Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է փողոցային պայքար սկսելու մասին։ Օրերս իր ղեկավարած  «Հայաստան» դաշինքի հետ հանդիպեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպման ավարտից հետո տարածվեց հայտարարություն, որ դաշինքը նախատեսում է փողոցային պայքար սկսել ու մեծացնել հանրային ակտիվությունը։

Նմանատիպ հայտարարությամբ  է  հանդես եկել նաև մյուս ընդդիմադիր դաշինքը՝ «Պատիվ ունեմ»-ը։ Դաշինքի քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում լինել փողկապավոր ընդդիմություն և ևս պատրաստվում են վերսկսել փողոցային պայքարը՝ իշխանություններին հեռացնելու նպատակով։

Ուշագրավ է, որ այս հայտարարություններին արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։  Հարցին, թե շարունակելու՞ են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է․«Հիմա այնպիսի ընդդիմություն կա, իրենք ավելի արմատական ընդդիմություն են, մեզնից էլ ինչ կախված ա՝ պատրաստ ենք ասելու, ներկայացնելու։ Իրենք ավելի ուժեղ ընդդիմություն են, քան մենք ենք, իրենք խորհրդարանական ընդդիմություն են, մենք՝ արտախորհրդարանական»։

Հարցին, թե եթե հրաժարականի պահանջով գործընթացներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞, Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա, ԲՀԿ-ն իր տեղում ա, իր գործով զբաղվում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ միանշանակ չէ, որ այս փուլում իրականացվող փողոցային պայքարը կարող է հաջողություն  ունենալ․ «Ճիշտ է ՝ ընտրություններն ու ընտրական գործընթացն ավարտված է, բայց դա չի նշանակում, որ քաղաքական պայքարն ավարտված է։ 5 տարի շարունակ ամեն օր այդ պայքարն իրականանալու է, իհարկե եթե ընդդիմությունը կարողանա դա իրականացնել։ Այսինոն՝ եթե ընտրություններն ավարտված են, դա դեռ չի նշանակում, որ 5 տարի ոչինչ չի լինելու։ Ես միշտ ասել եմ, որ ներկայումս Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը պետք չէ նույնականացնել մեկ այլ հանգիստ երկրում նախընտրական արշավից հետո ստեղծված իրավիճակին։ Հայաստանում բոլորովին այլ վիճակ է։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները նշել են, որ իրենք չեն գնում խորհրդարան այնտեղ օրենսդրական գործունեություն իրականացնելու համար։ Նրանք նշել են, որ այս ղարաբաղյան կապիտուլյացիայից հետո քաղաքական ճգնաժամը չի ավարտվել։ Եվ բնականաբար եթե չի ավարտվել, նշանակում է, որ իրենց պայքարի հիմքում պետք է դրվի այս իշխանությունից ազատվելու գործընթացը։ Իսկ դա չի կարող իրականացվել միայն Ազգային ժողովում ընթացող գործունեությամբ՝ օրենքի քննարկումներով, ելույթ ունենալով  և այլն։ Եթե նկատեցիք՝ երկու օր առաջ լրատվական դաշտում տարածվեց, որ երկրորդ նախագահն իր դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ հրահանգեց ակտիվացնել փողոցային պայքարը։ Այսինքն՝  և՛ «Հայաստան» դաշինքը և՛ «Պատիվ ունեմ»-ը օգտագործելու են պայքարի բոլոր ձևերը, որպեսզի հասնեն նրան, որ իշխանության վարկանիշը զրոյացվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ այս ամենից կարելի է  ֆիքսել, որ Հայաստանում ընտրություններով ոչինչ չի ավարտվել և ամեն օր հնարավոր է  փողոցային պայքար լինի․ «Արդյոք՝ դա կբերի դրական արդյունքի և իշխանությունը կհեռանա․․ ոչ ոք չի կարող ասել։ Հնարավոր է  փողոցային պայքարը որևէ դրական արդյունք չտա։ Ոչ ոք չի կարող ասել, թե փողոցային պայքարն ինչ մասշտաբի տեղի կունենա, արդյոք գրագետ կլինի, թե ոչ։ Բայց որ դա տեղի է ունենալու՝ միանշանակ է»։

Դիտարկմանը, որ հասարակությունը ոտքի չկանգնեց անգամ պատերազմից հետո կամ գոնե հետընտրական փուլում, ինչո՞ւ պետք է հիմա ոտքի կանգնի, Բադալյանը պատասխանեց․ «Ես չեմ ասում, որ ոտքի կկանգնի։ Եթե դու փողոցային պայքար ես իրականացնում, դա դեռ չի նշանակում, որ հաստատ վստահ ես, որ հասարակությունը ոտքի կկանգնի։ Շատ բարդ  ասել՝ հասարակությունը ոտքի կկանգնի, թե ոչ։ Շատ գրագետ է պետք աշխատել ու անել այնպիսի գործողություններ, որ հասարակությունն այնքան ժամանակ ոտքի կանգնած մնա՝ մինչև իշխանությունը հեռանա»։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, մեր զրուցակիցը նկատեց․ «Այնուամենայնիվ ԲՀԿ-ն ինչ-որ չափով վարկանիշ ունի,  շրջանային կառույցներ ունի, մարզերում ու գյուղերում կարող  էր ինչ-որ գործողություններ իրականացնել ու ընդհանուր շարժմանը մի կաթիլ ջրով նպաստել։ Բայց հասկանալի է, որ ԲՀԿ-ն իր առանձին գիծն է  վերցրել ու շարժվում է այդ տրամաբանությամբ»։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն