Արցախում ճգնաժամն Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանք է. Փաշինյան
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը ծայրաստիճան սրվել է։ Այսօր կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և բնական գազի մատակարարումը դադարեցնելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։
«Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ։ Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում»,- նշել է նա։
«120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքում շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում՝ այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ինչպես արդեն ասվել է բազմիցս, Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորման, որ նշված հայտարարության վեցերորդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։



















