Մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին նախագիծը: Տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը: Տարկետման նոր հնարավորությունները ոլորտի փորձագետները միանշանակ չեն ընդունում։ Եթե ռազմական փորձագետը կարծում է, որ ԶՈւ-ն դրանից միայն կտուժի, ապա կրթության բնագավառում վստահ են, որ կշահի գիտությունը, կշահի պետությունը։ Գիտությունն ու կրթությունն էլ առաջնագիծ են, որտեղ ևս մեզ մարտիկներ են անհրաժեշտ, ասել է կրթության փորձագետը «Ռադիոլուրի» հետ զրույցում։

Եթե գործող օրենսդրությամբ ուսանողներին  պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և աշխարհի լավագույն 50  հաստատություններում սովորելու համար, ապա ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծով տարկետման հնարավորություն կստանան նաև  Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները։

Գործող կարգավորումը արդեն մի քանի անգամ կիրառվել է։ Նախարարությունում կարծում են, որ ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, ինչի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջացնում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ, չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Մեջբերում նախագծից.

«Նախագծի ընդունմամբ կստեղծվի գործուն մեխանիզմ, որով հնարավոր կլինի սահմանել Հայաստանի Հանրապետության բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, ինչպես նաև նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանալու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն»:

Նախատեսվող փոփոխություններից  կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի սպասելիքները ևս մեծ են։ Առաջին հերթին, ըստ նրա՝ կլուծվի գիտության ոլորտում սահուն սերնդափոխության, երիտասարդների ներգրավվածության խնդիրը, կանխելով ուղեղների արտահոսքը։

«Նախագիծը հնարավորություն է տալիս մեր լավագույն ուսանողներին , շրջանավարտներին ընդունվել համապատասխան մասնագիտությամբ համապատասխան բուհեր և կրթությունը շարունակել Հայաստանում։ Որը շատ  լավ հնարավորություններ է տալիս կադրերի ապահովման և սերնդափոխության , որովհետև գիտության մեջ միջին տարիքը ՀՀ–ում անցնում է 60 տարեկանը և երիտասարդ մասնագետների մեծ կարիք կա»։

Ատոմ Մխիթարյանը վստահ է՝ նոր փոփոխությունից Զինված ուժերը չեն տուժի։ Լուծումը շատ պարզ է.ուսանողները պետք է ռազմական պատրաստությունից հետ չմնան։  Ի վերջո՝ նման պրակտիկա խորհրդային տարիներին արդեն ունեցել ենք, հիշեցնում է Ատոմ Մխիթարյանը։

«Բուհերում գործում էին ռազմական ամբիոններ, և ուսմանը զուգահեռ ուսանողները որոշակի ժամանակ անցկացնում էին հենց այդ ամիբիոններում՝ որպես զինծառայողներ։Կարելի է այդ նույն պրակտիկան կիրառել նաև այսօրվա ուսանողների համար։ Այսինքն՝ զուգահեռ պատրաստել նաև ռազմական որոշ մասնագիտություններով և այդ ժամանակ հնարավոր կլինի նաև բանակ–հասարակություն կապը սերտ պահել, ոչ թե նրանց ընդհանրապես կտրել ռազմական պատրաստությունից»։

Ի տարբերություն Ատոմ Մխիթարյանի՝  ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանն այդքան էլ լավատես չէ։ Մեր իրականությունում տարկետման պրակտիկան դեռևս իրեն չի արդարացրել։ Սա պարզապես բանակից խուսանավելու լավ տարբերակ է, կարծում է զրուցակիցս։

«Ունիվերսալ, ոսկե լուծումներ չկան աշխարհում։ Կան որոշ երկրներ, որտեղ տարկետում հասկացողություն ընդհանրապես չունի, պարզապես ծառայության բնույթի տարբերություններ գոյություն ունեն։ Այսինքն՝ ամեն մեկին ծառայության տանելուց ներգրավում են այն միջավայր, որտեղ ինքը կլինի ամենակարևորը։ Կոնկրետ մեր դեպքում, կարծում եմ՝ խնդիրը երկկողմանի է։ Նրանց  համար, ում համար կարևոր է այդ տարկետումը, ուղղակի բանակից խուսափելու միջոց է։ Ես կարծում եմ՝ եթե ճիշտ օգտագործվեն այս կադրերը, զորակոչվելուց, միգուցե նաև նվազի տարկետում ստանալու «պահանջարկը»։

Լևոն Հովհաննիսյանը տարկետման հնարավորությունների մեծացման մեջ նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Շղթան շատ մեծ է, կոռուպցիոն ռիսկերն էլ կմեծանան, ասում է զրուցակիցս։ 

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը չի բացառում՝ խուսանավողներ էլ կարող են լինել, բայց գործող օրենսդրությամբ դրա համար շատ ավելի լայն հնարավորություններ  կան։

«Եթե Հայաստանի դիրքերը գիտության և կրթության ոլորտում առաջանցիկ տեմպերով զարգանան, դա հնարավորություն կտա և մեր կրթությունը և գիտությունը արտահանել։ Իսկ դա նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, ռազմական ոլորտում կայունության ապահովմանը։ Կոռուպցիոն ռիսկեր, այո, կարող են լինել, բայց այդպիսի դրսևորումներ են ունեցել նաև այն պարագայում, երբ մեր շրջանավարտները լավագույն բուհեր էին ընդունվում։  Այդ ընդունվածների մեջ կան նաև այնիսի շրջանավարտներ, որոնք  հարուստ ընտանիքներից են, և դա լրացուցիչ հնարավորչություն էր տալիս ուղղակի շրջանցել։ Ու քանի որ պետությունը որևէ տեղեկատվություն  չէր ունենում նրանց ուսման որակի մասին, այսպիսի դեպքեր կարող էին լինել։ Իսկ Հայաստանում սովորելը հնարավորություն կտա նաև մշտադիտարկման տակ պահել այդ ուսանողների ուսման ողջ ընթացքը»։

Ատոմ Մխիթարյանը նոր նախագծում երկու փոփոխություն է առաջարկում ավելացնել։ Առաջինը, որ վատ սովորողները զրկվեն տարկետման իրավունքից, և երկրորդը, որ անպայման հնարավոր լինի զուգահեռ ռազմական ոլորտի մասնագիտություն ձեռք բերել։ Հուշում է՝ սա նույնիսկ կարող է լինել ՊՆ հետ համագործակցության շրջանակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն