Հայաստանը Արցախին կապող «Կյանքի ճանապարհը» վտանգված է, Բաքուն կեղծ և մտացածին պատճառաբանություններով արդեն երկրորդ անգամ է փակում հայկական երկու հանրապետությունները միմյանց կապող միակ մայրուղին։

Ադրբեջանի ռազմաքաղաղաքական ղեկավարության նպատակն է փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը, ստուգել Արցախի Հանրապետության բնակչության զգոնությունը` ասում է հայկական երկրորդ հանրապետության ԱԺ-ի խոսնակ Արթուր Թովմասյանը։ Արցախի խորհրդարանի ղեկավարը նշում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո որևէ քաղաքակիրթ երկիր հստակ գնահատական չի տվել Ադրբեջանի պատերազմային գործողություններին։

«Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ` կանխելու համար Բաքվի ցեղասպան գործողությունները, այլապես ստացվում է, որ այսօր ադրբեջանական նավթի, գազի դիմաց Արևմուտքը արհամարհում է ժողովրդավարությունը, որը նույն ԱՄՆ-ն, Եվրոպան հռչակել են գերագույն արժեք, և որի կրողն է Արցախի Հանրապետությունը»,-ասում է Արթուր Թովմասյանը` հռետորական հարցադրում անելով` ինչո՞ւ է Հավաքական Արևմուտքը աչք փակում ժողովրդավարության ուղին ընտրած Արցախի հանդեպ։

«Ցեղասպանությունները չդատապարտելու դեպքում, դրանք կրկնվում են։ Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի Հանրապետության «դե-ֆակտո» գոյությունը և հարգի արցախահայության ինքնորոշման իրավունքը, այս հարցում մենք ամուր կանգնած ենք մնալու մենք դիրքերում»,-շեշտում է ԱԺ-ի նախագահ Արթուր Թովմասյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն