Հայաստանը, գտնվելով բարձր սեյսմակայունության գոտում, գրեթե մշտապես երկրաշարժի վտանգի առջև է։ Ինչպե՞ս է ազդել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը Հայաստանում կառույցների սեյսմակայունության վրա, որքանո՞վ է սեյսմակայուն Հայաստանի բնակֆոնդը և պահպանվու՞մ են արդյոք քաղաքաշինական նորմերը։

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը Հայաստանում կառույցների սեյսմակայունության վրա դժվար թե անմիջական ազդեցություն ունենան։ Հայաստանի սեյսմիկ ռեժիմի վրա հնարավոր ազդեցությունը մասնագետները բացառում են, հաշվի առնելով այդ երկրաշարժերի օջախի հեռավորությունը։ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանի խոսքով՝ որոշակի երկրաբանական դինամիկ փոխազդեցություն, այնուամենայնիվ, կա․

 «Դինամիկ ազդեցությունը, իհարկե, Հայաստանում եղավ։ Այսինքն՝ նույնիսկ մարդիկ էլ զգացին այդ երկրաշարժը։ Բայց այդ դինամիկ ազդեցությունը արդյոք կարո՞ղ է փոխել սեյսմիկ իրավիճակը Հայաստանում։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, որովհետև այդ ազդեցությունն աննշան է»։       

Ստատիկ առումով, իհարկե, գրանցվել է սալերի տեղաշարժ, որը հարևան սալերի վրա ազդելու է, սակայն, դրա համար ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակը կարող են դարեր, հազարամյակներ տևել՝ ասում է երկրաբանը։ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը մեկ այլ գործոն նույնպես նշում է՝ «Արևելաանատոլական» կոչված խզվածքը, որի գոտում են հիմնական ցնցումների օջախները, հարավարևելք է թեքվում, շրջանցելով ՀՀ տարածքը։

 «Այս երկու պահերը նկատի ունենալով, ես կարծում եմ, որ իրական լուրջ ազդեցություն չի ունենա։ Ինչ վերաբերում է ՀՀ սեյսմիկ ռեժիմին, այն այսօր ֆոնի սահմաններում է։ Ուժեղ կամ մինջին երկրաշարժեր մենք հիմա չունենք»,– ասում է երկրաբանը։   

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ կարճաժամկետ ապագայում կամ օպերատիվ առումով հնարավոր երկրաշարժեր կանխատեսելը գրեթե անհնար է, թեև այդ ուղղությամբ մշտապես փորձեր արվում են։ Երկարաժամկետ առումով, մինչդեռ, սեյսմիկ վտանգը քարտեզագրվում է։ Հայաստանն էլ ունի սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզ։ Դրա հիման վրա էլ հնարավոր արագացումներն են գնահատված, որոնք էլ դրված են Հայաստանում սեյսմակայուն շինարարության նորմերի հիմքում։

ԱԻ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Կառուցվածքների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետ  Արմեն Խաչատրյանը հենց այդ նորմերի պահպանումն է համարում ամենակարևոր խնդիրներից մեկը․

 «Այդ առումով, կարող ենք ասել, որ մեր բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի մեծ մասը, բնականաբար, որը կառուցվել է Խորհրդային Միության տարիներին, չի բավարարում այսօրվա մեր գործող նորմերի պահանջներին։ Այդ առումով՝ այդ շենքերն ունեն միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն»։ 

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերի մեծ մասը բոլորել է հիսուն տարին, դրանք կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել են բնական մաշվածության: Բացի այդ, շենքերը նախագծվել և կառուցվել են 7-8 բալային կայունությամբ, ինչի արդյունքում ունենք բարելավման կարիք ունեցող «ծերացած» բնակֆոնդ: Այսօրվա սեյսմակայունության շինարարական նորմը 9 և ավելի բալն է։ Այդ հաշվարկով են 1990-ից հետո կառուցվել շենքերը։ Այսինքն՝ դրանք բավարարում են նորմերի պահանջներին ու սեյսմակայուն են, վստահեցնում են փորձագետները։

Արմեն Խաչատրյանը հույս ունի, որ այդ առումով պատշաճ հսկողություն եղել է, քանի որ տարբեր փուլերում տարբեր կառույցներ են իրականացնում հսկողությունը։

Մինչդեռ, լրջորեն պետք է մտածել խորհրդային տարիների շենքերի, հատկապես՝ տարբեր աստիճանի վթարայնություն ունեցողների մասին։ Հայաստանում մոտ 500 վթարային շենք կա՝ կառուցապատման ոլորտի մասնագետներն են ուսումնասիրել։ Ոլորտի մասնագետ Ավետիս Խախամյանն ասում է՝ այդ բնակֆոնդը պետք է թարմացվի․

 «Վթարային շենքերի մոտ 50 տոկոսի մասին որոշումներ և եզրակացություններ կայացվել են մինչև 2010 թվականը։ Ակնհայտ է, որ խնդիրը միայն վատացել է ու այդտեղ հսկայական անելիք կա, որը նաև օբյեկտիվ դժվարություններ ունի»։   

Հին շենքերը կամ պետք է քանդել, նորը կառուցել, կամ՝ ամրացնել։ Բայց երկու դեպքում էլ  ֆինանսական բավականին լուրջ միջոցներ են պահանջվելու։

 «Ըստ այդ միջոցների առկայության, կատարվում են և քանդման, վերակառուցման ու վերաբնակեցման աշխատանքներ, և ամրացման։ Այնպես չէ, որ ոչ ոք դրա մասին չի մտածում, ոչինչ չեն անում, այդպես չի կարելի ասել»,– ասում է Հրաչյա Պետրոսյանը։

Բացի այդ, մասնագետները կարևորում են նաև ֆինանսների հետ առանձնապես կապ չունեցող մի խնդիր ևս՝ բնակչության իրազեկումը, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի դեպքում։ Այդ ամենի մասին պետք է պարբերաբար իրազեկել բնակչությանը, մանավանդ, որ բավականին մատչելի ուղեցույցներ մասնագետները պատրաստել են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն