Այս իշխանությունը ունակ չէ Թուրքիայի հետ հավասարը հավասարի բանակցել․ Րաֆֆի Հովհաննիսյան
Ես պատկերացնում եմ, որ Հայաստան-Թուրքիա շփումը իհարկե կարևոր է միայն առանց նախապայմանների։ Սակայն ես չեմ կարծում, որ այս իշանությունը, այս հռետորաբանությամբ, որը ես լսել եմ վերջին երկու ամսվա ընթացքում, ունակ է հավասարը հավասարի Թուրքիայի հետ երկխոսություն տանել։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Թուրքիան ճանապարհային քարտեզ է հրապարակել, որտեղ խոսվում է միջանցքների ու այլ բաների մասին, իսկ այս արդեն հուշում է, որ Թուրքիան ունի իր նախապայմանային մոտեցումները։ Թուրքիան այո, ասում է, թե գնում են առանց նախապայմանների ճանապարհով, բայց դա իհարկե հենց դա չի նշանակում։ Առանց նախապայմանների հարաբերություններ նշանակում է, որ իրենք դիվանագիտական նոտաներ են փոխանակում ու Թուրքիան միակողմանի բացում է միակողմանի փակած սահմանը։ Շփումները ցանկացած երկրների միջև միշտ էլ ողջունելի են, բայց եթե այդ շփումները կապվում են միջանցքի, Արցախի հարցի ու այլ հարցերի հետ, դրանք արդեն միանշանակ նախապայմանային բանակցություններ են»,- ասաց Հովհաննիսյանը։
Hraparak.am



















