«Լայնամասշտաբ բախումների ռիսկը կապված է ոչ թե կոնկրետ տեղամասերում զորքերի կուտակումից: Եկեք չգնահատենք՝ զորքերի կուտակում կա՞, թե՞ ոչ, դա շատ հարաբերական հասկացություն է: Ես արդեն ասացի, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Իմիջիայլոց, միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, սա է ամբողջ պրոբլեմը»,- այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ իրենց խնդիրն է՝ բոլոր միջազգային լծակները գործի դնելով՝ կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Հարց է առաջանում. ինչո՞ւ է Փաշինյանը միայն հիմա հայտարարում, որ Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, իսկ 2020թ. մայիսին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ իրենք էլ են կառուցողական տրամադրված, Ադրբեջանն էլ, իսկ դրանից առաջ Ալիևին կիրթ և կառուցողական էր համարում:

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է ագրեսիվացել.

«Մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ: Սա մի երկիր է, որը հայկական կողմին մեղադրում էր ագրեսիայի և օկուպացիայի մե՞ջ: Այս իր պահվածքով Ադրբեջանը ցույց է տալիս այն հայատյացությունը, որ այսօր գոյություն ունի. ամեն օր 44-օրյա պատերազմից առաջ և հետո հայատյացություն բոլոր հնարավոր ձևերով, սկսած՝ «Զանգեզուրի միջանցք», «մենք վերադարձել ենք Զանգեզուր», «Հայաստանը մերն է» և այլն: Սա շատ նմանվում է միջազգային խուլիգանության: Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների: Մենք ի ցույց պետք է դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի պետականության, անկախության և ժողովրդավարության:

Այո, ես մասնակցելու եմ ժողովրդավարության գագաթնաժողովին, և սա եմ ի ցույց դնելու, որ կան ուժեր տարածաշրջանում՝ ի դեմս Ադրբեջանի, ովքեր ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների: Եվ միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել՝ ընդդեմ Ադրբեջանի: Նաև սա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը գնացել է Հաագայի դատարան և այնտեղ բավականին հաջող ներկայացրել է հայցը ընդդեմ Ադրբեջանի: Հիմա նաև նախնական որոշմանն ենք սպասում դատարանի, որը կարող է նաև հակամարտության կարգավորման առումով նոր հենք ստեղծել ՀՀ-ի և Արցախի համար»:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն