Մի կողմից հասարակությունն է այս երեք տարվա ընթացքում հիասթափություն ապրել Նիկոլ Փաշինյանից, որ նա չարդարացրեց իր հույսերը եւ երկիրն այս վիճակին հասցրեց, մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանի համար է այս երեք տարին եղել հիասթափությունների անվերջանալի մի շարան։

Ամենամեծ հիասթափությունն, իհարկե, վարչապետի պաշտոնի հետ է կապված։ Նա ողջ կյանքում երազել է երկրի ղեկավար լինել եւ նրան թվացել է, թե եթե ինքը լինի նախագահ կամ վարչապետ՝ երկիրը կծաղկի, մարդիկ կսկսեն շատ լավ ապրել, իսկ ամենալավը կապրի ինքն ու իր ընտանիքը։ Արտոնությունների ու վայելքների մի անվերջանալի շարք էր նրան պատկերվում երկրի առաջին դեմքի պաշտոնը․ Իր անվտանգությունը պահպանող ուսադիրավորներ, կառավարական բարեկեցիկ բնակարան՝ ամեն երեխայի համար առանձին սենյակ, տանը սաունա, խոհարար ու ծառայողներ, դրսում սիրուն այգի ու բեսեդկա, որտեղ ընկերներով խորոված կուտեն, կնոջ համար վարսավիրանոց եւ այլն։ Արտերկրյա գործուղումներ, որոնց ժամանակ իրեն ու կնոջն ամենաէկզոտիկ վայրեր կտանեն եւ ամենաօրիգինալ կերակուրները կհրամցնեն։ 

Բարձր կլասի սպասարկող մեքենաներ, Սեւանի ափին ամառանոց, որտեղ Սերժն ու Ռոբերտն են ապրել, ինչն ավելի է թանկացնում այդ ամառանոցի արժեքը։ Բարձր եկամուտներ, իր առաջ պատիվ բռնող գեներալներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլն։ Այս բոլորը հեռվից անչափ գայթակղիչ է թվում եւ Իջեւանում, ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրած պատանու համար ուղղակի երազ, որն իրականություն է դարձել։ 

Բայց ո՞վ զարմանք՝ պարզվեց, որ վարչապետի կյանքը միայն սերն ու իկրան չեն, քծնողներն ու թիկնապահները չեն, մի քանի ուրիշ բան էլ կա, որը չէր նախատեսել Նիկոլ Փաշինյանը։ Որ վարչապետի ուսերին այնպիսի պատասխանատվություն է դրված, որ բազում հարցեր պետք է լուծի, հաճախ սեփական գիտելիքների ու կարողությունների սահմաններից վեր։ Վարչապետի պաշտոնում կարող ես քեզ Գերագույն գլխավոր հրամանատար հռչակել ու պատերազմ տանուլ տալ, կարող են քեզ 5 հազար երեխայի մահվան մեջ մեղադրել, անիծել ու հայհոյել։ Կարող են ներդրումներ չկա, տնտեսությունը կարող է անկում ապրել եւ դու ոչինչ չկարողանաս անել։ Վարչապետի պաշտոնը, պարզվում է, միայն վայելք չէ եւ սա գլխավոր հիասթափությունն է, որ ապրել է Փաշինյանն այս 3 տարում։

Բայց ուրիշ հիասթափություններ էլ է վստահաբար նա ունեցել։ Օրինակ՝ համարել է, որ ինքը մենակով հեղափոխություն արեց եւ երկիրը «փրկեց» Սերժից, իսկ հիմա մի քիչ դժվարություններ կան երկրում եւ մարդիկ իր արածը չեն գնահատում, ոմանք նույնիսկ Սերժին եւ անգամ Քոչարյանին են երանի տալիս։ Ահա այս «ապերախտ» մասսսայից Նիկոլ Փաշինյանն ահավոր հիասթափված է։ 

Նա կարծում էր, որ բոլորը զինվորի պես կատարելու են իր հրահանգները եւ իր բերանին են նայելու, որ խոսի՝ իրենք հիանան ու փառաբանեն։ Բայց պարզվեց՝ կան մարդիկ, որոնք քննադատում են իրեն, իր խոսքերի մեջ սխալներ են փնտրում եւ անգամ՝ սուտ ասելու մեջ են մեղադրում։

