Արդեն վեցերորդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա գտնվում է շրջափակման մեջ։ Սննդի ու դեղորայքի պաշարներն առայժմ բավարար են, սակայն այսպես շարունակվելու դեպքում դրանք կսպառվեն: Օպերատիվ իրավիճակին այսօր անդրադարձել է Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը։ Նախօրեին էլ հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արցախում տիրող իրավիճակը Ֆրանսիայի առաջարկով, փակ ձևաչափով կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտնում է ՄԱԿ ԱԽ աշխատանքի ուսումնասիրման հարցերով վերլուծական կենտրոնը: Օրվա ու ժամի մասին տեղեկություն առայժմ չկա:

Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ  պահել Արցախի 120.000  բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև:  Անդրադառնալով ստեղծված իրավիճակին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել։ Նա շեշտել է, որ Արցախի ժողովուրդը ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում է կայացրել՝ այդ կերպ չեզոքացնելով Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը։

«Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասը հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից: Միայն այդ դեպքում է խաղաղության հասնելու կամքը լինելու գնահատելի, իսկ խաղաղությունը՝ անկեղծ, իրական ու շոշափելի»։

Նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել նրանց, ովքեր Արցախի քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող ոճրագործության մասին բարձրաձայնում և իրազեկում են միջազգային հանրությանը, նախաձեռնում իրավական գործընթացներ, պարզապես քաջալերում  և գոտեպնդում են արցախցուն։ Այս համատեքստում Հարությունյանը նշել է նաև ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալու  և Արցախի ժողովրդի կողքին կանգնած լինելու համար: 

«Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք»:

Չնայած դժվարություններին՝ պետք է շարժվել առաջ։ Արցախի Հանրապետության պետնախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Ռուբեն Վարդանյանն արցախցիներին ուղղված իր հերթական տեսաուղերձում կրկին միասնական լինելու կոչ է արել։ 

«Ընդհանուր՝ մենք աշխատում ենք, համախմբված ենք։ Ոչ մի խուճապ չկա։ Ոչ մի իրավիճակ չկա, որ մենք զգանք, թե անում ենք ոչ ճիշտ։ Վստահ եմ, որ այն ինչ մենք անում ենք, ճիշտ է և մենք այս ամեն ինչից ուժեղանում ենք։ Սա է կյանքը, պետք է ընդունենք իրականությունը և գնանք առաջ։ Ուրիշ ճանապարհ չունենք»։ 

Ստեղծված իրավիճակը նաև լավ առիթ է՝ հասկանալու, թե որտեղ ինչ խնդիրներ կան և որ հարցում ինչպիսի փոփոխություններ են պետք կատարել՝ կարծում է Ռուբեն Վարդանյանը։

«Մասնավորապես՝ խնդիրներ կան կանխիկ փողի հետ կապված, ուստի պետք է քարտերի միջոցով կատարվեն գործարքները, իսկ տերմինալները պետք է միշտ աշխատեն։ Բոլոր այն խանութները, որոնք չունեն սարքերը, պետք է արագ ձեռք բերեն՝ անկանխիկ գործարքներ անելու համար։ Բացի հրատապ խնդիրներից, մենք նաև աշխատում ենք համակարգային ուղղությամբ, որը պետք է փոխի մեր ամենօրյա կյանքը»։

Օպերատիվ շտաբի պետը ընդհանուր վիճակը նորմալ է գնահատում ։ Աշխատանքներն ընթանում են, հարցեր կան, իհարկե, բայց փորձում են դրանք հրատապ կարգով լուծել։ Ռուբեն Վարդանյանը կրկին հիշեցնում է օպերատիվ շտաբի թեժ գծի համարը՝ 119, հարցեր ունենալու դեպքում հորդորում է զանգել, չլինել անտարբեր։   

«Մենք այդ ամբողջ ինֆորմացիան կուտակում ենք, ամփոփում ենք և երեկոյան արդեն հասկանում ենք, թե որտեղ ինչ հարցեր կան։ Մենք հասկանում ենք, որ շատ անորոշ է իրավիճակը։ Դրա համար սկսում ենք հանդիպումները տարբեր վարչակազմերի ակտիվ մարդկանց հետ։ Դրանք շատ կարևոր հանդիպումներ են, որ ես շատ լավ հասկանամ իրավիճակը, թե ինչ է կատարվում համայնքներում»։

Ի դեպ, հենց շրջաններ այցելելու համար օպերատիվ շտաբը հետաձգել է նախապես այսօր ժամը 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված համաարցախյան  հանրահավաքը։ Այն կհրավիրվի, երբ Ռուբեն Վարդանյանը կավարտի հանդիպումների շարքը Արցախի տարբեր բնակավայրերում՝ ի մի բերելով  այդ հանդիպումների արդյունքները։

Արցախի պետնախարարը նաև սկսել է հրապարակել այն մարդկանց անունները, որոնք չեն կատարել օպերատիվ շտաբի ընդունած որոշումները, որոնք բխում են ռազմական դրության պայմաններից։ Խիստ պատժի մասին Վարդանյանն զգուշացրել էր իր նախորդ  տեսաուղերձներում։ Ամեն օր կհրապարակվեն անուններ, որոնք, օպերատիվ շտաբի պետի ձևակերպմամբ, իրենց պարտականությունները ճիշտ չեն կատարի կամ կփորձեն իրավիճակն օգտագործել իրենց օգտին։ Դա, առաջին հերթին, կարժանանա հասարակական պարսավանքի։ 

«Այդ ամոթանքը, կարծում եմ, ամենակարևոր արձագանքն է, և ոչ թե միայն պատժելը»։

Աշխատանքը պետք է կատարվի այն օրենքներով, որոնք ընդունվում են, այլ կերպ չի կարող լինել՝ ասում է Վարդանյանը։ Նա շեշտում է՝ ոչ մեկի համար բացառություններ չեն կարող լինել։

Ի դեպ, Արացախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների և սոցցանցերում դիտարկումների հիման վրա ուսումնասիրել է դեղերի շրջանառությունը :

Դիտարկումների արդյունքում՝ դեղամիջոցների գների անհիմն բարձրացման համար վարչական վարույթ է հարուցվել անհատ ձեռներեցներից մեկի նկատմամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն