Հայաստանը չի պարտվել, պարտվածը Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյանի ռուսահայաստանն է
Հայաստանի իրար հաջորդած ղեկավարներն իրար «ինադու» ասուլիսների մեջ են․ նախ Սերժ Սարգսյանը, հետո Նիկոլ Փաշինյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ իջնել «շարքային ընդդիմադիրի» վիճակին ու մասնակցեց Ժիրայր Լիպարիտյանով։ Հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մի ասուլիս էլ է տալու հունվարի կեսերին։ Մոտավորապես այդ ժամանակ էլ Քոչարյանն ու ՀՅԴ-ն մտադիր են սկսել «դիմադրության շարժումը»։
Քառյակի ասուլիսամարտի թեման Արցախի օտարումն է՝ բնականաբար փոխադարձ մեղադրանքներով, որոնք հայտնի են բոլորին եւ որոնց մեջ չարժե մտնել։ Կարելի է դա վերագրել քաղաքական գործընթացները պատճառահետեւանքային տրամաբանության մեջ չտեսնելուն, անհամարժեքությանը, սեփական կաշին փրկելու ջանքերին կամ հանրությանը Սարգսյանի նշած հանրահայտ արարածի տեղը դնելուն՝ դրանից բան չի փոխվում։
Այստեղ բանալի բառերն են՝ Արցախի օտարում, իսկ ներքին բանավեճերը Փաշինյան-նախկիններ ծիրում պահելը՝ հանրությանն այդ մտքին համակերպելու տեխնոլոգիական հնարք, ինչը 2018-ից Հայաստանի դեմ կիրառվող ռազմական ու հիբրիդային արշավին կիրառվող մոսկովյան ունիվերսալ սխեմա է՝ Փաշինյանի ու նախկինների «հակադրամիասնությամբ»։ Կամա, թե ակամա են ներքաշված այս շրջանակներն իրենց սպասարկող զլմ-ներով ու փորձագետներով՝ միեւնույն է արդյունքի տեսակետից։ Այդպես մոսկովյան քվոտաներով կազմավորվեց Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան ՀՀ խորհրդարանը, այդպես են «կարգավորվում» մնացած հարցերը՝ հանրությանն անայլընտրանքի, հուսալքության ու ապակողմնորոշվածության մեջ պահելու համար։
Մոսկվայի ծրագրերը՝ Արցախի, Սյունիքի օտարում մարդկային ու տարածքային հսկայական կորուստներով, հայկական սահմանների ու հաղորդակցությունների լիակատար վերահսկողություն, ենթադրում են կախյալ ու կատարածու քաղաքական ղեկավարության եւ խորհրդարանի «ընդդիմության» առկայությունը՝ աշխատանքի ու գործառույթների համապատասխան բաժանմամբ։ Այս հակադրա-միասնության մեջ հակադրա-ն ներքին նողկալի «բանավեճն» է, որից նպատակը հանրությանը «խաղաղ դարաշրջանին» կամ «արժանապատիվ խաղաղությանը» այլընտրանքի բացակայությունը ներշնչելն է, միասնությունը՝ ռուսական ծրագրերին հավատարմությունը եւ Հայաստանը ռուսական ծիրում զմռսելը։ Հակառակ դեպքում, բանավեճերն այլ բովանդակություն եւ ուղղություն կունենային՝ դիմադրության շարժման իրական խնդիրների ու լուծումների, խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունման տեսքով։
Հայաստանը չի պարտվել, պարտվածը Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյանի ռուսահայաստանն է։ 5000 նահատակված հայորդիները բաց են պահում հայկական իրավունքների ու պահանջների դուռը։
Lragir.am