«Արցախի» փոխարեն ասում են «Լեռնային Ղարաբաղ» եւ հրաժարվում են կրկնել «Արցախը Հայաստան է» արտահայտությունը
Հայաստանի իշխանությունները որդեգրել են ինչպես իրենց խոսքերից ու խոստումներից, այնպես էլ Արցախից ու Արցախի խնդրից վերջնականապես հրաժարվելու հիմնավոր ու հետեւողական քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում որեւէ կերպ չցանկացավ վերահաստատել նախկինում իր որդեգրած դիրքորոշումը, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»՝ հորդորելով գնալ եւ կառավարության ծրագիրը կարդալ։ Երեկ էլ Անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին սորոսական Արմեն Գրիգորյանը նույնը կրկնեց՝ խուսափելով ուղիղ կրկնել Փաշինյանի խոսքերն Արցախի մասով կամ հստակ արտահայտել, թե որն է իրենց դիրքորոշումն Արցախի վերաբերյալ։
Մինչ այդ, սակայն, նրան հարցրինք, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ ինչ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանին, որի մասին տեղեկանում ենք ոչ թե մեր ԱԳՆ-ից, այլ ՌԴ արտգործնախարարից։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանին իրենց ներկայացրած առաջարկությունների փաթեթը վերաբերում է սահմանին իրավիճակի ստեղծմանը, որը, կարելի է ասել, բարենպաստ պայմաններ կստեղծի՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց սկսելու համար։
«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, նաեւ էնպիսի քայլերի կատարումը, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացին անցնել»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ իրենք Բաքվից դեռեւս իրենց առաջարկներին գրավոր պատասխան չեն ստացել։ Հարցրինք՝ ի՞նչ է նշանակում «հայելային տարբերակով հետ քաշվելը», մենք տեղ ունե՞նք հետ քաշվելու, եւ կա՞ն տարածքներ, որտեղ մեր զորքերն առաջ են գնացել, ու Ադրբեջանը համարում է, որ մենք իրենց տարածքում ենք եւ պետք է հետ քաշվենք։
«Իրականում մեր առաջարկության հիմքով առաջ գնալու դեպքում այդպիսի հարց չի առաջանա, որովհետեւ հաշվի ենք առնում Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը։ Այսինքն՝ քարտեզի ոչ թե այս պահին դե ֆակտո գոյություն ունեցող զորքերի տեղակայումով ենք հետքաշման գործընթաց սկսում, այլ հիմքում ընդգրկում ենք Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը, եւ այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում։ Նման դեպքում այդպիսի հարց չի կարող առաջանալ»,- այսպիսի տեքստ ասաց նա։
- Պարոն Գրիգորյան, իսկ բանակցությունների ընթացքում առաջ քաշվո՞ւմ է այն հարցը, որ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով զորքերը պետք է մնային այն դիրքերում, որտեղ այդ պահին փաստացի կանգնած էին։ Դրանից հետո էր, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքի տարբեր հատվածներում առաջ եկավ։ Այս հարցը, ինչպես նաեւ գերիների վերադարձի հարցը, առաջ քաշվե՞լ է, թե ինչու է Ադրբեջանը խախտում եռակողմ հայտարարության պայմանները։
- Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ ձեւով չի առնչվում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, եւ կարգավորումները հենց ԼՂ մասով են։ Սահմանազատման եւ սահմանագծման մեր առաջարկությունները, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ստեղծված դե ֆակտո իրավիճակը, դրանց լուծումներին են միտված։
- Բայց իրենք ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը եւ հետ չեն գնում։
- Իհարկե, նոյեմբերի 9-ի հայտարարությունների դրույթները չեն կատարվում, մենք այս հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ կկատարի այդ դրույթները։
- Երեկ տեղեկացանք, որ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երեւանի պատասխանին։ Կառավարությունը քննարկե՞լ է այս հարցը, եւ այդ պայմանագիրն ինչպիսի՞ նախապայմաններով է կնքվելու, Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ նախապայման կա՞, թե՞ ոչ։ Դուք կարո՞ղ եք վերահաստատել Փաշինյանի խոսքերը՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», եւ որ Արցախի ինքնորոշման հարցը եւ անկախության ճանաչումը գերակա են մեզ համար։
- Վերջին հարցի մասով՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, մանրամասն խոսել է։ Ինչ վերաբերում է առաջին մասին, ապա կարող եմ հետեւյալը նշել, որ մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձեւակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք գտնենք լուծում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, գիտեք, որ ԼՂ խնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ դրա շրջանակներում բանակցությունների եւ քաղաքական գործիքակազմի միջոցով փորձենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնել։ Կան նաեւ բազմաթիվ այլ հարցեր, ինչպես գիտեք՝ ապաշրջափակումը, սահմանազատումը եւ սահմանագծումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ այդ բոլոր հարցերին լուծում գտնելով՝ խաղաղության պայմանագրի հիմքեր է ստեղծում։
- Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն Արցախի հարցից հրաժարվի, եւ այն ամբողջությամբ ընդգրկվի Ադրբեջանի կազմում, այսինքն՝ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մեր մոտեցումը ո՞րն է այս հարցում։
- Մենք բազմիցս ասել ենք։ Դուք ինչո՞ւ եք Ադրբեջանի դիրքորոշումները փորձում առաջ տանել։
- Որպեսզի դրան հակադրենք մերը։ Ես Ադրբեջանի դիրքորոշումն առաջ չեմ տանում, այլ հղում եմ անում նրանց դիրքորոշմանը։
- Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության մոտեցումները սրանք են։
- Որո՞նք են, պարոն Գրիգորյան, ի՞նչն է կաշկանդում Ձեզ՝ հիմա ձեւակերպել մեր մոտեցումը Արցախի կարգավիճակի մասով։
- Կառավարության ծրագրում բառացի ձեւակերպված է, պետք է ուշադիր լինեք։
- Կարո՞ղ եմ խնդրել՝ հիմա նորից ձեւակերպեք՝ մեկ նախադասությամբ։
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որեւէ սահմանափակում չպետք է լինի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնել։
- Ինչպե՞ս եք այդ լուծումը պատկերացնում։
- Կարգավիճակի՝ առանց որեւէ սահմանափակման։ Կառավարության ծրագրում մանրամասն այդ բոլոր կետերը գրված են։
Hraparak.am