Հանրության այս հատվածի «անհասկացողությունից» ու «ստորությունից» էլ է նա հիասթափված։ 

Բայց շատ ավելի մեծ հիասթափություն նա ունի իր թիմից։ Չէ որ համարում է, որ ինքն է այս անհայտ, գջլոտ, չկայացած, գործազուրկների բանակին բերել՝ «մարդ է դարձրել», պաշտոն տվել, փողի ու եկամտի տեր դարձրել։ Նայում է շուրջը, տեսնում է, թե ինչից ինչ են դարձել Արփի Դավոյանն ու Սուրեն Պապիկյանը, Հովիկ Աղազարյանն ու Ռոմանոս Պետրոսյանը, բոլոր մյուսները եւ այդ բոլորն իր շնորհիվ։ Բայց ոչ մեկն իր հույսերը չի արդարացրել, իրեն չի պաշտպանում տարբեր հարձակումներից, անմնացորդ իր կողքին չէ, հավատարիմ չէ, պահը գա՝ բոլորը կարող են դանակը մտցնել իր թիկունքը։ Ինչպե՞ս չհիասթափվես այս մարդկանցից։ 

Հիասթափություններ ունի նաեւ բոլոր այն անձանցից, ում պաշտոնի է նշանակել։ Ինչքա՜ն մարդու է բերել պաշտոն տվել, անգամ նախկիններից՝ Ֆելիքս Ցոլակյանից, Դավիթ Տոնոյանից մինչեւ Արայիկ Հարությունյան, որին Արցախում նախագահ դարձրեց։ Դերասան Կարգին Հայկոն ո՞նց կարող էր Երեւանի քաղաքապետ դառնալ՝ եթե ինքը չլիներ։ Սուրեն Պապիկյանն իր օրում պաշտպանության նախարար կդառնա՞ր՝ այդ միջակ պատմության ուսուցիչը։ Մարտին Գալստյանը՝ ԿԲ նախագահ, Արայիկ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարար, Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարար, Տիգրան Ավինյանը փոխվարչապետ, Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարար եւ այլն, եւ այլն։ Ամբողջ կյանքում գլխավոր մասնագետի կամ վարչության պետի պաշտոնից չէին բարձրանա, եթե ինքը չլիներ։ Իսկ նրանք ինչպե՞ս են փոխհատուցում իրեն՝ ամեն օր հայտնվում են սկանդալների մեջ, գլուխ չեն հանում իրենց գործից, «պադստավա» են անում իրեն՝ իրենց պահվածքով։ Նեղ պահին իրեն չեն պաշտպանում, մի բան էլ ինքն է դեռ նրանց պաշտպանում։ Տեղն եկած տեղն էլ դավաճանում են, ինչպես Հայկոն ու Արայիկը։ Հիմա Փաշինյանը մտածում է՝ էս ապերախտ ազգն արժանի չէ ինձ, ես սրանց համար էսքան բան եմ անում, իսկ սրանք խեղճ, վախկոտ, անշնորհակալ ու դավաճան։ 

Ուրիշ հիասթափություններ էլ ունի Նիկոլ Փաշինյանը։ Թերեւս՝ մանկության ընկերներից, իր ընտանիքից, նախկին գործընկերներից, որոնցից շատերը հիմա իր կողքին չեն, անգամ իր դեմ են։ Հիասթափված է նաեւ այն բոլոր դժվարություններից, որոնք իրեն մատուցել է վարչապետի պաշտոնը։ Ասենք՝ արտաքին հարաբերություններում դժվարություններից, Արցախի հարցի բեռից, թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների, ամերիկացիների պահվածքից, որոնք պետք է իրեն սատար կանգնեին, աջակցեին ու հեշտացնեին իր կյանքը, բայց հակառակն են անում։

Մի խոսքով՝ սա կյանք չէ, այլ տառապանք, մտածում է Նիկոլ Փաշինյանը։ 

Սվետա Մարտիրոսյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն