Հրաչյա Սարգսյանը ադմինիստրատիվ դեր է տանելու․ Արմեն Կոտոլյան
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից, որը միաժամանկ նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, այսօր հետաքրքրվեցինք՝ Հայկ Մարությանին գահընկեց արեցին, որ նոր քաղաքապետ ունենան, հիմա գո՞հ են նոր քաղաքապետից։
«Նոր քաղաքապետը դեռևս մի ամիս է, որ պաշտոնավարում է, ու դեռ շուտ է ինչ-որ գնահատականներ տալու»,- ասաց նա։
- Մամուլում գրվեց, որ Հրաչյա Սարգսյանն ընդամենը ադմինիստրատորի դեր պետք է կատարեր՝ իշխանություներն այդ ակնկալիքով նրան դարձրին քաղաքապետ, բայց կարծես թե որոշել է իր ձեռքում վերցնել թե կարդային, թե այլ հարցերում վերահսկողությունը։
- Չեմ կարող մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ Հրաչյա Սարգսյանը ադմինիստրատիվ դեր է տանելու, ամեն դեպքում՝ քաղաքապետը պարոն Սարգսյանն է ու իր գործառույթները պետք է իրականացնի։
- Իսկ Հայկ Մարությանից հիմնական դժգոհությունը ո՞րն էր, բացի նրանից, որ ասում էիք՝ խզել էր կապը ավագանու և քաղաքապետի միջև, և հնարավո՞ր է՝ նրա նկատմամբ կոռուպցիոն ինչ որ դրվագներով քրեական հետապնդումներ սկսեն։
- Ես փաստեր չունեմ, եթե նման մտորումներ, փաստեր ունեցող մարդիկ կան, խնդրում եմ՝ դիմեն համապատասխան մարմիններին, եթե ես նման կասկածներ ունենայի, միանշանակ էդ կասկածներս կիսված կլինեի։
- Իսկ Մարությանն իր պաշտոնավարման ընթացքում պայքարե՞լ է կոռուպցիայի դեմ։
- Իհարկե։
- Արդյունավե՞տ է պայքարել։
- Էդ արդյունավետության մասին գնահատական տվողը ես չեմ ու չեմ կարող տալ, ստատիստիկան չգիտեմ, բայց որ պայքարել է, կարծում եմ՝ այո։
- Տեսանք, որ Մարությանից հետո իր նշանակած կադրերը, այդ թվում՝ փոխքաղաքապետ, դիմում գրեցին ու ազատվեցին, կա՞ այստեղ Մարությանի կադր լինելու խնդիրը, որի պատճառով նրանք ազտավում են պաշտոնից։
- Չեմ կարող ասել, չեմ տիրապետում։ Շատ ու շատ աշխատակիցներ մենք ունենք, որ պարոն Մարությանի ժամանակ են նշանակվել ու մինչև հիմա էլ պաշտոնավարում են։ Գուցե կան մարդիկ, ովքեր որ նշանակվել են ու դուրս են եկել։ Բնականաբար, քաղաքապետը, որ փոխվում է, ինքը պետք է իր թիմն ունենա աշխատելու համար։ Ու ոչ միայն քաղաքապետը։
- Ասում են՝ կուրացիան ավելի շատ Տիգրան Ավինյանն է անում, ու հնարավոր է՝ հենց Ավինյանն էլ դառնա փոխքաղաքապետ կամ հետագայում քաղաքապետ։
- Խնդրում եմ՝ էդ հարցը տվեք պարոն Ավինյանին։ Ես չեմ հարցրել պարոն Ավինյանին դրա մասին, ու երրորդ անձանց մասին մեկնաբանություն չտամ։
- Իսկ Հրաչյա Սարգսյանը կպաշտոնավարի՞ մինչև իր ժամկետի ավարտը, թե՞ հնարավոր է՝ արտահերթ ընտրություններ լինեն ինչ-որ պահի, քանզի տպավորութուն է, թե նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված։
- Ես կարծում եմ՝ կպաշտոնավարի, նման խոսակցություն չեմ լսել, որ մինչև ժամկետի ավարտը կարող է արտահերթ ընտրություններ լինեն։
- Իսկ Ավինյանը հնարավո՞ր է՝ նշանակվի փոխքաղաքապետ։
- Ամեն ինչ էլ՝ հնարավոր է, չեմ խոսել այդ թեմայով, չեմ խոստացել, իմ հետ չի քննարկվել այդ հարցը։
Hraparak.am