում է՝ դարձյալ իհարկե ոչ միարժեք, բայց նվազագույն կարևոր շեշտադրումներ Արցախի կարգավիճակի և բանակցային գործընթացի վերականգնման, հայկական սուբյեկտության համար որոշակի դաշտ ապահովելու տեսանկյունից: Ըստ այդմ, այդ ուղղությամբ ամերիկա-ֆրանսիական խնդիրների ռիսկը շատ անցանկալի է:
1in.am