Արցախյան երկու պատերազմների և Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի  հետևանքով ավելի քան 1000 անհետ կորածների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվային տվյալները նորություն չեն․ դրանք, իրավապաշտպանների գնահատմամբ,  հրապարակվում են ի պատասխան Ադրբեջանի կողմից շահարկվող թեզերի։

Արցախյան առաջին պատերազմի հետևանքով՝ 777, 44–օրյայի հետևանքով՝  217, Ադրբեջանի սեպտեմբերիյան ագրեսիայի հետևանքով՝ 29 անհետ կորած․ թվիթերյան գրառմամբ այս թվերը հրապարակելով՝ վարչապետը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կհամագործակցի Հայաստանի հետ անհետ կորածների  ճակատագիրը պարզելու հարցում։

Իրականում գործ ունենք անհետ կորածների իրավունքի շարունակական խախտման հետ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը և ընդգծում, որ իրավունքի պաշտպանության առումով ժամկետային սահմանափակումներ չկան, ուստի անհրաժեշտություն է, որ բոլոր հարցերը բարձրաձայնվեն նաև միջազգային ատյաններում։

«Թե 44-օրյա պատերազմի, թե 90-ականների, թե 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով անհետ կորածների առնչությամբ կարելի է դիմել միջազգային ատյաններին։ Մենք ունենք Եվրոպական դատարան, որն իրավաբանորեն պարտադիր դատական ակտեր է կայացնում, և հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է հենց այս կառույցի վրա։ Քանի որ իրավական մեխանիզմները  ժամանակատար են, հասկանալի է, որ նմանատիպ գործերի քննությունը տարիներ կպահանջի»։

Որոնումները շարունակելու, անհետ կորածներին կամ նրանց աճյունները գտնելու նախաձեռնությունը հասարակական-քաղաքական գործիչ, մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանը միայն ողջունում է։ Ասում է, որ այդ որոնումները իրականում երբեք չեն էլ դադարել։

«Տարիները նշանակություն չունեն։ Հարց ն այն է, թե ինչու այսօր, այլ ոչ թե այն ժամանակ, երբ հայկական կողմերն առաջարկում էին այդպիսի աշխատանքներ իրականացնել ։ Այդպիսի առաջարկներ պարբերաբար հնչել են։ Բայց Ադրբեջանը միշտ մերժում էր։ Հիմա է, որ Ադրբեջանը ոչ թե երկկողմանի բարոյական և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո է հարցը դնում, այլ պահանջատիրությամբ և դրա դիմաց ինչ–որ պայմաններ է առաջադրում։ Սա անբարոյականության դրսևորում է, ևս մի մեխանիզմ , որը Ադրբեջանը ուզում է օգտագործել և նորից քաղաքականացնել»։

Այս ամիս նույնիսկ Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներին տարել են Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնք և ցույց տվել այստեղ «հայտնաբերած» 12 աճյուն՝ դրանք ներկայացնելով որպես հայկական ռազմական հանցագործության վկայություն։   Ավելին՝ Ադրբեջանի նախագահը  հարցը բարձրացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում՝ խնդրելով նրան, սեփական լծակներն օգտագործելով, ձեռք բերել, այսպես ասած, եղբայրական գերեզմանների քարտեզը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի խոսքով՝ Ադրբեջանն ինչպես դիվանագիտական դաշտում ու միջազգային տարբեր հարթակներում, այնպես էլ իրավական հարթությունում փորձում է օգտագործել ու շահարկել այդ փաստերը:

«Բայց միայն այդ փաստը ներկայացնելը կամ միջազգային հանրությանը ցույց տալը, թե կան նման դեպքեր՝ մասսայական թաղումներ բավարար չէ, որովհետև անհայտ է՝ ինչ տեղանքի, ում աճյունի մասին է խոսքը գնում, դրանք միգուցե հայկական գերեզմաններ են: Բազմաթիվ փաստեր ու հակափաստարկներ կան հայերի գերեզմանների՝ ադրբեջանցիների կողմից պղծելու վերաբերյալ, որոնք հետո որպես ադրբեջանական գերեզմաններ են ներկայացվում: Սա ադրբեջանցիներին բնորոշ գործելակերպ է, պարզապես իրավական հարթությունում հաջողության հասնելու համար այդ փաստերը ներկայացնելը բավարար չէ, պետք է ցույց տալ, թե որքանով են դրանք Հայաստանին վերագրելի»:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ Արցախյան առաջին պատերազմում  անհետ կորածների  թեման բարձրացնելով՝ Ադրբեջանը փորձում է հակակշիռ ստեղծել իր իսկ կատարած  ռազմական հանցագործությունների ու մշակութային վանդալիզմի դեպքերին։ 

«Սա իրենց կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ է, որ հավասարության նշան դրվի իրենց իրականացրած հանցագործությունների և իրենց հայտարարած կեղծ օրակարգերի, տվյալների միջև»: 

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 29 անձ։ Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը  նրանց խնդրով նոր դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պահանջում են հրատապ միջոցի կիրառմամբ  պարտադրել Բաքվին վերադարձնել  իր վերահսկողության տարածքներում զոհված զինծառայողների մարմինները։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն