Սոչիի եռակողմ հանդիպմանը, Թեհրանի այցին հաջորդելու են  բրյուսելյան քննարկումները։ Երևանն ու Բաքուն նախնական պայմանավորվածություն ունեն սահմանազատման հարցով նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում այստեղ հանդիպելու շուրջ։  Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի Հայաստանի եւ Ադրբեջանի պետական հանձնաժողովների երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում՝ հաստատում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ո՞ր կետից կշարունակվեն բանակցությունները և որքանով կպահպանվեն հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

ՀՀ փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանի գրասենյակը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան վերահաստատում է՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է այս շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում․ հստակ օրը պարզ կդառնա առաջիկա երկու օրվա ընթացքում։

Սահմանազատման հարցում կողմերի միջև մինչ այժմ ձեռք բերված ամենաառարակայական պայմանավորվածությունը ձեռք է բերվել մոտ մեկ ամիս առաջ Պրահայում։ Ըստ այստեղ ընդունված քառակողմ հայտարարության՝  Երեւանն ու Բաքուն համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ինչն էլ պետք է հիմք հանդիսանա սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքի համար:

Ենթադրվում է, որ Բրյուսելում բանակցությունները շարունակվելու են այս կետից։   Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է պնդիԱլմա-Աթայի հիմքով առաջ շարժվելու տարբերակը։

«Ալմա-Աթայի այդ հռչակագրի արդյունքում նորանկախ պետությունները ճանաչվում էին իրենց այն սահմաններով, որոնցով խորհրդային միությունում իրականացվել էր դելիմիտացիա և դեմարկացիա, իսկ դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականացվել է 1929 թվականին, որոնց քարտեզները գոյություն ունեն և գտնվում են Մոսկվայում և ճիշտ աշխատանքի արդյունքում այդ քարտեզները կարելի է ուղղակի դնել սեղանին և պահանջել, որ այդ քարտեզներով իրականացվի դելիմիտացիա։ Այնտեղ ոչ անկլավներ կան, ոչ այն, ինչ պահանջում է Բաքուն, օրինակ Տավուշի գյուղերը, կամ նախիջևանի մեկ գյուղը։ Սա որոշակիորեն ձեռնտու է հայկական կողմին և Բրյուսելում հանձնաժողովի աշխատանքներում լավ կլինի, որ հայկական կողմը շարունակի պնդել Ալմա-Աթայի տարբերակը»։

Ալմա-Աթայի հիշատակումը Սոչիում հոկտեմբերին Պրահայում արձանագրված ձևակերպման կրկնությունն է։  Թե Մոսկվան և թե Բրյուսելը, Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով, փորձում են տեր կանգնել առկա կայունությանն՝ իրենց շահերն առաջ տանելով։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, կարծում է, որ Բրյուսելում սպասվող հանդիպումը  որևէ առումով չի կարող փոխլրացնել Սոչիին։

«Ընդհանրապես, Սոչիի հանդիպման արդյունքներից դատելով՝ կարող ենք փաստել, որ նպատակը կայանալն էր Պրահայի քառակողմ հանդիպման ու ԱՄՆ ակտիվացման ֆոնին։  Բայց Սոչին ցույց տվեց, որ և ռուսական, և արմևտյան առաջարկները  տեղում են դոփում։ Ըստ էության՝ այսօր կա երեք գործընթաց․ վաշինգտոնյանն է, բրյուսելյանն է, որը կարող է ինչ-որ պահի փոխարինվել ֆրանսիականով և կա ռուսական  գործընթաց»։

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները` դեռ խորհրդային ժամանակների Գլխավոր շտաբից` Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի հարցը կարգավորելու համար՝ Սոչիի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահը։ Արեգ Քոչինյան

«Ես կդժվարանամ ասել, թե դելիմիտացիայի ու դեմարկացիայի հիմքը որը պետք է լինի ։ Մեր իշխանությունները մի անգամ հայտարարել էին, որ մեզ համար ձեռնտուն 20-ականների քարտեզներն են։ Իսկ 1991 թվականի Ալմա- Աթայի վրա հղում անելը փորձ է կողմերին բերելու կառուցողականության դաշտ, նույնն է թե՝ տարածքային ամբողջականությունները ճանաչելու դաշտ։  Սա այնքան էլ լավ հիմք չէ դեմարկացիայի համար»։

Փորձագետները համոզված են, որ խաղաղապահ առաքելության ճակատագիրը ևս կախված է նրանից, թե ինչպես կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքը։  Սա ամրագրվեց նաև Սոչիում ՌԴ նախագահի այն դիտարկմամբ, թե ռուս խաղաղապահների ապագան Արցախում կախված է խաղաղության պայմանագրից և դելիմիտացիայի գործընթացից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն