Նորանկախ ՀՀ-ի պատմության բոլոր իշխանությունները կողմնակից են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների, հետևաբար ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը երբևէ չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել և հարցին՝ ի՞նչ նպատակով է իշխանությունը պնդում, որ Ցեղասպանության ճանաչման շարժիչ ուժը եղել է սփյուռքը, գործընթացը սփյուռքին վերագրելով՝ արդյո՞ք իշխանությունը հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացից։ 

«Այս համատեքստում ես միանշանակորեն համաձայն եմ վարչապետի դիրքորոշման հետ և վստահ եմ՝ հենց այս կոնտեքստը նկատի ուներ վարչապետը։ Խոսքը միայն և ամբողջությամբ այս գործընթացը սփյուռքի ներուժին ու գործունեությանը վերագրելու մասին չէ, այնուամենայնիվ, միանշանակ է, և բոլորս կարող ենք արձանագրել, որ սփյուռքի դերակատարումը եղել է ավելի էֆեկտիվ, քան ՀՀ-ինը՝ որպես պետություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի եղել ՀՀ-ի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման»,-ասաց պատգամավորը։ 

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցություններին, Աղաջանյանն արձագանքեց, թե ՀՀ-ն մշտապես հայտարարել է իր դրական վերաբերմունքն առհասարակ տարածաշրջանում խաղաղության առաջմղման օրակարգի վերաբերյալ։ 

«Բնականաբար, վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս  բավականին երկար և համապարփակ քննարկման արդյունքում, երկկողմանիորեն ընդունելի տրամաբանության մեջ, պետք է տեքստի տեսքով հրապարակվի ՀՀ-ի, Ադրբեջանի հասարակության համար։ Այս պահին խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի վերաբերյալ որևէ դետալային քննարկում որևէ ձևաչափով չի եղել, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ այս պահին մենք նույնիսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ դժվարանում ենք կոնկրետ քայլեր իրականացնել։ Այս պահին վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն