«Բալասանյան դաշինք»-ն ու ՔՊ-ն ֆեյսբուքով են տարաձայնությունները բարձրաձայնում
Մենք այսօր գրել էինք, որ տեղի է ունեցել Գյումրու ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը: Ինչպես նաև նշել էինք, որ չնայած ավագանիների մեծ թվով բացակայությանը , քվորում կար, եւ նիստը կայացավ: Հատկապես բացակայում էին ՔՊ-ական ավագանու անդամները, որոնք քովիդ են վարակվել եւ մեկուսացած են: Նիստին բացակայում էին նաև ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերը, ինչը ավագանու անդամներից ոմանց դժգոհությունը հարուցեց, թե այս դեպքում ովքեր են իրենց փոխարեն պատասխանելու հարցերին։ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը, ավագանու նիստից հետո, ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ նշելով․
«Հարգելի´ գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների կեսից ավելիի մոտ հաստատվել է քովիդ: Այդ իսկ պատճառով այսօր ընթացող նիստին ներկա է ավագանու 5 անդամ:
Համավարակով պայմանավորված` նիստի տեղափոխման առաջարկով նախօրեին գրությամբ դիմել էի քաղաքապետարան: Պատասխանը մինչ այժմ խմբակցությունը չի ստացել» ։
Ուշագրավ է, որ Գյումրու քաղաքապետարանն էլ՝ ի դեմս «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի, ֆեյսբուքյան էջով պատասխանել է Քնարիկ Հարությունյանին։«Ի պատասխան Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի՝ խմբակցության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման՝ տեղեկացնում ենք.
ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 62-րդ հոդված. Ավագանու հերթական նստաշրջանները և նիստերը
1. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին երեքշաբթին։ Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ։
2. Նիստերի օրերը որոշում է ավագանին։
Ըստ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
1.Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարվում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը։
2. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով։
Հստակ է, որ ըստ օրենքի, համայնքի ղեկավարը չի կարող նիստի չեղարկման մասին միանձնյա որոշում կայացնել. գործընթացը կարգավորվում է օրենքի համապատասխան դրույթներով» ,- գրված է քաղաքապետարանի ֆբ էջում։
Hraparak.am