Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը հայտարարվեց, որ այս շաբաթ տեղի կունենա հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի նիստը։ Դրանից հետո Աշխաբադում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքը, որտեղ Էրդողանն ու Ալիևը խոսեցին «Զանգեզուրի միջանցքի մասին՝ որպես կատարված փաստի», իսկ Էրդողանն ասաց, որ Սոչիում պայմանավորվել են «Արաքսի երկայնքով» երկաթգիծ կառուցել։

Աշխաբադի հռչակագիրը «բարձր է գնահատել Իրանի տարածքով Պակիստանից Ադրբեջան և Թուրքիա բեռների հաջող փոխադրումը»։ Թուրքիան և Իրանը պայմանավորվել են նաև տարանցման և փոխադրումների համար բարենպաստ պայմանների շուրջ, իսկ Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են գազի սվոփ մատակարարումների շուրջ:

Աշխաբադում ձեռք բերված պայմանավորվածություններով փոխադրումները, այդ թվում՝ էներգակիրների, կանցնեն Իրանի տարածքով, որը համաձայնել է նվազեցնել տարանցման սակագները։ Իր հերթին, Իրանի նախագահը հայտարարել է տարածաշրջանում քաղաքական աշխարհագրության փոփոխության անթույլատրելիության մասին։

Ինչ վերաբերում է «Արաքսի երկայնքով» երկաթուղուն, ապա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը եռակողմ հանձնաժողովում ներկայացնում է Հայաստանը, հայտարարեց, որ «կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում որեւէ արտատարածքային միջանցքի տրամադրում։ Ապաշրջափակման դեպքում և՛ երկաթուղին, և՛ ճանապարհը կլինեն Հայաստանի լիիրավ իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող երթուղիներ»։

«Երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը դեռ քննարկվում են», ասել է Գրիգորյանը:

Այս ամենը տեղի է ունենում դեկտեմբերի 15-ին կայանալիք բրյուսելյան հանդիպման նախօրեին։ Հանդիպումից երկու շաբաթ առաջ Հայաստան է ժամանել Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ում հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է տարածաշրջանային նշանակության հարցեր, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ստորաբաժանումները Close Quarter Battle 2021-ի շրջանակում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Իսկ Ֆրանսիայի Սենատի Հանրապետական խմբակցության Twitter-ում գրառում է արվել, որ Ֆրանսիան պետք է արժանի լինի այն հույսերին, որոնք արթնացել են հայերի սրտում: «Մենք պետք է սատարենք հայ ժողովրդին՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի», նշված է գրառման մեջ։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն