Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։

Զոհվածը 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյանն է։

ՊՆ տվյալներով հայկական կողմն ունի նաև 12 գերի և առնվազն 2 մարտական դիրքի կորուստ։ Ըստ ՊՆ֊ի՝ իրավիճակը կայունացել է 18։30-ի դրությամբ՝ ռուսական կողմի միջնորդությամբ։

Այսօր ողջ օրվա ընթացքում Razm.info-ն հրապարակումներ չի արել, քանի որ չափից շատ էին հակասական ու անորոշ հայտարարությունները, այդ թվում` նաև պաշտոնական աղբյուրներից։ Փորձել ենք ամփոփել օրվա իրադարձությունները։

Ո՞ր ուղղությամբ էր հարձակումը

Թե՛ նոյեմբերի 14-ին, թե՛ այսօր մարտական գործողություններն ընթացել են Իշխանասար սարից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում: Ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով հայկական կողմը դիրքային կորուստներ ունի: Ըստ ՊՆ-ի՝ դրանց թիվը 2-ն է:

Կեսօրից հետո ՊՆ-ն հրապարակեց նաև ադրբեջանական զինտեխնիկայի խոցման կադրեր, որոնք տեղորոշվում են վերոնշյալ տարածքում։

Իսկ ադրբեջանական կողմո՞ւմ

Թեպետ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միայն երկու վիրավորի մասին, որոնց վիճակն, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կայուն է, այժմ ոչ պաշտոնական աղբյուրներով հայտնի է դարձել նաև 1 սպանվածի անուն (Ալիև Նաթիգ ” Əliyev Natiq) ադրբեջանական կողմից, որի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել: Ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկությունները կարող են դեռ ավելանալ, հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ՝ սեփական կորուստները թաքցնելու քաղաքականության տարիների փորձը։

Միջազգային հանրություն

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը կոչ է անում Ռուսաստանին՝ երկու երկրի միջև 1997թ֊ին ստորագրված պայմանագրի համաձայն կազմակերպել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Ընդգծենք, որ սա միայն բանավոր հայտարարություն էր, մինչ այս պահը հայտնի տվյալներով հայկական կողմը որևէ գրավոր դիմում չի ներկայացրել Ռուսաստանին, ինչը պաշտոնապես հաստատել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Այնուամենայնիվ, կողմերի միջև եղել են հեռախոսազանգեր, այդ թվում՝ պաշտպանության նախարարների և երկրի ղեկավարների մակարդակով։

ՀԱՊԿ․ նմանատիպ հայտարարությամբ էլ հանդես է եկել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ նշելով, որ Հայաստանը որևէ ուղղով պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ֊ին։

ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը և ՀՀ միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ։

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց էր ունեցել թե՛ Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուի, թե՛ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ։ Բացի այդ, ադրբեջանական կողմում պաշտպանական գերատեսչությունը սահմանային իրավիճակի մասին տեղեկացրել էր նաև երկրում գործընկեր երկրների ռազմական կցորդներին։ Նշենք, որ հայկական կողմի՝ երկրում ռազմական կցորդների հետ հանդիպման մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն