Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյություն ունի։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցեղասպանության կանխարգելումն իրական խնդիր է։ Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ։ Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, ԼՂ բնակչության կողմից ահազանգվում է ցեղասպանությունը որպես սպառնալիք։ Այդ ահազանգերին պետք է լուրջ վերաբերվենք»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` թվում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեխանիզմներ է ստեղծել ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, սակայն հետագայում մենք տեսանք իրողություններ, որոնք հնչող մտահոգություններն ավելի առարկայական են դարձնում։
Փաշինյանը նշեց նաև, որ այսօր հետևողական գործողություններ են տեսնում, որոնք ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում իսկապես ցեղասպանություն է նախատեսում։
Ըստ վարչապետի` Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է Բաքվի և Ստեփանակերտի միջև։
«Մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում։ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ են ապահովել ԼՂ բնակիչներ իրավունքներն ու անվտանգությունը։ Սակայն միջազգային հարթակներում հնչող այդ հայտարարության տերը կարծես միջազգային հանրությունն է, այլ ոչ թե մարդիկ, որոնք այդ նախադասության շահառուն են»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի լինի Ստեփանակերտում` ԼՂ հայության շրջանում։
Փաշինյանը նշեց, թե անհրաժեշտ է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը։



















