«Սա չափազանց կարևոր գործընթաց է». ամերիկացի վերլուծաբանները՝ հայ-թուրքական բանակցությունների մասին
Հայ-թուրքական կարգավորման բանակցությունների հերթական հանդիպումից առաջ ամերիկացի վերլուծաբանները քննարկում են երկխոսությունն ու դրա հեռանկարները:
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ փետրվարի 8-ին կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զրույցը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այլ հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին»։ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել փետրվարի 24-ին Վիեննայում:
Ինչպես «Ամերիկայի ձայնն» է գրում, German Marshall Fund-ի ավագ վերլուծաբան Ջոնաթան Կացը կարևորում է երկխոսությունը՝ շեշտելով՝ վստահության ամրապնդմանը միտված այս քայլերը կարող են հանգեցնել հարաբերությունների բարելավմանը, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական զարգացմանը, քաղաքական կայունությանն ու անվտանգության ապահովմանը:
«Սա չափազանց կարևոր գործընթաց է դրական ազդակներով։ Անհրաժեշտ է խրախուսել այն։ Հեռանկարում նկատելի է Երևանի և Անկարայի ցանկությունը դանդաղորեն առաջ շարժվել փոքր, բայց կարևոր քայլերով»,- ասում է Կացը:
Գործընթացի կարևորությունն ընդգծում է նաև ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Քենեթ Յալովիցը: Նա հիշեցնում է ավելի քան մեկ տասնամյակ առաջ «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այսօր ունենք այլ իրավիճակ, պնդում է նա՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունից հետո մեծացել է Թուրքիայի դերը հարավկովկասյան տարածաշրջանում:
«Հայաստանին այսօր ձեռնտու է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանզի ցանկացած զարգացում, որը կարող է օգնել Երևանին որոշակիորեն նվազեցնել կախումը Մոսկվայից, հատկապես պատերազմից հետո, դրական է Հայաստանի համար: Երևանի շահերից է բխում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը՝ հավասարակշռություն ապահովելու համար»,- գտնում է Յալովիցը:
Հարավային Կովկասը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազդեցության համար պատմական մրցակցության գոտի է, ասում է նախկին դիվանագետը: Չնայած դրան՝ վերլուծաբանը գտնում է, որ տրանսպորտային ուղիների վերաբացման հարցում Մոսկվայի ու Անկարայի շահերը համընկնում են:
«Ռուսական կողմը ցանկանում է ուղիղ կապ ունենալ Հայաստանի հետ: Խոսքը նաև երկաթուղային կապի վերականգման մասին է, որը կառուցվել էր դեռ խորհրդային տարիներին: Կարծում եմ` Մոսկվան հստակ ցանկանում է դա»,- գտնում է Յալովիցը:
Իր հերթին վերլուծաբան Ջոնաթան Կացը գտնում է, որ Ռուսաստանը հետաքրքված չէ հայ-թուրքական, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմամբ, քանի որ այսպիսով այն կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում, ներառյալ անվտանգության ոլորտում: Ռուսաստանը դեռևս չի հակադրվում, քանի որ կողմերը դեռևս չեն վստահում միմյանց, իսկ ԼՂ հակամարատությունը շարունակում է մնալ չկարգավորված:
hy.armradio.am



















