Վերջին շրջանում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացների միաձուլումը որոշ կետերում  ԱԺ ընդդիմությանը  ստիպում է խոսել նոր ձևավորվող օրակարգերի և ձևաչափերի մասին։ Դրանցում, ըստ ընդդիմադիրների, փոխկապակցված են բոլոր հարցերը՝ շփման գծից զորքերի հետ քաշումից մինչև հայ-թուրքական գործընթաց։

Աշխատանքներն արագացնելու ազդակներ Հայաստանն ու Ադրբեջանը ստացել են միջնորդ տարբեր պետություններից՝ մեկը հեռավար հորդոր է, մյուսը՝ քննարկում այցելությունների միջոցով։ Երևանում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ինչ է քննարկվել բարձրաստիճան հանդիպումներում և ի վերջո՝ ինչպես է Հայաստանի իշխանությունը պատկերացնում «հայելային հետքաշում» ձևակերպումը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ստեղծման հորդոր Մոսկվայից՝ մի կողմից, մյուս կողմից՝ Անկարայից հնչած ակնկալիք՝ բանագնացների հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու մասին։

Այս համատեքստում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը համոզմունք է հայտնում՝ գործընթացները միախառնվել են և նույնականացել։

«Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյան․ «Մենք գործ ունենք շփման մի ձևաչափի հետ, որը հայտարարված չէ, բայց որը փաստացի կա՝ իրականում հայ—թուրք—ադրբեջանական, որովհետև Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանը ևս ներգրավված է լինելու, Ադրբեջանի կարծիքը 100%-ով հաշվի է առնվելու այս գործընթացում։ Հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունները պետք է տարանջատվեն հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Հիմա այդ բալանսը խախտված է։ Մենք կողմ ենք կարգավորմանը, եթե դրանք առանց նախապայմանների են։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ իրենք առանց նախապայմանների են բանակցում, դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև թուրքական նախապայմանները դե ֆակտո մեծ մասամբ բավարարվել են, մասնավորապես՝ Արցախի հարցով և դե  ֆակտո Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականության մասով»։ 

Խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը, կեցվածքը և պնդումները հասկանալի չեն ԱԺ փոխնախագահ, Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։



«Հունվարի 14-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակել են մամլո հաղորդագրություններ, որոնցում երկուսում էլ սևով սպիտակին գրված է՝ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։ Մի տեսակ չեմ հասկանում ձեր տրամաբանությունը։ Համ ասում եք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների։ Իհարկե, եթե առանց նախապայմանների, ուրեմն առանց նախապայմանների։ Ինձ մոտ՝ «կողմ լինելով դեմ լինելու» տպավորություն է ստեղծվում, ու դուք, կարծես թե, Դաշնակցությունից չեք։ Չեմ հասկանում»։

Հայաստան-Թուրքիա բանագնացների հաջորդ հանդիպմանն անդրադարձել է թուրքական «Daily Sabah»-ը։ Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը՝ թերթը գրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու բանակցություները պետք է տեղի ունենան երկու երկրներից մեկում, ոչ թե երրորդ երկրում։ Ըստ հրապարակման՝ Թուրքիան նախընտրում է, որ բանակցությունները տեղի ունենան Երևանում կամ Անկարայում, մինչդեռ Հայաստանի պահանջով առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում։

Իսկ Մոսկվայից Հայաստանին և Ադրբեջանին հորդորում են շուտափույթ ձևավորել սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողով, ինչը կարագացնի նաև բուն գործընթացը։ Դրանում առաջընթացը հնարավորություն կտա առաջ շարժվել Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում՝ ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Առաջնային խնդիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում։ Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառմամբ միջադեպեր, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում»։

Այս համատեքստում վերջին շրջանում քննարկվում է շփման գծից զորքերի հետ քաշման հարցը։ Տարաձայնությունները հետքաշման ձևաչափի շուրջ են։ Զինված ուժերի հայելային հետքաշումը ծավալուն քննարկումների և շահարկումների առիթ է դարձել Հայաստանում։ Այն դեպքում, երբ հայտնի չէ՝ գործընթացը ինչ սկզբունքներով, ինչ փաստաթղթերով և ինչ հիմքերով է իրականացվելու, զուգահեռ պնդումներ կան  հստակ բնակավայրերի մասին,  թե դրանք  ենթադրաբար հայտնվելու են չեզոք գոտում։



«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այդ վերլուծությունները և բնակավայրերը չի վկայակոչում, բայց «հայելային հետ քաշման» առաջարկի առնչությամբ հարցնում է․ 

«Որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, հակառակորդը ինքը միակողմանի պետք է հետ քաշվի իր տարածքները և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք։ Ինչպես վերջին հարց ու պատասխանի ժամանակ արտգործնախարարն ասել է՝ ՀԱՊԿ-ում քաղաքական գործընթացներ են սկսել։ Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի, նաև միջազգային բոլոր կազմակերպությունների հետ, որ  աշխատեն և ստիպեն Ադրբեջանին հետ քաշվել։ Ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները օդի մեջ խոսակցություններ են, որովհետև սահմանագծման և սահմանազատման խնդիրները լուծելու համար հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների։ Ադրբեջանը հիմա մեր երկրի համար բարեկա՞մ է՝ իր հոխորտանքներով, իր ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, իր սադրանքներով»։

Հարցի առնչությամբ վերջին պարզաբանումները ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ներկայացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անպաշտպան մնացող բնակավայրերին առնչվող «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Հայկ Մամիջանյանի մտահոգություններին ի պատասխան, նախարարը պնդեց․

Արարատ Միրզոյան ․ «Որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա»։

Հայկ Մամիջանյան ․ «Հետ քաշման մասին խոսելիս, մենք խոսում ենք մինչև՞ 2020-ի դեկտեմբեր եղած իրավիճակի, 21–ի մայիսի՞ դրությամբ եղած իրավիճակի թե 21-ի նոյեմբերի՞ իրավիճակի մասին»։։



Արարատ Միրզոյան ․ «Խորհրդային սահմանների մասին է խոսքը, դրանք են գործընթացում որպես հիմք ընդունվելու»։

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների անհրաժեշտությանը զուգահեռ Ադրբեջանի պահպանվող ագրեսիվ կեցվածքն ու հռետորաբանությունը քննարկման թեմա են  դարձել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի երևանյան այցի ժամանակ։ Արտգործնախարարությունում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցը, ընդգծվել է հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Տոյվո Կլաարը նույն օրը հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը: Տոյվո Կլաարը, ի դեպ, Երևան է ժամանել Բաքվից։ Այցի նպատակը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած հանդիպումներին հետևող քննարկումներ անցկացնելն է։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն