Քննիչ հանձնաժողովն ապավինում է հանրային ճնշմանը․ քննությունը կարող է հասնել մինչև Պակիստան
44-օրյա պատերազմի հանգամանքները պարզելու համար ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստն է հրավիրել։ Միայն այս նիստը անցկացվել է դռնբաց, հետո հանձնաժողովը կաշխատի դռնփակ ռեժիմով։ Ընդդիմության ներկայացուցիչները մասնակցել են նիստի սկզբի հատվածին և լքել են դահլիճը։ Փոխադարձ մեղադրանքները՝ առանձին հրավիրված ասուլիսներում, չեն ուշացել․ ընդդիմությունը չի վստահում իշխանության օբյեկտիվությանը, իսկ խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմության պահվածքը համարում է ապակառուցողական։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրավիրվի Աժ՝ քննիչ հանձնաժողովում պարզաբանումներ տալու, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ այս հարցում կաշկանդված չեն։
«Այն էլ ոնց, քանի ժամ ուզում էին, ինչ հարց ուզում էին, այսպիսի բացառիկ հնարավորություն։ Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը։ Բա այդպիսի հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերները ո՞նց իրենց ձեռքից բաց թողեցին»։
44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտելու հարցում խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունը ընդհանուր եզրեր չգտան։ Քննիչ հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մնաց միայնակ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնապես հայտարարեցին՝ հրաժարվում են այդ ձևաչափով աշխատելուց։ Որպես պատճառ՝ ընդդիմությունից Տիգրան Աբրահամյանը նշում է անվստահությունը՝ իշխանության հանդեպ։ Ընդդիմությունը պնդում է՝ պատերազմի հանգամանքները իշխանությունը կարող էր պարզել իրավապահ տարբեր մարմիններում իրականցվող քննություններով, կասկածում են, որ քննիչ հանձնաժողովը իշխանությունը կօգտագործի այլ նպատակով։
«Սա ուղղակի բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորների»։
«Քաղաքական բոյկոտով քննիչ հանձնաժողովի աշխատանքը ստվերել չի հաջողվի»,-համոզված են խորհրդարանական մեծամասնության պատգամավորները։ Գտնելու են իրավական լուծումներ, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցի շահագրգիռ կողմերը հնարավորինս շատ լինեն,-ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը․
«ՀՀ-ում վստահելիության ցուցիչը Արթուր Ղազինյանի ու Գեղամ Մանուկյանի մասնակցությունը չէ։ Այդ հանձնաժողովին, բացի իշխանության պատգամավորներից, մասնակցելու են թե՛ փորձագետներ, որոնք հեղինակություն ունեն հանրության շրջանում, թե՛ զոհված զինծառայողների ծնողներ, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ»։
Այս մասնակիցների ցանկը, սակայն, դեռ հստակեցված չէ։
Նորաստեղծ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը տարբեր գործեր քննելու փորձ արդեն ունի՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ էր՝ փորձագետ։ Ղեկավարել է 2016-ի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Երկուսն էլ գործել են ԱԺ-ում։ Կողմնակալության մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ երկու դեպքում էլ իր աշխատանքով կարևոր փաստեր է բացահայտել։ Քառօրյա պատերազմի քննության 97 էջանոց եզրակացությունը, որն այդպես էլ հանրությանը չներկայացվեց, Քոչարյանն ասում է՝ ցանկանում է հրապարակել, բայց ԱԱԾ-ն, ՊՆ-ն և ԱԳՆ-ն չեն թողնում․ փաստաթղթում գաղտնիություն պարունակող հատվածները շատ են։ Փորձելու է կրկին դիմել այդ կառույցներին՝ առանցքային բացահայտումները հրապարակելու թույլտվություն ստանալու համար։ Քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին չի հաջողվել լսել միայն մեկ պաշտոնյայի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը այդպես էլ չարձագանքեց հանձնաժողովից ստացվող հրավերներին։
Նոր քննիչ հանձնաժողովի դեպքում Անդրանիկ Քոչարյանը ապավինում է հանրությանը․ հուսով է, որ կլինի հանրային ճնշում, որը կօգնի իրենց աշխատանքին․
«Ապրիլյանի ժամանակ բարոյական ճնշումը շատ մեծ էր, և այնտեղ մեկ հոգի չկարողացավ գալ։ Այստեղ, ես զգում եմ, որ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենց էլ է առնչվելու, ու պիտի այնպես անեն, որ իրենց չգալը լինի լեգիտիմ։ Ասեմ, որ իշխանությունը ինքն իրեն կքննի երկու տարվա կտրվածքով, բա մնացա՞ծը։ Այս պարտությունը մեկ օրում չի ծնվել։ Այս պարտությունը անընդհատ մենք կերտել ենք հոկտեմբերի 27-ից հետո շարունակաբար։ Եկեք հասկանանք։ Դրա համար բանակցային գործընթացում էլ կա ուսումնասիրելու խնդիր»։
Խորհրդարանական ընդդիմությունը արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց նրանք նաև վստահ են, որ երբ ցանկանան, կմասնակցեն իրենց հետաքրքրող նիստերին։ Մինչդեռ հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ հրաժարվելով աշխատանքներից, ընդդիմադիրները կորցնում են դրանց մասնակցելու բոլոր հնարավորությունները։
Անդրանիկ Քոչարյան. «Ես չհասկացա, դուք ըստ ձեր ցանկությա՞ն եք որոշելու՝ որ նիստերին մասնակցեք, որոնց՝ ոչ։ Այդպես չի լինում, մենք իրավական որոշում պետք է կայացնենք ձեր չմասնակցության մասին, որովհետև հանձնաժողովը իր աշխատանքը պետք է կազմակերպի»։
Գեղամ Նազարյան. «Մենք հանդիսանում ենք այդ հանձնաժողովի անդամ, որովհետև այդ հանձնաժողովը ընդգրկում է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ամբողջությամբ»։
Գեղամ Մանուկյան. «Անդրանիկ Քոչարյանը շատ բան կարող է մեկնաբանել։ Մենք կգտնենք ձևաչափերը, թե ինչպես կարող ենք վերահսկել, ծանոթանալ քննիչ հանձնաժողովում քննվող հարցերին, հարցաքննություններին։ Դեռ հայտնի չէ, թե ով կհամաձայնի ընդհանրապես նման սուբյեկտիվ ֆունկցիաներով և սուբյեկտիվ դիրքորոշմամբ հանձնաժողովի նիստերին ներկայանալ և բացատրություններ տալ։ Բայց վստահեցնում ենք, որ կգտնենք»։
Արդեն հիմա պարզ է, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունում հատուկ կարծիք հայտնելու իրավունքից ընդդիմադիրները զրկվում են՝ աշխատանքներին չմասնակցելու որոշման պատճառով։
Ուշագրավ է նաև քննիչ հանձնաժողովի պաշտոնական անվանումը, ինչն ունի հստակ բացատրություն։ Քննիչ հանձնաժողովը պաշտոնապես կոչվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով։ Ում կողմից էր սանձազերված պատերազմը՝ նշված չէ։ Անդրանիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ դա նույնպես պետք է պարզեն, քանի որ պատերազմական գործողությունների ժամանակ բազմիցս խոսվել է բացի Ադրբեջանից նաև ահաբեկիչների, Թուրքիայի և անգամ Պակիստանի մասնակցության մասին։
hy.armradio.am