Մի արտահերթ նիստի պատմություն
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր աշխատանքային օրվա ավարտին դիմել էին ԱԺ նախագահին խորհրդի նիստ հրավիրելու, այնուհետև՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով։
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հիմնավորմամբ՝ իրենք ակնկալում էին, որ արտահերթ նիստին պետք է Նիկոլ Փաշինյանը գա խորհրդարան և պատասխանի սահմանին տեղի ունեցող իրավիճակին վերաբերող բոլոր հարցերին, որոնց մինչև օրս պատասխան չի տրվել։
Սակայն արտահերթ նիստ այդպես էլ չկայացավ, և ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժամանակի և ներկայացրած փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով հնարավոր չէր նույնիսկ հարցը քննարկել ու որոշում կայացնել։
«Այդ փաստաթղթին կցված չէ նախագիծը, չկան հիմնավորումներ և այլ պատճառներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Միաժամանակ նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը երեք օր շարունակ լինելու է ԱԺ-ում, քանի որ խորհրդարանում Բյուջեի նախագծի քննարկումն է, իսկ չորեքշաբթի Կառավարության հետ հարցուպատասխանի օրն է։
«Ով՝ ով, բայց պարոն Փաշինյանը մշտապես ներկա է գտնվել և մշտապես պատասխանել է բոլոր հարցերին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի, հակադարձեց, որ որևէ փաստաթղթային խնդիր չկա, պարզապես քաղաքական որոշում է, որը կայացրել է քաղաքական մեծամասնությունը։
«Սա քաղաքական որշում է, տեխնիկական որևէ հարց չկա, ընդդիմության պահանջով հրավիրվել էր խորհրդի նիստ, արտահերթ նիստ հրավիրելու համար, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանը գար և հաշվետվություն տար երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները՝ մերժեց մեր առաջարկը։ Հետևաբար՝ մենք այս իրավիճակում չենք պատրաստվում գալ ու քննարկել բյուջետային կամ ընթացիկ հարցեր, որովհետև մեր երկրի առջև կանգնած օրակարգն այս պահին ուրիշ է։ Երկու խմբակցությունները հայտարարություն կանեն միասին, այս իրավիճակում մենք նպատակահարմար չենք գտնում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մոտ 20 րոպե քննարկումներից հետո ԱԺ Խորհրդի նիստ տեղի չունեցավ։
168.am