ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Նրանք հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մասնագիտությամբ տնտեսագետներ, պարտությամբ հպարտներ Բաբկեն Թունյանին եւ Լիլիթ Մինասյանին: Պատգամավորներն ուսանողներին են ներկայացրել երկրի տնտեսությունը զարգացնելու մեխանիզմները:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը 2019 թվականի օգոստոսին առաջարկ հնչեցրեց՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը դնել հանրաքվեի: Պատգամավորը սոցկայքում գրեց. «Ինքս ունեմ իմ մոտեցումն Ամուլսարի հարցում, որը հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա, որը չի փոխվել վերջին մեկուկես տարում, ու որի մասին բազմիցս խոսել եմ։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետեւ կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։ Ես չեմ ուզում, որ իմ հարեւան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»:

Աղմուկ բարձրացավ, ու պատգամավորը մեկ օր անց այլ բան գրեց. ««Անգրագետ Պողոս» ձեւակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր։ Պետք էր հաշվի առնել Հայաստանի իրականությունը, քաղաքականության նկատմամբ մարդկանց պատկերացումներն ու առհասարակ այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք։ Աժիոտաժը նաեւ խորթ էր ինձ համար, որովհետեւ սովորաբար նախընտրում եմ քննարկումները, վիճելի հարցերը, կոնֆլիկտները կարգավորել դիալոգի, կումունիկացիայի միջոցով։ Սա նշանակում է, որ այն մտքերը, գաղափարները, որոնք փորձել եմ տեղ հասցնել հանրությանը, անհրաժեշտ ըմբռնում չեն ունեցել, հետեւաբար մեղավորության ստվար բաժինն իմն է։ Էմոցիան քաղաքականության անբաժանելի մասն է, ուզենք թե չուզենք, աշխարհաքաղաքականության, այսօրվա իրականության շարժիչ ուժը։ Մենք դրա հետ պարտավոր ենք հաշվի նստել, հատկապես երբ կրում ենք բարձրագույն իշխանություն»։ Սակայն «Պողոս» տերմինը մտավ մեր կյանք եւ դարձավ մեր լեքսիկոնի անբաժանելի մասը։

Բաբկեն Թունյանն ընդունեց, որ դրանով չմտածված քայլ է կատարել: Իսկ այդ ժամանակ նա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր: Տնտեսությունը զարգացնելու բոլոր օրինագծերն այս հանձնաժողովով են անցնում: Չմտածված քայլ անելու մասին Թունյանի խոստովանությունից հետո հարց առաջացավ՝ արդյոք նրա ու պարտությամբ հպարտների այլ քայլեր մտածվա՞ծ են: Այս հարցի պատասխանը դեռ չկա: Հիմա նոր հարց ծնվեց. արդյոք Թունյանն ԱԺ այցելած ուսանողներին զգուշացրե՞լ է, որ չկրկնեն իր սխալը՝ չմտածված քայլեր չանեն, չտրվեն սոցկայքերին ու զբաղվեն այն գործով, ինչի համար իրենց վճարում են: Չմտածված քայլեր անողներին մարդիկ չեն վստահում:

Արեգ Մարգարյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն