Ովքե՞ր են ԵՄ դիտորդները եւ ինչո՞ւ են գալիս Հայաստան
Պրահայում վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ ԵԽ նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածվեց համատեղ հայտարարություն, ըստ որի՝ Հայաստան պետք է գան ԵՄ քաղաքացիական դիտորդներ։
Թե ինչ առաքելությամբ են գալիս դիտորդները, ինչ մանդատ ունեն եւ դա ինչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, զրուցել ենք ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ։
«Ես այս ընթացքում փորձեցի նայել, թե Եվրոպական միությունն ինչ դիտորդական առաքելություններ է ունեցել առհասարակ։ Ունեցել են ռազմական դիտորդներ, քաղաքացիական դիտորդներ եւ այլն։ Այստեղ սահմանված է երկամսյա ժամկետ, ընդ որում՝ միայն հայկական կողմից դիտորդական առաքելություն պիտի իրականացվի, այսինքն՝ Ադրբեջանը, ըստ երեկվա հայտարարության, համաձայնություն չի տվել, որ իր երկրի տարածքում նույնպես լինեն դիտորդներ։ Այսինքն՝ դիտորդները 2 կողմում չեն տեղակայված լինելու, այլ տեղակայված են լինելու միայն Հայաստանի կողմից, ընդ որում՝ առաքելության համար սահմանվում է շատ կարճ ժամկետ՝ 2 ամիս, եւ նրանք իրենց հայտարարություններով պիտի նպաստեն սահմանազատման գործընթացին։ Ես սրա պրիմիտիվությունը չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ բարեկամ 2 երկրների՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մինչեւ հիմա սահմանազատումը չի ավարտվել՝ որոշ դեպքերում նաեւ վիճելի տարածքների առկայության հանգամանքով պայմանավորված։ Հիմա 2 ամսվա ընթացքում Տավուշից մինչեւ Մեղրի, էլ չեմ ասում՝ Նախիջեւանի ամբողջ սահմանով, սահմանազատումն ինչպե՞ս պիտի իրականացնեն, որ այդ դիտորդներն էլ իրենց առաքելությամբ նպաստեն, Ադրբեջանն էլ նրանց հետ առնչվի այնքանով, որքանով․․․։ Այսինքն՝ դա շատ վերացական եւ, իմ կարծիքով, ֆունկցիոնալ իմաստով անպիտան ձեւակերպում է»,- ասաց Ղազարյանը։
Իսկ դիտորդները սահմանային միջադեպերի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ դիտորդական գործառո՞ւյթ են իրականացնելու։ «Այնտեղ այդ մասին ոչինչ գրված չէ։ Ավելին ասեմ՝ այդ քառակողմ հանդիպմանը մասնակից եւ իր վրա միջնորդական առաքելություն ստանձնած Ֆրանսիայի նախագահը 2022 թվականի սեպտեմբերի 14-ին եւ 27-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ եւ վերջին հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Ալիեւին, որ ադրբեջանական զորքերը վերադառնան իրենց տեղակայման վայրեր, եւ հիմա իրենք, բոլորով միասին այնտեղ նստած, դրա մասին նույնիսկ խոսք չեն ասում, ոչ մի ձեւակերպում չեն անում եւ չեն արձանագրում, որ Ֆրանսիայի նախագահի կոչն Ադրբեջանի նախագահի կողմից մնացել է անհետեւանք։ Հիմա հարց է առաջանում․ եթե Ադրբեջանը չի հարգում միջնորդներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահի տեսակետները, ինչպե՞ս պետք է հարգի մյուս պայմանավորվածությունները, որոնք այս ընթացքում ձեռք են բերվում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կամայական, հայեցողական վերաբերմունք է ցուցաբերելու։ Այստեղ մի բանի մասին է միայն պետք խոսել, որ հերթական բանավոր պայմանավորվածություններով Արցախը եւ Հայաստանը թշնամուն հանձնելու գործընթացն է տեղի ունենում»,- ասաց Ղազարյանը։
Գերմանիայում եւ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ եղած տեղեկատվությունը թույլ չի տալիս դիտորդների գործունեությունը վերլուծել։ Օրինակ՝ «քաղաքացիական առաքելություն» տերմինի վերաբերյալ չկա կոնկրետ ձեւակերպում, որի վրա հենվելով՝ փորձենք մեկնաբանել։ Հարցրինք՝ արդյոք ԵՄ դիտորդների ֆորմատը չի՞ փոխարինում ԵԱՀԿ դիտորդների ֆորմատին։ Մարտիրոսյանը մեջբերեց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալայի հայտարարությունը։ «Չեխիայի վարչապետն ուշադրության արժանի հայտարարություն էր արել, որ Ֆրանսիայի մասնակցությամբ ստեղծված ֆորմատը նպատակ չի հետապնդում՝ փոխարինելու գործող այլ տարբեր կառույցների։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ այս կառույցը փոխարինում է Մինսկի խմբին, սա կարելի է դիտել որպես լրացում, այլ ոչ թե այլընտրանքային կառույց։ Ինչպիսի՞ն կլինի արդյունավետությունը՝ կարեւոր, բայց երկրորդ հարց է, բայց դիտարկել որպես փոխարինող ֆորմատ՝ ես այդպիսի կարծիք չունեմ։ Սրանով ուղղակի փորձելու են փոխլրացնել տարբեր հարցերում գործող եվրոպական կառույցներին»,- պատասխանեց դիվանագետը։
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն այլեւս չի ընդունում, չե՞նք կարող ասել, որ այս ֆորմատը դե ֆակտո ՄԽ-ին փոխարինող ֆորմատ է, որում Ռուսաստանը ներգրավված չէ։ «Ադրբեջանն այդպես կարող է մեկնաբանել։ Մենք կարող ենք այլ կերպ մեկնաբանել, բայց, որպես հյուընկալող երկրի ղեկավար, Ֆիալայի հայտարարությունը չի կարելի անտեսել, ըստ որի՝ այս ֆորմատը նպատակ չունի փոխարինելու եվրոպական տարածաշրջանում գործող այլ կառույցներին կամ այլ հրապարակներին։ Այնպես որ, ճկունություն է տալիս․ ենթադրենք՝ Ալիեւը կասի, որ եռանախագահությունն այլեւս գոյություն չունի, բայց մենք կասենք, որ եռանախագահությունը գոյություն ունի, եւ ի լրումն դրա՝ կա նաեւ այս ֆորմատը։ Այսինքն՝ մանեւրելու դիվանագիտական հնարավորություններ է տալիս, բայց սա ոչ մի կերպ չի նշանակում, որ Մինսկի խումբը դադարել է գոյություն ունենալ»,- պատասխանեց Մարտիրոսյանը։
Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանին էլ հարցրինք՝ կարելի՞ է այս դիտորդական առաքելությունը Հայաստանի համար դիվանագիտական ձեռքբերում համարել։ «Քանի որ ինձ համար էլ «քաղաքացիական առաքելությունն» այդքան ծանոթ իդեա չէր, եւ ես այսօր փորձեցի ուսումնասիրել, պարզվեց, որ ԵՄ-ն ունի մի այսպիսի ֆորմատ, որը կոչվում է European security defence policy՝ «Եվրոպակական անվտանգային եւ պաշտպանական քաղաքականություն»։ Այդ ֆորմատի շրջանակներում իրենք հիմնականում իրականացնում են ռազմական իրավիճակների մոնիթորինգային ֆունկցիաներ։ Ինչ վերաբերում է դրա՝ դիվանագիտական ձեռքբերում համարել- չհամարելու հարցին․ եթե կհիշեք՝ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի պայմանավորվածություններն էին ձեռք բերվել՝ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ՝ սադրանքների հանգամանքները վերհանելու համար։ Հիմա ամբողջ հարցը հետեւյալն է, թե սահմանախախտում կամ սադրանք գրանցելու պարագայում որքանով այդ առաքելությունը կապահովագրի ադրբեջանական ագրեսիայից։ Ես կարծում եմ, որ դա այնքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ, որովհետեւ իրենք հայկական կողմից են աշխատելու, ադրբեջանցիներն ասելու են՝ հայերը սադրանքների են դիմել, եւ մինչեւ պարզեն, մինչեւ զեկուցեն․․․, այսինքն՝ այդ ամենն իմաստ ունի այն դեպքում, երբ պետությունն իր բազային անվտանգային խնդիրները լուծում է։ Լուծված չլինելու պարագայում ինչքան էլ տարբեր դիտորդներ, տարբեր առաքելություններ ֆիքսեն, որ ադրբեջանական կողմից է տեղի ունեցել սադրանքը, դա խնդրին որեւէ լուծում չի տալու, մանավանդ երբ տեսնում ենք Ադրբեջանի դերի մեծացումը Եվրոպային գազի մատակարարման հարցում»,- պատասխանեց Սողոմոնյանը։
Հարցրինք նաեւ, թե կարո՞ղ է ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ դիտորդները, ըստ հայտարարության, գալու են սահմանագծման ու սահմանազատման պրոցեսին աջակցելու համար, մինչդեռ այդ պրոցեսի «քավորը» Ռուսաստանն էր։ «Սա լրացուցիչ բարդություն կարող է առաջացնել, որովհետեւ եթե դեմարկացիա-դելիմիտացիա պիտի արվի, ապա ինչ-որ քարտեզային բազայի վրա պետք է տեղի ունենա։ ԵՄ-ն արդյոք տիրապետո՞ւմ է այդ քարտեզներին։ Այդ տեսանկյունից, այո, եւս մեկ անգամ նոր խնդիրներ են առաջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում, որովհետեւ Ռուսաստանն ակնկալում էր, որ ինքը ներգրավված կլինի այս հարցերը կարգավորելու գործընթացում, եւ, փաստորեն, Հայաստանի համաձայնությամբ տեղի է ունենում հակառակը․ այդ գործընթացների կուրացիան հանձնվում է ԵՄ-ին՝ այն դեպքում, երբ մենք գաղափար չունենք, թե ինչ լծակներով կարող է նա ազդել Բաքվի վրա, եթե նրա միջնորդած գործողությունը տեղի չունենա, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանում եւ Արցախում ունի ռազմական ներկայություն, եւ, հետեւաբար, նա ավելի շատ ազդեցության լծակներ ունի»։



















