Երևանում նոր աղբավայր կառուցելու համար քաղաքապետարանը մրցույթ է անցկացնում։ Ընթացքի մեջ է երկրորդ փուլը։ Քաղաքային իշխանությունը նախատեսում է ամբողջությամբ փակել Նուբարաշենի գործող աղբավայրը, իսկ աղբը օգտահանել։ Նոր աղբավայրը տարբեր է լինելու եղածից։ Նախագծի արժեքը 26 մլն եվրո է, որից 8 միլիոնը վարկ են վերցնելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, ևս 8 միլիոնը՝ Եվրոպական ներդրումային բանկից։ Նոր աղբավայրի կառուցմամբ, սակայն, ըստ բնապահպանի,  աղբանոցների  խնդիրը չի կարող լուծված համարվել։

Նուբարաշենի աղբավայրի փրկության հերթական ծրագիրն է մշակվել։ Հարակից 29 հեկտար  տարածքում ժամանակակից չափանիշերին համապատասխան նոր աղբավայր կկառուցվի։ Աղբավայրի նախագծման, կառուցման, Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման շինարարական  աշխատանքների իրականացման մրցույթի առաջին փուլն ավարտվել է, հայտարարվել է երկրորդը։ Քաղաքապետարանին «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ եղած  աղբավայրերի տարածքն ամբողջապես ծածկվելու է, նախատեսում են կուտակված աղբից ստանալ էլեկտրաէներգիա։

«Աղբավայրում տեղադրված աղբն օրական կտրվածքով ծածկվելու է գրունտով՝ բնապահպանական ռիսկերի կառավարման նպատակով: Այստեղ կառուցվելու են նաև գազի կուտակման համար անհրաժեշտ հորեր, խողովակներ, ավելցուկ գազի այրման սարքավորում, ինչպես նաև տեղադրվելու է էլեկտրաէներգիայի ստացման համար անհրաժեշտ գեներատոր»։

Նոր աղբավայրի հատակն ամբողջապես ծածկվելու է անջրաթափանց շերտով։ Նախագծի հեղինակներն ասում են, որ դա չի թողնի, որ կեղտաջրերը ներթափանցեն մայր գրունտ։ Առաջացած կեղտաջրերը մաքրվելու են հատուկ կայանում, որը նոր է կառուցվելու։ Տարածքում կկառուցվեն նաև այլ շինություններ։

Նուբարաշենի աղբավայրը հանրապետությունում ամենախոշորն է՝ 52,3 հեկտար տարածքով։ Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ այն գրունտով ծածկելով հնարավոր չէ աղբի  հետքը վերացնել։ Նուբարաշենի աղբավայրում կան թունավոր նյութեր, որոնք անձրևների հետևանքով կարող են ներթափանցել հողի շերտ և գնալ ստորգետնյա ջրեր։ Ըստ բնապահպանի աղբավայրի կոնսերվացման մեկ տարբերակ կա․

«Հատուկ կոնտեյներներ են պատրաստվում, ու աղբը փակ տարածքներում պահվում է այդ փակ  կոնտեյներների մեջ։ Հայաստանում դա պահելու այլ տարբերակ մենք այսօր չունենք։  Մյուս տարբերակն այն է, որ մենք հույս ունեինք, որ այդ նույն կոնտեյներներով աղբը դուրս կբերվեր երկրից»։

Բնապահպանը հիշում է աղբավայրին վերաբերող ծրագրերից մեկը․ առաջարկվում էր  Նուբարաշենի աղբավայրի աղբը կոնտեյներներով հանել երկրից։ Ծրագիրը, սակայն, կասեցվեց․ վրացական կողմը թույլ չտվեց իր տարածքով թունավոր նյութեր անցկացնել։ Մինչև աղբը չդառնա տնտեսության զարգացմանը նպաստող միջոց, որևէ նոր ծրագիր արդյունք չի տա,-ասում է բնապահպանը․   

 «Նոր աղբավայրը պետք է լինի կենցաղային և հեռու բնակավայրերից։ Աղբավայրի վիճակը կախված է մեր աղբի որակից։ Եթե մենք պլաստիկն ու ցելոֆանները մեջտեղից հանում ենք  և սկսում ենք  վերամշակել, ապա այդտեղ  օրգանիկ աղբը հեշտ է պահել, որովհետև տարիների ընթացքում լուծվում է բնության մեջ։  Եթե աղբը չդառնա տնտեսությունը զարգացնող  միջոց,  ապա ոչ մի բան էլ  չի փրկի»։

Փոքր տարածքում աղբից ազատվելու միակ տարբերակն աղբի տեսակավորումն է, ասում է Սիլվա Ադամյանը։ Հայաստանում նման աղբամաններ կան, սակայն, չեն ծառայում նպատակին։ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Հայաստանում գույքագրված 300 աղբավայրերի նոր մոնիթորինգ իրականացնել։ Արդյունքները թույլ կտան գնահատել աղբավայրը շահագործողի իրականացրած միջոցառումներն ու խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ կայացնել։  Հանրային քննարկման  ներկայացված նախագծից  Նարինե Ավետյանը մեծ սպասելիքներ ունի․ նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետն է․

«Նախագիծը որոշ առումով կնպաստի, կարձանագրի բացթողումները։ Դա միակ քայլը չի լինելու։ Զուգահեռ այլ գործիքներ ենք իրականացնում։ Նաև մշակել ենք գործող աղբավայրերի բարելավման նվազագույն նորմերը, որպեսզի բացառենք այդ ինքնայրումը, կենդանիների և մարդկանց մուտքը այդ տարածքներ, փորձում ենք հնարավորինս պահպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը՝ աղտոտումից»։

Երևանի քաղաքապետարանի և ԵՄ–ի միջև 2019 թվականին կնքվել է դրամաշնորհային պայմանագիր․ Երևանը, Վարշավան ու Տիրանան համագործակցելու են վտանգավոր թափոնների կառավարման մարտահրավերների շուրջ։ Քաղաքապետարանում կարծում են, որ պայմանագրի կատարումը թույլ կտա լուծել Նուբարաշենի 9 միլիոն տոննա աղբի խնդիրը։ Այն կօգնի ապահովել նաև վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, նաև համապատասխան ընթացակարգերի մշակումն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրումը:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն