Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ խմբակցության համանախագահի և խմբակցության երեք պատգամավորների հետ այցելել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնք, որտեղ բնակիչների հետ հանդիպում են ունեցել։ Հանդիպման ժամանակ բնակիչները պատմել են, որ ադրբեջանցիները GPS-ով առաջացել և փաստորեն հատել են սահմանը, տեղադրել իրենց դրոշները, այնուհետև հայկական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին, որոնք հետ են շպրտել և ելման կետ ուղարկել ադրբեջանցիներին։

«Ես չեմ կարող ասել՝ դա ադրբեջանական կողմի պահանջն է, թե ոչ, բայց ռուսական կողմն առաջարկել էր Ամարասի վրայից հանել Արցախի դրոշը և եթե այդքան կարևորվում է դրոշի տեղադրումը, ապա գոնե տեղադրել ՀՀ դրոշը »,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ երեկ Մաճկալաշեն համայնքի ղեկավարի և բնակիչների հետ քննարկման ժամանակ տարօրինակ բան է զգացվել, երբ համայնքի ղեկավարն իրենց հարցին ի պատասխան ասել էր՝ իհարկե պետք է հանենք դրոշը։

Հակոբյանի փոխանցմամբ՝ գրեթե վիճաբանություն է տեղի ունեցել, երբ իրենք ասել են, որ եթե պատերազմից առաջ բնակչությանը վախեցնում էին, որ եթե Արայիկ Հարությունյանը չլինի նախագահ, ապա Նիկոլն Արցախին փող չի տա, հիմա էլ նույն կերպով վախեցնում են, որ ռուսը մեզ ոչ մի բանի տեղ չի դնում և պետք է կատարել ցանկացած հրահանգ, ոչ թե՝ խոսել, բացատրել և հասկանալ իրար։

«Իշխանությունները շարունակում են բնակչությանը վախի մթնոլորտում պահել։ Մենք փաստեցինք, որ վանքի վրա, ի սկզբանե, ընդհանրապես դրոշ չպետք է դրվեր, որովհետև դա դրվել էր պատերազմից հետո, իսկ եթե դրվել է, ապա չպետք է հանվեր, որովհետև հանելը փաստացի պարտության նշան է։ Պետք է պահանջատեր լինել և ռուսական կողմի հետ խաղաղ բացատրելով հասկացնել, որ եթե դա մեր տարածքն է, ապա ինչ խնդիր, կարող ենք մեր դրոշն էլ դնել, ցանկացած սիմվոլ տեղադրել»,- նշեց Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը բորբոքված թողել և հեռացել է, քանի որ համայնքի բնակիչների մոտ ասելիք չուներ։ ԱԺ պատգամավորներն առաջարկել են բանակցություններն այդ ուղղությամբ վարել, սակայն մինչ այս պահը դրոշը չի տեղադրվել։

Դիտարկմանը՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ համայնքապետը, որը կարող էր բանակցել կամ գոնե զրուցել ռուս խաղաղապահների հետ, անգործություն է ցուցաբերել, պատգամավորը դրական արձագանքեց՝ նշելով, որ դա ՊԲ գործառույթների մեջ չի մտնում, պատգամավորը գտնում է, որ դա համայնքապետի գործառույթների մեջ է մտնում, թեկուզ իր միջնորդությամբ զինվորականները կարող էին խոսել ռուս խաղաղապահների հետ։

«Ըստ էության, դա նաև չի մտնում ռուս խաղաղապահների գործառույթների մեջ՝ պահանջել դրոշ դնել կամ հեռացնել՝ հենց մեր հայրենիքում, մեր վերահսկողության տակ գտնվող տարածքում»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ պետք է ուղղակի խոսել մեր առջև ռուս խաղաղապահների հետ, նրանք էլ մարդիկ են, ոչ թե՝ մեզ հրահանգավորողներ կամ հրամաններ արձակողներ, իրենց հետ կարելի է շատ հանգիստ, բարիացակամ և զրուցել, և խոսել, և ցանկացած հարց կարգավորել, ինչը չի արվում, քանի որ իշխանությունների համար սա ևս մեկ առիթ է, որ կարողանան բնակչությանը հեռու պահել ռուս խաղաղապահներից՝ վախի մթնոլորտ ստեղծելով, որ բնակչի մտքով չանցնի, որ ինքն անձամբ կարող է զրուցել, խոսել, իրեն հուզող անվտանգային հարցերը բարձրացնել ռուս խաղաղապահների մոտ։

«Արայիկ Հարությունյանի ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցեցին իրենց ստեղծած փաստի հիման վրա, որ, եթե Արայիկ Հարությունյանը չընտրվի Արցախի նախագահ, Նիկոլն իրենց փող չի տա և հավատացեք՝ ընտրողների մեծ մասը հենց դա իրականում լուրջ ընդունելով՝ ուղղակի գնացին և ընտրեցին Արայիկ Հարությունյանին։ Այժմ նույն կերպով վախի մթոնոլորտ են ստեղծել՝ այս անգամ անվտանգային հարցերով, որ բնակչությանը լռեցնեն և ստրուկի կարգավիճակում պահեն, որ փայտիկի վրա պահված՝ թելից կախված ցանկացած իրենց շարժումն անել տան»,- ընդգծեց Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց, որ այն պարագայում, երբ ադրբեջանցիներն ունեն իրենց ճանապարհը, սակայն ծանր բեռները մեր ճանապարհով են տանում, իսկ երեկ ականատես են եղել ադրբեջանական մեծ շարասյան և արդեն երեկոյան ուշ ժամին, երբ իրենք վերադառնում էին Ստեփանակերտ, մեքենաները դեռ կանգնած էին մեր ճանապարհներին, իսկ ադրբեջանցիները՝ դուրս եկած մեքենաներից։

«Արցախն այդ վիճակում է, բայց Արայիկ Հարությունյանը՝ լայն, հպարտ ժպիտը դեմքին, Արթուր Թովմասյանի հետ Երևանում կանգնած էին Նիկոլ Փաշինյանի կողքին։ Արցախն այդ իրավիճակում է, իրենք չգիտեմ՝ եկել էին այդտեղ ինչ տոնելու կամ ում հետ տոնելու»,- նշեց Հակոբյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն