Վահագն Խաչատուրյանը լավագույնս կարող է իրականացնել նախագահի առաքելությունը․ գովելի կլինի, եթե ընդդիմությունը պաշտպանի իշխանության թեկնածուին. Կոնջորյան
Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագրր» խմբակցության հանդիպումը ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի հետ, և կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին ՔՊ խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Ստորագրահավաքը ընթացքի մեջ է, թեկնածության առաջադրման սահմանված ժամկետներում բոլոր փաստաթղթերը կհավաքվեն և և համապատասխան ընթացակարգով մուտք կարվեն ԱԺ»- ասաց Կոնջորյանը։
Վերջինս նշեց, որ Խաչատուրյանի թեկնածությանը դեմ արտահայտվողներ չկային։ «Խմբակցությունը միաձայն է պարոն Խաչատուրյանի թեկնածության առումով, նա թե՛ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության տեսանկյունից, և թե՛ իր կենսագրությամբ, անցած ճանապարհով ու քաղաքական խոհեմությամբ ամբողջությամբ համապատասխանում է թեկնածու լինելու կարգավիճակին։ Հետևաբար` խմբակցությունում միասնական դիրքորոշում կա պարոն Խաչատուրյանին որպես ՀՀ նախագահ առաջադրելու առումով»,– ասաց նա։
«Ես վստահ եմ, որ Վահագն Խաչատուրյանն այն անձն է, որ կարող է լավագույն կատարել այս կարևոր առաքելությունն ու պատասխանատվությունը, նախագահի պաշտոնում նա կունենա համախմբող և նախաձեռնող դերակատարում ու այս համերաշխության համատեքստում, կարծում եմ, որ շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը ևս պաշտպանի իշխանության կողմից առաջադրված թեկնածուին։ Կարծում եմ՝ սա շատ սիմվոլիկ նշանակություն կունենա և հույս եմ հայտնում, որ ընդդիմությունը ևս կպաշտպանի ՔՊ կողմից Խաչատուրյանի առաջադրումը»,– հավելեց նա։
Հայկ Կոնջորյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենք էլ քվեարկել են ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի օգտին։ «Մեզ համար դա որևէ բարդույթ չէ, ավելին՝ մենք որպես իշխանություն, առաջնային պատասխանատվություն ենք կրում մեր երկրի ու ժողովրդի համար ու պատրաստ ենք մի շարք դեպքերում ինքներս անել առաջին քայլը»,- ասաց Հայկ Կոնջորյանը։
Tert.am