Վահրամ Աթանեսյան․ Էլեգիա՝ գրված «թուրք-ադրբեջանական գործակալի» կողմից
Երբ տողերիս հեղինակը համարձակություն ունեցավ ֆեյսբուքյան գրառմամբ ասել, որ 1998-ի իշխանափոխությունը սպասարկել է Բաքվի շահը՝ անկախ նրանից, թե կազմակերպիչները դրան գիտակցաբա՞ր են գնացել, թե՞ քաղաքական անձեռնհասության պատճառով, երկու «շատ պատասխանատու» կայքեր՝ Zham.am-ը եւ 7or.am-ը, հավանաբար՝ նույն կենտրոնի հրահանգով, որովհետեւ տեքստերը իդենտիկ են բառերի ճշգրտությամբ, նրան հռչակեցին «թուրք-ադրբեջանական գործակալ», առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սան (երկրորդ բնորոշումն ընդունում եմ որպես բարձր գնահատանք)։
Ստորեւ բացառապես մեկ՝ ԼՂ անվտանգությանը վերաբերող հարցի դիտարկմամբ կփորձեմ հիմնավորել իշխանափոխության մասին տեսակետս։
Այսպես, ԼՂ կարգավորման 1997թ․ «փաթեթային» տարբերակով ենթադրվում էր, որ «Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային գվարդիա և Ոստիկանական ուժեր: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն իրավունք կունենան ծառայությունն անցկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում»:
Մեկ տարի անց՝ 1998թ․ «Ընդհանուր պետություն» տարբերակով, որը, ի տարբերություն «փաթեթայինի», Հայաստանի կողմից պաշտոնապես ընդունվել է որպես բանակցությունների հիմք, նույն խնդրի կարգավորումը ձեւակերպված է այսպես․ «ԼՂ-ն կունենա Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) և ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեն կամավորության սկզբունքով: Այդ ուժերը չեն կարող գործել ԼՂ-ից դուրս` առանց Ադրբեջանի կառավարության համաձայնության»: Այստեղ անհրաժեշտ է նկատել մի կարեւոր հանգամանք․ «փաթեթային» տարբերակում ամրագրված էր, որ Ադրբեջանը չի կարող ԼՂ-ում եւ վերադարձված տարածքներում տեղաբաշխել ռազմական ուժեր, բացի բուֆերային գոտում (ԼՂ սահմանից եւ բաժանարար գծից դուրս) ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կողմից սահմանված թվաքանակով ոստիկանական ուժերից եւ Իրանի հետ սահմանին սահմանապահ զորքերից։ Ոչ մի խոսք այն մասին, որ ԼՂ-ն չի կարող իր Ազգային գվարդիան եւ անվտանգության ուժերն օգտագործել ըստ անհրաժեշտության՝ առանց Ադրբեջանի համաձայնության։ Ուշադիր եւ անաչառ ընթերցողը, մինչդեռ, կնկատի, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով ԼՂ-ում ադրբեջանական բանակի, ոստիկանության եւ անվտանգության ուժերի տեղաբաշխման հնարավորությունը բացառված չէ։ Ադրբեջանի հետ «ընդհանուր պետություն կազմող» ԼՂ-ին որեւէ կոնկրետ իրավիճակում դժվար չէր լինի «համոզել», որ իր տարածքում ադրբեջանական զորքերի տեղաբաշխումը «խիստ անհրաժեշտություն է»։ Եւ Հայաստանի նոր՝ Տեր-Պետրոսյանին փոխարինած իշխանությունը նման հեռանկարի, ըստ էության, համաձայնել էր։ (Բացառված չէ, իհարկե, որ Ադրբեջանի կողմից այդ տարբերակը նույնպես ընդունվելու դեպքում բուն բանակցությունների ժամանակ հայկական կողմերը բերեին առարկություններ եւ հասնեին ավելի նպաստավոր ամրագրումների, բայց այդ դեպքում Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսներն էլ պետք է ընդունեն, որ «փուլային» տարբերակով էլ շատ հնարավոր էր հասնել Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության ճանաչմանը։ Եթե Ադրբեջանը համաձայն էր ԼՂ հետ հավասար կարգավիճակով ստորագրել հակամարտության զինված փուլը փակող, պատերազմի վերսկսումը բացառող պայմանագիր, ապա ի՞նչը պիտի խոչընդոտեր, որ ԼՂ-ն ստանար անկախ պետության կարգավիճակ)։
Այժմ տեսնենք, թե ԼՂ անվտանգության խնդիրն ինչպես էր ենթադրվում լուծել «փուլային տարբերակով»։
Խնդրեմ․ «ԼՂ իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների անվտանգությունը II հոդվածի համաձայն ուժերի դուրսբերումից հետո ապահովվում է գոյություն ունեցող ռազմական կազմավորումների և ԼՂ անվտանգության կազմավորումների կողմից»։ Ձեւակերպումը նույնիսկ «ոզնու համար» հստակ է՝ տարածքը վերահսկում են ԼՂ իշխանությունները (ինչը բացակայում է «Ընդհանուր պետություն» տարբերակում), վերահսկողությունն իրականացվում է գոյություն ունեցող ռազմական կազմավորումների (լեգիտիմացվում է ԼՂ Պաշտպանության բանակը՝ որպես օրինական ռազմական միավորում) եւ անվտանգության կազմավորումների (ոստիկանություն, ազգային անվտանգություն, փրկարար ծառայություն եւ այլն) միջոցով։
Հարց է ծագում՝ սեփական եւ Ադրբեջանի ու միջնորդների կողմից լեգիտիմ ճանաչված իշխանությունների կողմից սեփական անվտանգության հարցերը սեփական բանակի եւ անվտանգության այլ ուժերի միջոցով լուծող պետական կազմավորումն ինչպե՞ս կարող էր «վերադարձվել» Ադրբեջանին կամ «թողնվել նրա կազմում»։ Բայց դա այլ խոսակցության թեմա է։
Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները կաշվից դուրս են գալիս՝ պնդելով, թե «մադրիդյան սկզբունքները երազանք չէին, բայց միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը ընդունել էին ԼՂ ինքնորոշման իրավունքը»։
Նախ, Ադրբեջանը «մադրիդյան սկզբունքները» հենց առաջին իսկ օրվանից մեկնաբանել է յուրովի՝ «ինքնորոշում, բայց՝ տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Բայց մի րոպե ենթադրենք, որ ԼՂ-ն իրոք ստանում էր միջանկյալ կարգավիճակ, տեղահանված ադրբեջանցիները վերադառնում էին այնտեղ («փուլային» տարբերակով վերադարձի իրավունք տրվում էր միայն Շուշի քաղաքի նախկին ադրբեջանական բնակչությանը, ինչի դիմաց Հայաստանն իր պաշտոնական առաջարկություններում դնում էր Շահումյան հայ բնակչության վերադարձի պայման), տասը կամ քսան տարի այդ իրավիճակը տեւում էր։ Ո՞վ եւ ինչպե՞ս էր կարգավորելու անվտանգության հարցը։ Կազանի համաձայնագրով, որը տողերիս հեղինակին վերագրումներ անողը համարում է «մադրիդյան սկզբունքների բյուրեղացում»՝ այդ մասին ոչ մի խոսք չկա։ Միայն․ «Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ եւ սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների եւ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի»:
Հիմա հարց․ եթե ԼՂ իշխանությունների կողմից տարածքը սեփական բանակի եւ սեփական անվտանգության ուժերով վերահսկելու իրավական ամրագրման հնարավորությունը մերժելուց հետո տասը տարուց ավելի ձգված բանակցությունների արդյունքում անվտանգային հարցում հասնում ենք «Ադրբեջանի ներկայիս (1994թ․ հաստատված) շփման գծից այն կող ռազմական անձնակազմ եւ սպառազինություններ չուղարկելու պարտավորությանը», եւ նույնիսկ այդ պարագայում Իլհամ Ալիեւը ցինիկաբար տապալում է (Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայությամբ) համաձայնագրի ստորագրումը, ապա անբարոյականություն չէ՞ շարունակել պնդել, որ կարգավորման «փուլային» տարբերակը «պարտվողական էր», իսկ «մադրիդյան սկզբունքները»՝ դիվանագիտական «հաղթանակ»։
Հ․Գ․ Քաղաքականությամբ եւ քաղաքագիտությամբ զբաղվողները պետք է մի աքսիոմա իմանան․ իրական կարգավորումն այն է, երբ կողմերը համաձայնում են մի փոխընդունելի տարբերակի։ Սեփական ընկալումները եւ պատկերացումները վերագրել միջնորդներին եւ, մանավանդ, Ադրբեջանին՝ մանիպուլյացիա է, ինչով զբաղվել եւ զբաղվում է 1998թ․ իշխանության եկած կողմը։
Հ․Հ․Գ․ Առկա է մի մանիպուլյատիվ տեսակետ․ եթե «ընդհանուր պետությունը» քիուեսթյան տարբերակը կամ Կազանի փաստաթուղթը բավարարում էր Ադրբեջանին, ապա ինչու՞ Հեյդար եւ Իլհամ Ալիեւները տապալեցին նախնական համաձայնությունները։ Պատասխանը մեկն է․ որովհետեւ նրանք հասկացել էին, որ Հայաստանը խաղաղ-բանակցային, փոխզիջումային կարգավորման պատմական հնարավորությունը մսխել է՝ դրանով իսկ նախաձեռնողականությունը թողնելով Ադրբեջանին, որ իրենց համար բացվել է բանակցություններով կամ պատերազմով առավելագույնին հասնելու դարաշրջանը, եւ աշխարհաքաղաքական միջավայրն ու կանխատեսվող զարգացումներն էլ նպաստում են դրան։
Ահա այսպիսի «էլեգիա»՝ գրված Ստեփանակերտում։
iLur.am