«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սոցիալ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար, լիբանանաբնակ Ալեքսան Քեոշկերյանը:

Պարոն Քեոշկերյան, հաշվի առնելով Լիբանանում ստեղծված իրավիճակը, կարո՞ղ ենք առհասարակ այնտեղի հայ համայնքից հայրենադարձություն ակնկալել, թե՞ այդ մասին  դեռ վաղ է խոսելը կամ որևէ ձևով դա իրատեսական գործընթաց չէ:

Գիտեք, որ Լիբանանում տնտեսական վիճակը շատ վատ է, մարդիկ լքում են երկիրը: Ընդհանրապես, մենք արտագաղթը չենք քաջալերում, սակայն եթե դա լինի դեպի Հայաստան, դա գնահատելի է: Մենք բարձր ենք գնահատում մեր այն հայրենակիցներին, որոնք ուզում են հեռանալ Լիբանանից և մեկնում են Հայաստան բնակության, այլ ոչ հեռավոր ամերիկաներ և եվրոպաներ: Սա մեր կողմից խրախուսվում է, բայց ընդհանրապես արտագաղթը չի խրախուսվում: Այսօրվա դրությամբ իմ դուստրը և ավագ որդիս գտնվում են Հայաստանում և աշխատում են Հայաստանում:

Իսկ դուք չեք մտածո՞ւմ վերադառնալու և Հայաստանում հաստատվելու մասին, ի՞նչ պլաններ ունեք:

Ոչ հիմա, բայց Հայաստան վերադառնալու ենք:

Ինչպիսի՞ վիճակում է Լիբանանի հայ համայնքը, որքանո՞վ եք մտադիր այդտեղ երկար մնալու: Ընդհանրապես, սոցիալական ու տնտեսական ինչ աջակցություն են նրանք ստանում այդ թվում Հայաստանի կողմից:

Տեղում համայնքի ղեկավարությունը, այդ թվում հոգևոր ղեկավարությունը, անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն համայնքի կարիքները: Դա կարող է լինել դրամական օժանդակության միջոցով, կամ  տարբեր այլ օժանդակությունների միջոցով: Այս տարի  թե եկեղեցապատկան դպրոցները, թե կուսակցություններին պատկանող դպրոցները հայտարարել են անվճար ուսուցման մասին, որ երեխաներն առանց դպրոցի չմնան: Ես կարող եմ ասել Հնչակյան կուսակցության գործունեության մասին, որ մեր դպրոցն ամբողջությամբ անվճար է: Կարծիք կազմելու համար ասեմ, որ Լիբանանում եթե մարդը պետք է մասնավոր դպրոց գնա, յուրաքանչյուր աշակերտի համար պետք է վճարել մոտավորապես 10 մլն լիբանանյան դրամ: Սա օրինակներից մեկն է, երկրորդ օրինակը. Մեր դպրոցը պատկանում է Հայկական կրթական բարեսիրական միությանը, դա մեր կուսակցության բարեսիական միությունն է: Մենք դպրոցի երեխաներին ապահովում ենք ձրի կրթությամբ, նվազագույն գներով առողջության ապահովումը և սոցիալական կարիքները: Մենք ունենք նաև պոլիկլինիկա, որը կոչվում է սոցիալական և բժշկական ծառայությունների կենտրոն: Այնտեղ գալիս են մեր հայրենակիցները և օգտվում են բոլոր այն օգնություններից, օժանդակություններից, որը տրամադրվում է համայնքի միասնական ուժերով: Վերջերս տեղի ունեցավ գումարների բաշխում, ԱՄՆ-ից համահայկական հիմնադրամը մեծ գումար էր փոխանցել: Վստահ եղեք, որ մյուս կուսակցությունները, կազմակերպությունները նույնպես նման քայլեր անում են: Անում ենք ամեն ինչ, որ մեր հայրենակիցները կարողանան արժանապատիվ կյանք ունենալ:

Փաստորեն որոշում կա, որ համայնքը չհեռանա՞ Լիբանանից:

Այո, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հայ համայնքը մնա կայուն, ուժեղ, որովհետև Լիբանանի հայ համայնքը ամբողջ Սփյուռքի համար հատուկ նշանակություն ունեցող համայնք է: Այն շատ քիչ համայնքներից է, որն ամբողջությամբ ներքաշված է երկրի քաղաքական կյանքի մեջ: Մենք ունենք մեր քվոտան երկրի սահմանադրական մարմիններում, լինի խորհրդարանում, լինի կառավարության մեջ, լինի քաղաքապետարաններում: Հետևաբար լիբանանահայության պարպումը Սփյուռքի համար մեծ վնաս կլինի: Մենք երկրի քաղաքական կյանքում լինելով գործունյա համայնք, դրանով նպաստում ենք նաև հայկական հարցերի լուծմանը, Հայ դատի հետապնդմանը, և դրա օգուտը քաղում է և Սփյուռքը, և հայրենիքը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն