ՔՊ-ական նախկին համայնքի ղեկավարը հրաժարվում է համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել ընտրված համայնքապետին
Շիրակի մարզի խոշորացված Ամասիա համայնքը շուրջ մեկ ամիս է՝ ղեկավարում է «Արփի-Ամասիա» դաշինքով համայնքապետ ընտրված Ջեմմա Հարությունյանը: Բայց, ինչպես պարզվում է, փորձառու համայնքապետը որոշ խոչընդոտների առջև է կանգնել: Կրկնակի խոշորացված համայնքում բնակավայրերի թիվ է ավելացել: Ջեմմա Հարությունյանի խոսքով՝ նախկինում խոշորացված Ամասիա համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների փոփոխություն ինքն անձամբ չի նախատեսել, սակայն Արփի խոշորացված համայնքի վարչական ղեկավարներն աշխատանքից ազատվել են իրենց համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանի որոշմամբ:
Հիմա Ջեմմա Հարությունյանի իրավասությունների շրջանակում է նախկին Արփի խոշորացված համայնքի բնակավայրերում վարչական նոր ղեկավարներ նշանակելը, եւ, ամենայն հավանականությամբ, ազատված վարչական ղեկավարների պաշտոնները կվերականգնվեն: Ամասիայի նորընտիր համայնքապետը նոր նշանակումներ, որոշումներ կայացնելու հարցում կարևոր խնդրի առաջ է կանգնել: Արփի նախկին խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը հրաժարվում է համայնքապետարանի կնիքը հանձնել Հարությունյանին, փաստաթղթերի ընդունում-հանձնում անել նրա հետ:
«Իմ աշխատանքին հիմա դա խանգարում է, որ ընդունում-հանձնում չի արվում: Եթե դատարանում շահեցին, ոչ մի խնդիր չեմ տեսնում, պատրաստ ենք ետ վերադարձնելու»,-ասում է տիկին Հարությունյանը: Համայնքի նախկին ղեկավարի նման պահվածքն օրենքի սահմաններից դուրս է: Մերգել Ղարիբյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց․ «Կնիքն ու փաստաթղթերը չեմ տալիս, այո, որովհետև մենք դեռ դատական պրոցեսների մեջ ենք, ճիշտ է, առաջին ատյանը մերժեց մեր հայցը՝ պատճառաբանելով, թե մենք ավագանու անդամներ չենք, իրավունք չունենք նման հայց ներկայացնել, բայց մենք մինչև Սահմանադրական դատարան գնալու ենք: Ինքը կնիք ունի, մեր կնիքն ի՞նչ է անում, երևի մեր Արփի համայնքի բյուջեն են ուզում օգտագործել»:
Ուշագրավ է, որ Արփիի բնակիչները նույնպես միացել են Մերգել Ղարիբյանին եւ պահանջում են, որ իրենց 9 բնակավայրերի փաստաթղթերը չհանձնվեն Հարությունյանին, համայնքը շարունակի ղեկավարել նախկին համայնքապետը: Նշենք, որ Մերգեյ Ղարիբյանն այս ընտրություններում Ջեմմա Հարությունյանի մրցակիցն էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն:
Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։ «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։ ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին, դիմեցին դատարան՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝ հիմք ընդունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը, և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն։
Hraparak.am