Ռուս խաղաղապահ առաքելությունը պետք է միջազգային մանդատ ունենա․ Դավիթ Բաբայան
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում ու Սենատում, հանդիպել է Փարիզի, Լիոնի քաղաքապետերի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հարցազրույց՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի հետ
Արցախյան պատվիրակության այցը հաջորդում է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ընդունած Ադրբեջանի գործողությունները դատապարտող խորհրդատվական երկու բանաձևերին։ Փաստաթղթերում առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։
Սա նախագահ Արայիկ Հարությունյանի առաջին աշխատանքային այցն է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆրանս պրես» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ հայկական կողմը, այո, սպասում է Ֆրանսիայի կառավարության կողմից Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցների իրականացմանը։ Արցախի նախագահը նաև ասել է, թե հիասթափված են Արևմուտքից կրավորական անտարբեր քաղաքականության համար, քանի որ ավելին էին ակնկալում ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև հետպատերազմյան ժամանակահատվածում։
«Այո, քաղաքակիրթ աշխարհը լուռ էր և անտարբեր. Արցախը 44 օր ենթարկվել է ցեղասպանության, բայց հավաքական քաղաքակրթությունը պատժամիջոցներ չսահմանեց Ադրբեջանի դեմ, ավելին` շարունակում է համագործակցության պայմանագրեր կնքել Բաքվի հետ»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով` Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը չկա այլընտրանք։ Պաշտոնական Ստեփանակերտը գոհ է ռուս խաղաղապահների աշխատանքից և խորապես գիտակցում է այս գործընթացի դեմ Ադրբեջանի սադրիչ քայլերի նպատակներն ու հետևանքները։
Բաբայանի խոսքով՝ Արցախը չի դիտարկում որևէ այլ երկրի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը և ցանկանում է, որ ռուս խաղաղապահ առաքելությունը ամրագրվի միջազգային մանդատով։
Ֆրանսիական այցելության մասին Արցախի արտգործնախարարի հետ Մարիա Պապյանն է զրույցել։



















