Ազգի ինքնաճանաչումը՝ «կառավարելի քաոսը» հաղթելու միջոց
«Կառավարելի քաոսի» մոտեցումներն առկա են եղել պատմության բոլոր այն փուլերում , երբ ձևավորվել կամ փլուզվել են նոր կայսրությունները` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Պետական կառավարման ակադեմիայի Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը։
Ինչպե՞ս խուսափել արտաքին ազդեցություններից, ինչպե՞ս շրջանցել «կառավարելի քաոսը»` որպես պետություն, հասարակություն չկազմալուծվելով, չքայքայվելով և չբարոյալքվելով։
«Ռադիոլուր»-ի զրուցակիցն առաջարկում է նոր աշխարհակարգն իր անորոշություններով և տուրբուլենտությամբ` որպես մարտահրավեր անընդհատ քննարկելու փոխարեն այն դիտարկել որպես հնարավորություն՝ նոր որակի ինքնակազմակերպման ու ինքնադրսևորման համար, չառաջնորդվել սեփական տեսակը կուրորեն մերժելու փիլիսոփայությամբ։
«Այսօրվա անորոշությունների և տուրբուլենտության խնդիրը հենց այն է, որ առկա երևույթներն իրենց ողջ ներկապնակով տեսակին տանում են փորձության՝ որքան դու կամ դուք ձեր տեսակով կարող եք ինքնակազմակերպվել, ինքնակառավարվել, ինքնաներկայանալ և դառնալ մրցունակ։ Եթե ազգը կամ հասարակությունը չունի ինքնություն կամ հրաժարվում է ինքնությունից` մտածելով, թե, միևնույնն է, իրեն կառավարելու են, ապա սա բոլորովին լավ ուղեցույց չէ։
Կառավարելիության կամ անկառավարելիության խնդիրը պայմանավորված է ճանաչողության համակարգով, թե ազգը կամ հասարակության յուրաքանչյուր անդամ որքանով է ճանաչում, ինչպես է վերլուծում և ինչպես է կանխատեսում այս կամ այն իրավիճակը, և այդ ճանաչման, վերլուծման ու կանխատեսման մեջ որտեղ է ազգի կամ հասարակության «ես»-ը, որտեղ է տեսակը, ուզում է արդյոք այդ տեսակը դարձնել ավելի մրցունակ և գնալ ինքնակազմակերպման` ինքնահաստատվելով։ Այս ընտրությունը պայմանավորված է զուտ ինքնաճանաչողությամբ», – ասում է քաղաքագետը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը կարծում է, որ ազգի, հասարակության մեջ անկառավարելիության խնդիրը կամ զգացողությունն առաջանում է, երբ հասարակության տարբեր շերտեր սկսում են խուսափել պատասխանատվությունից` չցանկանալով դիտարկել ճանաչողության և ինքնության խնդիրները։ «Այն երկրների և ազգերի համար, որոնք որոշակիորեն հենվում են սեփական քաղաքակրթական ինքնության վրա` դարձնելով ասվածը քաղաքականության ռազմավարություն, աշխարհը դառնում է կառավարելի, նաև՝ տվյալ հասարակության կողմից կառավարելի, քանի որ այդ աշխարհում տվյալ ազգն իրեն տեղ ու դեր է հատկացնում և հենց այդ ընկալումներով է սկսում համագործակցել ու փոխգործակցել», –ասում է քաղաքագետը։
Ճանաչիր ինքդ քեզ, պահպանիր համակեցության նորմերը և տես երևույթների կապերը
Մարիամ Մարգարյանը դիտարկում է Հռոմեական կայսրության օրինակն ու քաղաքական մտքի սկզբունքները։
«Հռոմի կայսրության և ձևավորման, և փլուզման ժամանակաշրջանում քաղաքական միտքն ուներ երեք սկզբունք` ճանաչիր ինքդ քեզ և ճանաչողության մակարդակում գործողություններ կատարիր քո տեսակի անվտանգության համար։ Հաջորդ սկզբունքը համակեցության նորմերի պահպանումն է, այսինքն՝ քո տեսակի անվտանգության խնդիրները ենթադրում են, որ ազգը կամ հասարակությունը պետք է համակեցության արժեքաբանությունը գնահատեն։ Եվ այն չի ենթադրում միայն համակեցություն այլոց հետ, այլ համակեցություն է նաև քո տեսակի, ինքդ քեզ հետ` անցյալ, ներկա, ապագա եռաչափության մեջ, որպեսզի կարողանաս ինքդ քեզ որպես ազգ, հասարակություն ձերբազատել ինքնության ճգնաժամից կամ կարողանաս արագ դուրս գալ ինքնության ճգնաժամից։ Երբ այս ամենը տեղի չի ունենում, և որպես հասարակություն դադարում ես երևույթների միջև կապը տեսնել ` սրանով իսկ որոշակիացնում ես քաոսի երկարակեցությունը, դրա անկառավարելիությունը և կորում ես աշխարհ կոչվող տարածության մեջ», – ասում է Մարգարյանը։



















