Բացահայտվում է ադրբեջանական օկուպացիայի իրական ծավալը․ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ընթացքում բաց քննարկում է ծավալվել ոչ միայն կառույցի դերի ու դիրքորոշման, ՀԱՊԿ–ից Հայաստանի ակնկալիքների վերաբերյալ,  այլև նոր հայտարարություններ են հնչել Ադրբեջանի գրաված տարածքների ու դրանց ծավալների  մասին։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարել  է, որ նախորդ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքից  շուրջ 127 քառակուսի կիլոմետր է գրավել։ Սա մինչ այժմ հրապարակված թվերից ամենամեծն է ու քննարկումների դաշտ է բերել այն հարցը, թե ինչու են խիստ տարբեր մինչ այժմ հրապարակված թվերը։

Պարզվել է, թե իրականում որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։  Հրապարակված թիվը մի քանի անգամ մեծ  է նախկինում հրապարակվածներից։ Մինչ այժմ տարբեր պաշտոնյաներ խոսել են 10–ից մինչև 50 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։ Այժմ պաշտոնական Երևանը հստակեցնում է՝ 127 քառակուսի կիլոմետր։

Իշխանական պատգամավոր,  գեներալ–լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանն իր բացատրությունն ունի, թե ինչու են հակասում մինչ այժմ հրապարակված թվերը։ 

«Վարչապետը 10 կիլոմետրի թեմայով չի խոսել։ Եղել է 40 կիլոմետր նախկինում, իսկ հիմա էլ արդեն այդքան ավելացել է՝ մոտ 60 քառակուսի կիլոմետրի չափով։ Սեպտեմբերի 13–ի դեպքերից հետո՝  նախանցած մայիսից մինչև այսօր»։

Վերջին թարմ տվյալները ներկայացվել են Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ։

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հստակեցնում է՝ Հայաստանի՝ նշված սահմանամերձ տարածքները Ադրբեջանը իր վերահսկողության տակ է առել 2021–2022 թվականներին։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի ագրեսիան շարունակվել է 2020–ի պատերազմից հետո կնքված եռակողմ փաստաթղթերի առկայության պայմաններում։

Հայաստանը հստակ հայտարարում է գնդակոծվել է հանրապետության 36 քաղաք, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 7 էլեկտրամատակարարման օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, կամուրջներ և ճանապարհներ։

Այս ամենին տեղում այժմ ծանոթանում են միջազգային կառույցների ներկայացուցիչները։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամները հոկտեմբերի 24–ին Ջերմուկում էին արձանագրում Ադրբեջանի հարձակման հետևանքները։

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները Գորիսում են քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից էլ հայտնում են, որ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնը Գեղարքունիքի մարզում էր՝ Վարդենիսում ու Սոթքում։

Հայաստանի արևելյան սահմաններից է վերադարձել նաև Գուրգեն Մելքոնյանը․

«7 օր առաջ եղել եմ այդ հատվածներում, ես տեսել եմ, որ մեր զորքը գտնվում է նոր դիրքերում, առաջնագիծը փոխվել է։ Նոր առաջնագիծ ենք ձևավորվել, ինժեներական աշխատանքների 80%-ը գրեթե ավարտված է, մեր զորքն էլ գտնվում է նոր հենակետերում։ թեկուզ մեկ օր էլ մնան, հիմա արդեն ձմեռը սկսվելու է, պետք է ստեղծվեն պայմաններ, որ մնան։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների հետ քաշվելուն, արդեն միջազգային դիտորդներ կան հիմա։ Այդ ամեն ինչը արդեն խոշոր գերտերությունների ձեռքում է։ Նրանք մեզ ձեռք են մեկնել, հիմա բռնելո՞ւ ենք, թե՞ չենք բռնելու այդ ձեռքը»։ 

Ում ձեռքը կբռնի Հայաստանը, սա արդեն անկանխատեսելի հարց է, քանի որ անգամ մեկնողներն են այս պահին հարաբերություններ պարզում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի համար օրինակ, պարզ էր․ նա հայտարարել է, որ Հայաստանն աննախադեպ ճնշումների է ենթարկվում, իսկ Բրյուսելն ու ԱՄՆ-ն փորձում են հակառուսական տրամադրություններ ստեղծել՝ փորձելով Հայաստան տեղափոխել Ուկրաինայում մշակված սխեմաները։ Մյուս կողմից շատ են պնդումները, որ հենց Ռուսաստանի միջնորդավորված ճնշմամբ է տեղի ունենում «Զանգեզուրի միջանցքի» պահանջը։

Այս հարցում հակասական կարծիքներ կան նաև Հայաստանի քաղաքական դաշտում։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ Գուրգեն Մելքոնյանը և Սեյրան Օհանյանը տարբեր տպավորություններ ունեն։

Գուրգեն Մելքոնյան․ «Ես այդ ճնշումը չեմ տեսել, որ արևմուտքը մեզ ճնշի։ Ես ուղղակի տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել»։

Սեյրան Օհանյան․ «Ես չեմ կարծում, թե ճնշումներ կան Մոսկվայի կողմից»։

Ուկրաինական սխեմայի շեշտադրումը Հայաստանին առնչվող հայտարարության մեջ վտանգավոր է համարում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։ Անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը, քաղաքագետը սոցցանցում գրել է․

«Տիկին Զախարովան պետք է ոչ թե անհանգստանա, որ մենք «ճնշվում» ենք Արևմուտքի կողմից, այլ Ալիևի ագրեսիաներից, որոնց կապակցությամբ մեր դաշնակցի լռությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ նրան կամ՝

ա) «եղբայրական» ժողովրդի անվտանգությունը չի հետաքրքրում,

բ) այդ ամենը համաձայնեցված է Բաքու-Մոսկվա առանցքով։

Ավելին՝ տիկին Զախարովայի կողմից Հայաստանին «Ուկրաինա 2»-ով սպառնալը համարում ենք անբարո, ոչ «եղբայրական», ոչ դաշնակցային»։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարներից Սեյրան Օհանյանի համար, սակայն, տարօրինակ չէ ՀԱՊԿ–ի հապաղումը։ Խնդիրները նա այլ հարթությունում է տեսնում։

«Լսե՛ք, ես իմ տեսանկյունից եմ այսօր պատասխանում։ Նախկինում էլ, երբ եղել եմ պաշտպանության նախարար, մի քանի կրակոց կամ մեկ դիրքի վրա հարձակում էր լինում, ասում էին՝ ինչու՞ ՀԱՊԿ–ին չեք դիմում, ՀԱՊԿ–ը չի արձագանքում։ Յուրաքանչյուր երկիր առաջին հերթին իր ուժերով պետք է իր սահմանները կարողանա պաշտպանել։ ՀԱՊԿ–ին դիմել, երբ դու ամբողջ քո ներուժը չես օգտագործել, եթե դու քո երկրում ռազմական դրություն չես հայտարարել՝ մոբիլիզացնելու, քո երկիրը պաշտպանելու, դու պարզապես գոռգոռում ես՝ եկեք ինձ պաշտպանելու։ Նորմալ մարդն առաջին հերթին ինքն է իրեն պաշտպանում»։

Ամեն դեպքում, գոյություն ունի կոնկրետ փաստաթուղթ՝ ՀԱՊԿ պայմանագիր, որի 4-րդ հոդվածում ասված է․ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դաշինքը դա կհամարի ագրեսիա անդամ բոլոր պետությունների դեմ: Իսկ այդ դեպքում մասնակից պետությունները պետք է ներառյալ ռազմական օգնություն ցուցաբերեն»։

Այս կետը կրկին վերհիշվել է Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ։ Որպեսզի այդ կետը կյանքի կոչվի, հայկական պատվիրակությունը անհրաժեշտ է համարել, որ ՀԱՊԿ-ը հանդես գա դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչելով ագրեսոր։ Նաև զգուշացրել են, որ ՀԱՊԿ–ի անհասկանալի կեցվածքը հայ հասարակության մեջ շատ «ինչու»–ներ է առաջացրել։

Այժմ Հայաստանի համար ընդունելի տարբերակը Հայաստանի սահմանների վերականգնում է 1991 թվականի դրությամբ, ինչպես պետությունը մուտք է գործել ԱՊՀ և ՀԱՊԿ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն