2021 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց որոշում 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լուծարման եւ դրա փոխարեն՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի ստեղծման մասին: Նախկին կազմում ներառված էին հետեւյալ իրավաբան գիտնականները․ Անահիտ Մանասյան, Արթուր Ղամբարյան, Արմեն Մազմանյան, Արսեն Թավադյան, Լևոն Գևորգյան, Տիգրան Մարկոսյան։

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն էին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը։ 

Այսինքն, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարվեց եւ սկսվեց նորի ձեւավորման գործընթաց։ Դեռեւս անցած տարի լուրեր տարածվեցին, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներից ոմանք նպատակահարմար չեն գտնում աշխատել այդ կազմի հետ։ Նրանք հատկապես անհամաձայն էին Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին, որը համառորեն առաջ էր տանում իշխանությունը՝ նպատակ ունենալով ազատվել անցանկալի դատավորներից եւ հնազանդեցնել դատական համակարգը։ Ապա նրանք դուրս եկան հանձնաժողովի կազմից, ինչն ինքնաբերաբար հանգեցրեց նրան, որ հանձնաժողովը դադարեց գործել։

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Անահիտ Մանասյանը եւս իր անհամաձայնությունն էր հայտնել Գերագույն դատարանի գաղափարին եւ հետո դադարեցրել իր աշխատանքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Դե իսկ մի քանի օր առաջ ձեւավորված Սահմանադրական խորհրդում այլեւս գիտնական-իրավաբաններ ընդգրկված չեն, նրանք պետք է գործեն աշխատանքային խմբում եւ նոր կազմը դեռեւս հայտնի չէ։ Իսկ նոր խորհրդի կազմը բացառապես քաղաքական է՝ կազմված կուսակցությունների ներկայացուցիչներից, քաղաքականացված ՀԿ-ների նախագահներից եւ գլխավորում է արդարադատության նախարարը։

Մենք փորձեցինք կապվել նախկին կազմի իրավաբան-գիտնականների հետ, սակայն նրանց մեծ մասը հրաժարվեց խոսել։ Մի քանի նախադասություն ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը։ Նրա կարծիքով՝ էթիկապես ճիշտ չէ խոսել կազմում ներառված առանձին անհատների եւ նրանց մասնագիտական որակների մասին։ Վերջինիս պնդմամբ՝ հանձնաժողովը պետք է ունենա մասնագիտական ներգրավվածություն։ Այն հարցին, թե նոր կազմում աշխատելու առաջարկ եղե՞լ է արդյոք, Մանասյանը նշեց, որ հարցի հետ կապված իր մեկնաբանությունն այսքանն էր։

Ըստ էության, սա նշանակում է, որ չի եղել։ Իսկ այն հարցին՝ եթե ներառված լինեիք վերոնշյալ կազմում, դեմ կլինե՞իք կառավարման համակարգի փոփոխությանը՝ նախագահական համակարգին անցնելուն, մեր զրուցակիցն ընդգծեց․ «Կլինեի, բայց սա այնքան ծավալուն թեմա է, իսկ ես հիմա նիստի եմ»։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն