Ադրբեջանը «վատ ծնող է» փոքր ազգերի համար․ վերջինները կարող են մեզ դաշնակից լինել
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն ու հայկական պատմությունը կեղծելը կարող է զսպվել կամ առնվազն խոչընդոտվել տեղի ազգային փոքրամասնությունների հետ Հայաստանի բարեկամացմամբ՝ ասում են մասնագետները՝ շեշտելով՝ նրանք կարող են դառնալ մեզ դաշնակից։
Այդ երկրում որոշ ազգեր արդեն ձուլվել են ադրբեջանցիների հետ, որոշները շարունակում են ամեն կերպ պահպանել իրենց ազգային ինքնությունը՝ ասում է Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, ում՝ Ադրբեջանի էթնո-ազգային քաղաքականության մասին գիրքը լույս է տեսել օրեր առաջ։
Ինչպե՞ս կարելի է օգտագործել Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներուժը՝ հօգուտ հայկական շահի և պատմական ճշմարտության։
Ադրբեջանի հայատյաց մոտեցումները մեծապես ազդում են նաև այդ երկրում բնակվող այլազգիների՝ ազգային փոքրամասնությունների վրա՝ նրանց մոտ եւս հայերի հանդեպ բացասական կարծիք ձեւավորելով։ Մյուս կողմից նաեւ նրանց հանդեպ ձուլման քաղաքականություն է տարվում։ Ադրբեջանը լավ «ծնող» չէ իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների համար՝ ասում է Գերմանիայի հայ ակադեմիականների միության գիտամշակութային կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանն ու բացատրում՝ «որդեգրված» այդ ժողովուրդների հետ հայկական կողմը շատ աշխատանք ունի։
«Նախ պետք է փոխենք «Ադրբեջանում ազգային փոքրամասնություններ» եզրը՝ տերմինը․ կարող ենք կոչել ոչ թե ազգային փոքրամասնություններ, այլ բնիկ ժողովուրդներ։ Դա կարդինալ տարբերություն է պարունակում, և «ազգային փոքրամասնությունը չի համապատասխանում այդ ժողովուրդների բնորոշմանը, քանի որ նրանք բնիկ ազգերն են այդ տարածքի»։
Որոշ տվյալներով՝ Ադրբեջանի բնակչության մոտ 10 տոկոսն այլազգիներ են՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթարներ, քրդեր, թաթեր և այլն։ Նրանց ընդհանուր թիվն հասնում է մոտ մեկ միլիոնի։ Որոշները ձուլվել են ադրբեջանական ժողովրդին, մյուսներն էլ ամեն կերպ փորձում են պահպանել իրենց էթնիկ պատկանելությունը նույնիսկ ադրբեջանական ճնշումների ու սահմանափակումների պայմաններում։ Ադրբեջանում ապրող այդ ժողովուրդների մտավորականների հետ պետք է կապը սերտացվի, որպեսզի նրանք գան մեր երկիր, օգտվեն հայկական հսկայական արխիվներից՝ ավելի ազատ պայմաններում ուսումնասիրելով բնիկ ժողովուրդների պատմությունը, մշակույթը՝ ասում է Օրդուխանյանը՝ ընդգծելով նաև այդ պատմությունների թարգմանության անհրաժեշտությունը․
«Կզարգանան նաև հայ-ուդական, հայ-թալիշական, հայ-թաթական, հայ-լեզգիական հարաբերությունները։ Բացի դրանից՝ մենք զարկ կտանք նաև իրենց ազգային ինքնությանը, ինչն Ադրբեջանի ներկա դիկտատուրայի պայմաններում անհնարին է։ Այսպիսով կշահենք նաև բարեկամներ, իսկական դաշնակիցներ՝ կվերադառնանք պատմականորեն մեր դաշնակից ազգերի հետ ունեցած լավ հարաբերությունների կարգավիճակին»։
Էթնիկ փոքրամասնությունների հետ բարեկամանալը և նրանց օգնության ձեռք մեկնելը բխում է ինչպես մեր, այնպես էլ իրենց շահերից։ Իսկ գլոբալ առումով սա մեծ ու գովելի քայլ է նաև համաշխարհային քաղաքակրթության ոլորտում՝ համոզված է Ազատ Օրդուխանյանը։ Չէ՞ որ բազմաէթնիկ հասարակություններում ապրելու փորձ մենք ինքներս ունենք, կարող ենք այդ փորձը նույնպես օգտագործել։ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունների հետ բարեկամանալու, ընկերանալու մեկ այլ՝ կարևորագույն պատճառ էլ կա՝ շեշտում է Օրդուխանյանը․
«Որպեսզի շահենք դաշնակից ժողովուրդներ վաղվա հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ գոնե կրճատելով այդ ժողովուրդների ռազմական ներկայությունը ճակատամարտի դաշտում: Բացի նրանից, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը դրանից կթուլանա, կուժեղանան այդ ազգերն իրենց հայրենիքում, բնակավայրերում, և պատերազմի ժամանակ էլ մենք կունենանք ներքին դաշնակից, որը շատ դժվար է ձեռք բերել այլ երկրների հետ ունեցած մեր հարաբերություններում»։
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հեղինակած՝ «Ադրբեջանի էթնո-ազգային քաղաքականությունը և փոքրամասնությունների պատասխանը» նոր լույս տեսած գրքում նույնպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են։ Դավիթ Բաբայանը կարծում է՝ աշխատությունը կհետաքրքրի թե՛ մասնագիտական, թե՛ հանրային շրջանակներին։ Գրքի մի հատվածում դիտարկվում է քրդերի ու թաթերի դերն ու նշանակությունն Ադրբեջանում, որոնք, ինչպես Բաբայանն է ասում, ասիմիլացվել՝ ձուլվել են ադրբեջանական բնակչությանը, բայց փոխարենը նույնիսկ բարձր պաշտոններ են զբաղեցնում երկրում։ Մնացյալ էթնիկ փոքրամասնությունների դեպքում պատկերն այլ է․ Դավիդ Բաբայան․
«Երեք ազգերը՝ ավարցիները, լեզգիները և թալիշները, այս ռազմավարությունն ամբողջությամբ չեն որդեգրել, նրանք պահպանել են իրենց ազգային ինքնությունը և պայքարում են իրենց ինքնության պահպանման համար»։
Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների մասին խոսելիս հեղինակը՝ Դավիթ Բաբայանը, կարևորում է այդ երկրի պատմության ու մշակույթի ուսումնասիրությունն առհասարակ․
«Ադրբեջանագիտությունը, ընդհանրապես, պետք է լինի կարևորագույն ուղղություններից մեկը, որովհետև մենք, ի վերջո, այդ երկրի հետ ստիպված ունենք յուրահատուկ հարաբերություններ։ Դրա համար պետք է լավ ուսումնասիրենք․ իրենք հայագիտությունը դարձրել են ռազմավարական ամենակարևոր ուղղություններից մեկը, ամենակարևոր։ Մենք նույնը պետք է անենք, որպեսզի պահենք այդ պոտենցիալը»։
Գերմանիայում գործող «Հայ ակադեմիականների միություն» գիտամշակութային կազմակերպության նախագահ, պատմագետ Ազատ Օրդուխանյանն իր հերթին կարծում է, որ կարելի է աշխատել նաև Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների երիտասարդական խմբերի հետ՝ կազմակերպել հայ-թալիշական, հայ-ուդական, հայ-լեզգիական հանդիպումներ, ուսանողական քննարկումներ։ Մասնագետը կարեւորում է նաև համատեղ ֆիլմերի նկարահանումը, որոնք կվկայեն և կհիշեցնեն մեր ազգերի բարեկամության, միասին անցած ճանապարհի մասին։ Ազգային ինքնության պահպանման տեսանկյունից սա անհրաժեշտ է այդ ազգերին, իսկ Ադրբեջանին սթափեցնելու, քաղաքական ու մշակութային ճշմարիտ ուղի տեղափոխելու համար՝ մեզ՝ հայերիս։
hy.armradio.am