ՔՊ․ ընդդիմության պատգամավորներին կարելի է զրկել պարգեւավճարներից
Ընդդիմության պատգամավորներին կարելի է զրկել պարգեւավճարներից։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ արձագանքելով ընդդիմության բոյկոտին։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունն անընդհատ պասիվություն է ցուցաբերում, եւ ամեն առիթով բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը՝ փաստացի չիրականացնելով որեւէ գործունեություն։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են մեր ընդդիմադիր գործընկերներն ընդհանուր առմամբ համաձայնել վերցնել պատգամավորական մանդատներ, եթե մտադիր են յուրաքանչյուր հարց քննարկելիս լքել Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Դրանից հետո նրանք հպարտությամբ հայտարարում են, որ պատրաստ են իրենց պարգեւավճարները փոխանցել ուրիշներին: Դե, իհարկե, նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի որ եթե այսպես շարունակվի, նրանք ընդհանրապես պետք է զրկվեն դրանցից»,-ասաց Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը։
«Մենք կարծում ենք, որ Ազգային ժողովի օրակարգում ընդգրկվել է մի հարց, որը չի համապատասխանում ո՛չ երկրի Սահմանադրությանը, ո՛չ Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին: Մենք սա ակնհայտ հանցագործություն ենք համարում եւ, հետեւաբար, այս օրակարգի շրջանակներում քննարկվող բոլոր հարցերը չեն կարող օրինական համարվել»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Իր հերթին, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը միացավ Մինասյանի հայտարարությանը՝ հավելելով միայն, որ իշխանություններն այսպիսով փորձում են լուծել իրենց հրատապ խնդիրները: Մասնավորապես, խոսքը այն գյուղապետերի եւ քաղաքապետերի մասին է, ովքեր դեմ են ներկայիս կառավարությանը։ Այսպիսով, ըստ Մամիջանյանի, նախագիծը պայմանավորված է բացառապես քաղաքական դրդապատճառներով:
Հիշեցնենք, որ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 24-ին խորհրդարանի արտահերթ նիստ կգումարվի՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի քննարկման համար, որը պատգամավորները միանգամից կքննարկեն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի 69 համայնք, Արարատում՝ 105, Արմավիրում՝ 82, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 43, Կոտայքում՝ 30, Շիրակում՝ 40, Վայոց ձորում՝ 5 եւ Տավուշի մարզում՝ 3 համայնք: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ներառել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում ընդգրկված բնակավայրերի ցանկում: Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները շտապում են փոխել վարչատարածքային բաժանումը` խոշորացված համայնքներում առաջիկա ընտրություններում գյուղական ընտրազանգվածի աջակցության շնորհիվ ավելի լավ արդյունքների հասնելու համար։
News.am