Երեկ առավոտյան Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին երկրորդ անգամ փորձեց նիստ հրավիրել, իսկ «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների անդամներն ու կողմնակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ՝ այսկերպ քաջալերելով նորընտիր ավագանուն: 

Ավագանու ՔՊ-ական 13 անդամները չեն մասնակցել նիստին, իսկ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որն ամեն կերպ անտեսում է այն հանգամանքը, որ համայնքում իշխանություն է փոխվել, կրկին կողպել է իր աշխատասենյակի եւ նիստերի դահլիճի դռները, բանալիներն էլ չի տրամադրել նոր ավագանու անդամներին: Նրանք կրկին միջանցքում են անցկացրել նիստը, ինչպես նախորդ` դեկտեմբերի 30-ի նիստը, երբ ոստիկանները ներս չէին թողել ավագանուն, եւ Ահարոն Խաչատրյանին քաղաքապետ էին ընտրել բակում: Հետո ՔՊ-ականները մտել էին դատարան եւ չեղարկել նիստի արդյունքները: 

Մեր տեղեկություններով, Վարդենիս համայնքի պարալիզացված վիճակը ոչ մեկին ձեռնտու չէ: Իշխանությունները հանգուցալուծման մի տարբերակ են տեսնում` բազում խողովակներով առաջարկել են ընդդիմադիր դաշինքների ավագանու անդամներին՝ վայր դնել մանդատները եւ նոր ընտրության գնալ: Վերջիններս չեն նահանջում, սակայն այս նիստին նրանք խուսափել են քաղաքապետի ընտրության հարց շոշափել՝ նոր լարումից խուսափելու նպատակով: Մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ականները կրկին կմտնեն դատարան: Ահա թե ինչու օրակարգում ընդամենը մեկ անշառ հարց են ներառել՝ համայնքի ղեկավարին առընթեր խորհրդակցական մարմնի ստեղծում: Սակայն նիստի ընթացքում Ահարոն Խաչատրյանը հայտարարել է, որ մանդատները վայր չեն դնելու:

«Ուղիղ կամ միջնորդավորված արտահերթ ընտրությունների գնալու առաջարկություններին ի պատասխան, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները հայտարարում են, որ մեր օրակարգում չկա մանդատները վայր դնելու եւ արտահերթ ընտրությունների գնալու հարց: 2 խմբակցությունները, չնայած վստահ լինելով, որ վարչական դատարանի կայացրած անհասկանալի որոշումը վարչական վերաքննիչ դատարանում կբեկանվի, բայց հաշվի առնելով Վարդենիս համայնքի պարալիզացված վիճակը, օր առաջ ճգնաժամը հաղթահարելու համար պաշտոնապես հայտարարում ենք, որ չենք դիմելու վարչական եւ վերաքննիչ դատարան»։ Նիստն անցել է անխոչընդոտ, բայց ինչ կլինի հետո, հայտնի չէ: «Այն պնդումը, որ չեք բողոքարկելու դատարանի որոշումը, նշանակո՞ւմ է, որ կարող է այլեւս չընտրեք Ահարոն Խաչատրյանին»․ հարցին դաշինքից պատասխանեցին. «Ոչ մի դեպքում: Մենք կրկին ընտրելու ենք Ահարոն Խաչատրյանին եւ մանդատներն էլ վայր չենք դնելու»

Մինչ ընթանում էր ավագանու նիստը, վարդենիսցիները դուրս էին եկել Վարդենիս-Երեւան ավտոմայրուղի եւ փակել այն: Պահանջը մեկն էր՝ քաղաքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը հանձնել Ահարոն Խաչատրյանին: Հայտարարել էին, որ միայն ռազմական ու շտապօգնության մեքենաներն են բաց թողնելու: «Ահարոն Խաչատրյան» դաշինքը երեկոյան բանակցություններ էր վարում Գեղարքունիքի մարզպետի, մարզային վարչության ոստիկանապետի հետ, որոնք 2 խմբակցությունների ներկայացուցիչներին փորձում էին համոզել` դադարեցնել ակցիան: Ի պատասխան, նրանցից պահանջել են՝ ապահովել հաջորդ նիստի բնականոն ընթացքը: 

«Մեր ամբողջ մտահոգությունն այն է, որ հաջորդ նիստի օրինականության հետ կապված ոչ մի խնդիր չլինի: Այդ նիստը պետք է ընտրի համայնքի ղեկավար, բայց մենք մտածում ենք, որ էլի նույն կինոն են սարքելու, ուստի մեզ պետք է երաշխիք, որ նոր խնդիրներ չեն առաջանա:

Մարզպետարանից մեզ խոստացան, որ մեկ շաբաթվա ընթացքում բոլոր հարցերը համատեղ քննարկումներով կլուծեն: Բանակցություններն այս պահին ներքին խողովակով են ընթանում»,- հայտնեցին «Ահարոն Խաչատրյան» դաշինքից:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն