ԳԱԱ Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականները դեմ են ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելուն։ Նրանք համոզված են, որ կենտրոնի մասնաշենքերն ու բազմաֆունկցիոնալ համալիրը անհամատեղելի են։ Համալիրը, ըստ գիտնականների, կառուցվելու է ինստիտուտի համար կարևոր ջրավազանի տարածքում, որը վաղուց դատարկ է։ Տնօրինությունը ստացել է ահազանգ, որ կիրակի լուսադեմին կենտրոնի պարիսպի մի հատված հանվել է, ու կառուցապատողը դրել է իրենը՝ որպես մուտք։ 

«Երեկ մեզ ահազանգեցին, առավոտյան ժամը 6-ին մոտ։ Իրենք եկել են, ծանր տեխնիկայով սկսել են պարիսպը քանդել, որը մեզ է պատկանում»։

Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հինգ մասնաշենքերի կենտրոնում, գիտաշխատողների խոսքով՝ քիմիայի ինստիտուտի սրտում, բազմաբնակարան համալիր են կառուցելու։ Կենտրոնի արտադրության գծով փոխտնօրեն Արմեն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ին հայտնեց, որ համալիրը կառուցվելու է ինստիտուտի՝ վաղուց անջուր մնացած ջրավազանի տարածքում․

«Լողավազանը պատկանել է ինստիտուտին։ Դա շատ երկար պատմություն է։ Մի քանի անգամ վերավաճառվել է, և, այս կառուցապատողը, ճիշտ է, ուզում է իր հողում ինչ-որ բան սարքել։ Բայց սա ճարտարապետական կառույց է, սա գիտություն է։ Ի՞նչ է նշանակում հյուրանոցային բնակելի տարածք։ Ես չեմ հասկանում այլ վայր չկար, որ հենց ինստիտուտի սրտում են դա բերում կառուցում»։

Գիտնականները մտահոգված են․ ինստիտուտի բակում բնակելի կառուցելով՝ աղճատելու են ամբողջ մերձակա տարածքը։ Բայց սա միակ մտահոգությունը չէ․ քիմիական ինստիտուտի տարածքում կառուցվող շենքը վտանգավոր է լիելու հենց այնտեղ բնակվողների համար․

«Եթե լաբորատորիաներից մեկից  թեկուզ մեկ միկրոբ դուրս գա և վարակի տվյալ շենքի բնակիչներին, իսկ նրանք էլ ամբողջ քաղաքը, հանրապետությունը, ի՞նչ է լինելու։ Եթե բնակիչները բողոքեն ինչ-որ հոտից, պետությունը այդ հարցը ո՞նց է լուծելու։ Լաբորատորիայի մեջ, ախր, բնակելի շենք չեն սարքում։ Մի օր որ քիմիական պահեստը պայթի, այդ շենքը չգիտեմ՝ ինչ կլինի»։

«Եթե չաշխատող գիտությունն ինչ-որ տեղ կարելի է անտեսել, ապա աշխատող գիտությանը վնաս տալն արդեն  հանցագործություն է»,-ասում է գիտությունների դոկտոր Սամվել Սիրականյանը․

«Մինչև հիմա այս ինստիտուտում հսկայական գործեր են  կատարվում,  4 դեղամիջոց ուժի մեջ է, պատերազմի ժամանակ օգտագործվել է կապրոֆերը, որը արյուն դադարեցնող միջոց էր։  Հիմա էլ մեր ինստիտուտը առաջնահերթ տեղում է։ Սա հումանիտար, բայց քիմիական ինստիտուտ է, որի տարածքում չի թույլատրվում սեփական շենքեր կառուցել»։



Ինստիտուտի տարածքում այլ շինություն կառուցելու վտանգների մասին գիտնականները էլի են խոսել։ 2007թվականից վաճառված ու երկու սեփականատեր փոխած ծրագիրը արդիական դարձավ, երբ ամիսներ առաջ ներդրումային մի քանի այլ ծրագրերի հետ քննարկվեց կառավարությունում։ Մինչ գիտնականները ահազանգում են բնակելի շենք կառուցելու ռիսկերի մասին, կառուցապատողը խնդիրը տեսնում է միանգամայն այլ՝ պատմամշակությային ջրանցքի պահպանության դաշտում։  Հենց այս տարածքով է անցնում պատմական Աբու Հայաթի ջրանցքը։ Ավելի վաղ Ներդրումների աջակցության կենտրոնի ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության ղեկավար  Գոհար Գալյանը «Ռադիոլուր»ին հավաստիացրել էր, որ ներդրողը պատրաստ է վերականգնել նաև այդ ջրանցքը։ Օտարերկյա  ներդրողները 10 մլն դոլար ներդրում ու 220 աշխատատեղ  են խոստացել։ Եթե խնդիրները շարունակվեն, ապա ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժ։

«Իրենք օտարերկրյա ներդրողներ են, շատ երկար չեն կարող համբերել, իրավունքի ուժով կարող են  դիմել արբիտրաժային դատարան, որը պետության համար կրկնակի  մեծ կորուստների կարող է հանգեցնել։ Եթե ներդրողը 10 մլն դոլարի ներդրում է ցանկանում անել, ունի կառուցապատման թույլտվություն, սակայն իրեն թույլ չեն տալիս, եթե դիմեց արբիտրաժ, գործը կշահի ու պետությունը պարտավորված կլինի նրան վճարել, որովհետև խոսքն օտարերկրյա կապիտալի մասին է»։

Գիտաշխատողներին, սակայն, անհանգստացնում է ոչ այնքան ջրանցքը, որքան բազմաֆունկցիոնալ համալիրը՝ քիմիական մասնաշենքերի կենտրոնում։  Նրանք դեռ հույս ունեն, որ իրենց ձայնը կհասնի պատկան մարմիններին, և բնակելիի կառուցման ծրագիրը կկասեցվի։ Բայց կիրակի առավոտ պարզվեց, որ կառուցապատողը գիտատեխնոլոգիական կենտրոնի ցանկապատի մի հատվածը արդեն կտրել է՝ փոխարենը դնելով իրենը՝ որպես մուտք։  Մի տնակ էլ տեղադրել է ջրավազանի մեջ՝ իբրև հուշում, որ տարածքն արդեն նոր սեփականատեր ունի։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն