Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Ի՞նչ սպասել Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Հունական ասացվածք կա՝ որոշել ես տուն կառուցել՝ ընտրիր հարևանիդ։ Մենք չենք ընտրել մեր հարևաններին, բայց իրենք ընտրել են մեզ։ Հարաբերությունները պետք է լինեն երկուստեք։ Ես չեմ ուզում վատատես լինել, բայց կարծում եմ՝ այս անգամ էլ նրանք կփորձեն նախապայմաններ հրամցնել մեզ։ Մենք էլ պետք է ունենանք մեր նախապայմանները։ Դիվանագիտությունն այնպիսի գործընթաց է, որտեղ ամեն մանրուք շատ կարևոր է, երկրորդական բաներ չկան։Արդյո՞ք հիմա ճիշտ ժամանակն է հարաբերություններ ձևավորելու։ Մեր ազգային, կենսական շահերը պետք է առաջնային կարևորվեն։ 1991թ-ին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց մեկ բան խանգարեց, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեր։ Դա Արցախի հարցն էր, սակայն եթե ուզեր, կարող էր հաստատել։ Թուրքիային հատուկ է մի քաղաքականություն․նա ամեն անգամ նախապայմաններ է դնում, այդ երկրի համար բանակցությունները նպատակ են, ոչ թե միջոց։ Մենք պետք է դա կարևորենք, որ դառնա միջոց»,-Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը ասաց պատմաբան Արշավիր Գասպարյանը՝ համոզմունք հայտնելով, որ բանակցությունների հետագա փուլերին Թուրքիան առաջ է քաշելու իր պայմանները։

«Այս բանակցություններից մեր առավելագույն օգուտը կարող է լինել գոնե ադրբեջանական զորքի Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերումը, մեր գերիների վերադարձը։ Րաֆֆու խոսքերը հիշենք։ Ամենավտանգավորը քաղաքակրթված թուրքն է, որի հետ այսօր գործ ունենք, եւ չստացվի այնպես, որ մի բան ծանր գնով ձեռք ենք բերում, գրչի մի հարվածով կորցնում ենք։ Սա մի բան է նաև ասում։ Մենք երբեք չենք ունեցել դիվանագիտական դպրոց։ Թուրքիան հմուտ բանագնաց է ուղարկել, ազգանունն էլ անգամ խորհրդանշական է՝ Քըլըչ, որ նշանակում է սուր, իսկ մենք․․․»,-ավելացրեց պատմաբանը։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն էլ նկատում է, որ առանց նախապայման տերմինն արդեն իսկ պայման է, բայց հարց է, թե հետկուլիսային պայմանավորվածություններն ինչպիսին կլինեն։ «Այ, թե բանագնացի հարցն ինչքանով էր ճիշտ, դա հարցի մյուս կողմն է։ ՀՀ վարչապետի շուրթերով ասվեց, որ մարդկային գործոնով է պայմանավորված եղել, որովհետև ամբողջ գերատեսչությունն այդ մարդուն է վստահել՝ անկախ նրանից, որ փորձ եւ գիտելիքների բազա չունի։ Բայց այն, որ գերպրոֆեսիոնալ մարդ պետք է լիներ, ինձ հետ բոլորը կհամաձայնեն։ Հեշտ չի լինելու․․․։91թ-ից Թուրքիան 5 պայման է ունեցել՝ ԼՂԻՄ-ից հայկական զորքերի դուրս բերում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այդ թվում՝ Արցախը որպես ադրբեջանական մաս, ցեղասպանության եւ Արևմտյան Հայաստանի տարածքներից հրաժարում։Պատերազմի պատճառով փաստացի որոշ բաներ ավտոմատ դուրս մնացին պահանջից։ Թե հիմա ինչ նախապայման առաջ կքաշեն, մտածենք ինքներս։ Մենք հաստատել ենք խաղաղության դարաշրջան, հետևաբար ցանկացած գնով գնում ենք հարաբերությունների կարգավորմանը։ Մի կրակոցով երկու նապաստակ է խփում Թուրքիան, կգա ժամանակը եւ կհամոզվենք, որ ադրբեջանական շահն է նաև առաջ տանելու, իսկ մենք ի՞նչ ունենք իրենցից ստանալու։ Դա փաստ է, որ մենք կախված ենք թուրքական տնտեսությունից։ Հետագայում ինչքանով պաշտպանված կլինեն մեր ներքին սպառողներն ու տնտեսվարողները։ Գործնականում անխափան ցամաքային ճանապարհ կունենանք, կգնանք Արևմտյան Հայաստան՝ ներդրում անելով Թուրքիայի տնտեսության մեջ, շատերը հանգիստը կանցկացնեն Անթալիայում, եւ շահողն էլի Թուրքիան է լինելու, սպասարկման տեսակետից մենք ավելի տուժող ենք։ Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, այն ուրիշ հարթության վրա պետք է դրվի։ Կարո՞ղ է՝ հրաժարվենք ցեղասպանությունից, սա ածանցյալ պահանջ է նրանց կողմից, որն այս պահին չի մտնում դիվանագիտական հարաբերությունների մեջ։ Միանշանակ, որևէ էտապում մենք մեր պահանջատիրությունը պիտի դրսևորենք։Ուրիշ բան՝ Թուրքիան ինչպես դա կընդունի։ Մեր կողմից դա երբեք չմոռացվող պետք է լինի, բայց կան այլ հարցեր։ Լավ, եթե Թուրքիան էլ ճանաչեց, մենք ինչ ենք պահանջելու, հստակ դեռևս ոչինչ չկա․․․։ Դիվանագիտական այս հարաբերություններում նման լեզվով խոսելը սպառնալիք է, բայց մի բան էլ կա։ Ընկալումը, որ պարտված կողմն ամեն ինչի ընդունակ է, չպետք է արհեստածին ձևով մտցնել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստ։ Մեկ բանում, սակայն, ևս վստահ եմ։ Թուրքիան չի հրաժարվել Մեծ Թուրանի իր գաղափարից, իսկ դրանում Հայաստանը կոկորդին կանգնած է»,-ընդգծեց միջազգայնագետը։

Իսկ ահա պատմաբան Արմեն Սարուխանյանի ընկալմամբ Թուրքիան մեր հակառակորդն է, իսկ եթե հակառակորդ է, ապա որևէ կերպ խաղաղ դարաշրջանի մասին խոսել չենք կարող։

«Եթե խաղաղության դարաշրջան ենք ուզում, որ 29 քառակուսի մետր տարածքի վրա լավ, բարեկեցիկ կյանքով ապրենք, խնդիր չկա։ Բայց մենք խաղատախտակին ոչ միայն խաղացնող, այլև խաղացող էլ չենք։Իսկ զինվորի ճակատագիրը բավականին ծանր է, շատ քիչ է հաջողվում թագուհի դառնալ։ Եթե մենք մեր կշիռը չենք ձևակերպում տարածաշրջունում, ապա ո՞վ ենք այդ օղակի մեջ։ Այստեղ միանշանակ է, այն պետությունները, որոնք շահարկում են այս ամենը, իրենք էլ թելադրում են օրակարգը։ Ոչինչը շատ ծանր է հնչում, բայց ըստ իս, Հայաստանից ոչինչ կախված չէ։Դառնալով ցեղասպանությանը՝ ասեմ, որ մենք այն անընդհատ ընկալել ենք աշխարհին ներկայանալու միջոց, որը իմ կարծիքով սխալ է։ Ամոթ է ասելը, բայց կարծես պարծենանք դրանով։Մենք չեն զգում, թե մեր մենթալիտետին ինչքան է վնասում, մենք ազգ ենք դարձել, եւ այն մեր խորը խնդիրը պետք է լինի»,- կարծիք հայտնեց պատմաբանը։

Քաղաքագետ Արտակ Հովհաննիսյանն էլ վստահ է՝ ցանկացած պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն անհրաժեշտություն է, բայց․

«Սկզբունքային առումով խնդիր չկա։ Նույնիսկ 18-20թվականներին Թուրքիան այստեղ հյուպատոսարան է ունեցել, ավելին, ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի տարբերություն Պակիստանի։ Եթե այս ամենը աշխարհաքաղաքական խաղի մի փազլ է, դա էլ կարող ենք հասկանալ, բայց չստացվի այնպես, որ կա 3-րդ կողմ, որին ավելի ձեռնտու է, քան մեզ։ Եթե սա խնդիր է թուրքական աշխարհը հակակշռել ռուս-չին-իրանականին, եւ ընդհանուր մեծ խաղի մի մաս է, ապա մեզ մնում է՝ այս խաղի մեջ մեր ազգայինը շատ վերցնենք, ոչ թե կորցնենք, հակառակ դեպքում կլինենք մի խաղացող, որին հարմար պահի խաղից դուրս կշպրտեն» ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն