Երբ դու թիրախավորում ես ընտանիքն ու երեխաներին, դու այլևս քաղաքական գործիչ չես, դու նույնիսկ «փողոցային» չես, դու պարզապես սրբություն չունեցող պիղծ մանիպուլյատոր ես
Սույնի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված հիստերիկ ոռնոցը ոչ թե ուժի, այլ կատաղի վախի և բարոյական սնանկության ցուցադրություն էր։
Նա, ով պարտվել է բոլոր ճակատներում՝ դիվանագիտությունից մինչև ռազմադաշտ, ով ոչ միայն հայրենիք է հանձնել, տասնյակ հազարավոր տղաների գլուխ կերել ու ճողոպրել է արդարացի հատուցումից, հիմա փորձում է իր «հերոսությունն» ապացուցել ուրիշի զավակներին սպառնալով։
Սա այն նույն «դուխով»-ն է, որն Ալիևի առաջ ծակը մտած մուկ է, իսկ սեփական երկրում՝ «բռնող-բերող» ու «չոքացնող»։
Պատկերացնու՞մ եք ողբերգության մասշտաբները, երբ երկրի փաստացի ղեկավարը նախընտրական քարոզարշավում զբաղված է ոչ թե ծրագրեր ներկայացնելով, այլ «վրեժխնդրության մենյուն» հանրայնացնելով։
Օգտագործելով փողոցային ժարգոնը սա ոչ թե Ծառուկյանին կամ Քոչարյանին է հարվածում, այլ վերջնականապես ցեխն է մտցնում ՀՀ վարչապետի ինստիտուտը։
Երբ սպառնում է «վզից բռնած բերել» ուրիշի որդուն՝ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ իրավապահ համակարգն իր համար ընդամենը անձնական հաշվեհարդարների գործիք է։
Պատահմամբ երկրի ղեկավարի աթոռին հայտնված իսկական բոմժի հոգեբանություն, որն իշխանությունը չարաշահում է սեփական բարդույթները «բուժելու» համար։
«Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ չի փրկելու։ Չոքացրած բոլորիդ բերելու ենք պատասխանատվության։
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և բերելու ենք ենթարկենք պատասխանատվության։ Բռնելու ենք, բերենք, լակոտ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու»։
Սրա պլեբեյական բառապաշարում «պատասխանատվություն» բառն այլևս իրավական տերմին չէ, այլ «վզից բռնած բերելու» և «չոքացնելու» սպառնալիք՝ համեմված փողոցային էպիտետներով։
Սա երկրի ղեկավարի ելույթ չէ, սա պարտված, վախեցած, իրավական հունից դուրս եկած ու անկյուն քշված թշվառականի հիստերիկ ճղճղոց է, որը փորձում է ուժեղ երևալ՝ օգտագործելով ուժային կառույցները որպես սեփական քմահաճույքների «մատուցող»։
Ներկայացված ոռնոց-այլանդակության ֆոնին Գագիկ Ծառուկյանի արձագանքը դարձավ այն ջրբաժանը, որը ցույց տվեց քաղաքականության և «քաղաքական գռեհկության» տարբերությունը։
«Ես իմ «կլասը» չեմ գցելու» ձևակերպումն ընդամենը պատասխան չէր, այլ արձանագրում՝ նույնիսկ ամենաթեժ պայքարում կան կարմիր գծեր՝ ընտանիք, երեխաներ, ծնողներ, որոնք անձեռնմխելի են ցանկացած տղամարդու, հատկապես, քաղաքական գործչի համար։
Մինչ մեկը խոսում է «կլասի» ու մարդկային արժեքների մասին, մյուսը հրապարակներում «վիզ է պոկում» ու «լակոտներ» փնտրում։
Սա է այն ողբերգական ընտրությունը, որը մեզ պարտադրված է քարոզարշավի խառնափնթորում․ կա՛մ վերադարձ տարրական մարդկային ու քաղաքական կանոններին, կա՛մ վերջնական անկում դեպի այն անդունդը, որտեղ պետությունը ղեկավարվում է «վզից բռնելու» և «չոքացնելու» տրամաբանությամբ։
Կա քաղաքականություն, և կա թափթփվածություն։
Կա տղամարդկություն, և կա պոռնկություն։
Երբ դու թիրախավորում ես ընտանիքն ու երեխաներին, դու այլևս քաղաքական գործիչ չես, դու նույնիսկ «փողոցային» չես, դու պարզապես սրբություն չունեցող պիղծ մանիպուլյատոր ես։
Փաշինյանն այսօր ապացուցեց մի պարզ ճշմարտություն. նա ի վիճակի չէ պետություն կառավարել, նա միայն ի վիճակի է քանդել ու պառակտել։
Պատմությունը, սակայն, բազմիցս է ապացուցել՝ ովքեր փորձում են բոլորին «չոքացնել», ի վերջո իրենք են «չոքում» հենց իրենց հորինած «փողոցային» օրենքներով։






































