Հայաստանում ժողովրդագրությունը լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին բազմիցս բարձրաձայնվել է։ ժողովրդագիրներն ու սոցիոլոգները կարծում են, որ խնդիրը լուծելի է, որոշակի քայլեր պետականորեն արվում են, սակայն, դրանք բավարար չեն։ Այդ ուղղությամբ լրջագույն համալիր քայլեր են պետք, այդ թվում՝ թե՛ ծնելիության խթանում, թե՛ սփյուռքից հայրենադարձության կազմակերպում։ Ամենամեծ հայկական սփյուռքը Ռուսաստանում է։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ վերջերս անցկացված ուսումնասիրության արդյունքներով լույս է տեսել «Ինտեգրո՞ւմ, թե՞ հայրենադարձություն. հայկական սփյուռքի սոցիալ-տնտեսական ներուժը» ծավալուն ուսումնասիրությունը։ Համահեղինակ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նկատում է, որ տարիներ շարունակ, խոսելով արտագաղթի մասին, բաց է թողնվել կարևոր մի հարց՝ արդյոք մենք հայրենադարձության ներուժ ունե՞նք, թե ոչ։

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն ասում է, որ վաղուց հայտնի է՝ Հայաստանի բնակչությունը նվազում է և կառավարությունն էլ բնակչության աճի խթանման խնդիր է դրել։ Ըստ սոցիոլոգի՝ միջազգային փորձը վկայում է, որ խնդրի լուծման միայն երկու ճանապարհ կա.

 «Կամ դուք խթանում եք բնակչության աճը ծնելիության ավելացման եղանակով, կամ՝ դրսից մեխանիկորեն մարդ եք բերում ձեր երկիր։ Եվրոպայում երկու մեխանիզմն էլ օգտագործում են»։

Հայաստանում ծնելիության խթանումն սկսված է, բայց դա կապված է ֆինանսական հնարավորությունների հետ՝  նկատում է Գևորգ Պողոսյանը։ Այդ առումով հնարավորությունները մեծ չեն, արդյունքը՝ նույնպես։  Նրա խոսքով՝ կա անլուծելի մի խնդիր. Հայաստանն աշխարհում ամենաուրբանիզացված երկրների շարքին է դասվում. բնակչության մոտ 70 տոկոսն ապրում է քաղաքներում, իսկ աշխարհի փորձով՝ քաղաքներում ծնելիությունը մեծ չէ, այդ ուղղությամբ արվող քայլերն էլ արդյունավետ չեն։ Հետևաբար, պետք է գործի դնել երկրորդ մեխանիզմը՝ բնակչության ներգաղթ և հայրենադարձության կազմակերպում։ Առաջին հերթին Ռուսաստանից, քանի որ այնտեղ է ամենամեծ հայկական սփյուռքը՝ որոշ հաշվարկներով  2.5 մլն մարդ։     

Բայց Ռուսաստանի ամենահայաբնակ վայրերում անցկացված ուսումնասիրությամբ՝ 1500 հարցվածների շրջանում պարզվել է, որ միայն 10 տոկոսն է մտադիր առաջիկայում վերադառնալ Հայաստան։ Մոտավոր հաշվարկներով՝ 100 հազար մարդու մասին է խոսքը, սակայն միայն այն դեպքում, եթե Հայաստանում համարժեք պայմաններ ստեղծվեն։

Գնահատելով կառավարության՝ մինչև 2050 թվականը 5 մլն բնակչություն ունենալու նպատակը, սոցիոլոգն ասում է, որ դա նշանակում է 30 տարում 20 մլն մարդու վերադարձ Հայաստան՝ տարեկան 35-40 հազար մարդ։ Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ՝ հիմնականում տնտեսագետները պիտի գնահատեն։ Սոցիոլոգը կարծում է, որ հայրենադարձություն կազմակերպելու հնարավորությունները մեծ չեն, բայց դրանք կան։ Դա ցույց է տվել նաև ռուս-ուկրաինական պատերազմը, որի հետևանքով Հայաստան տեղափոխված մոտ 150-200 հազար ռուսաստանցիներից 18-20 հազարն ընդունել են ՀՀ քաղաքացիություն։ Եկածների 15 տոկոսը հայեր են։ 90 հազար հաշիվ բանկերում, 450 նոր ընկերություներ Երևանում՝ առանց որևէ ջանքի – սա արդյունքն է։

 «Փաստորեն, ինքնաբերաբար ստացվեց այն, ինչ մենք տասնամյա ջանքեր դնելով պետք է կազմակերպեինք, այն էլ պարզ չէ՝ կստացվեր, թե՞ ոչ»,– ասում է Գևորգ Պողոսյանը։ 

Սոցիոլոգները, սակայն, արձանագրել են, որ դա ժամանակավոր ռեսուրս է։ Նույն կարծիքին են նաև ժողովրդագիրները։ Ռուբեն Եգանյանը, օրինակ՝ չի կարծում, որ դա կարող է տևական ու շարունակական լինել և կարող է նվազել կամ ընդհատվել․

 «Չնայած նախորդ տարում մենք ունեցանք որոշ միգրացիոն աճ՝ Ռուսաստանի բնակչության ներհոսքով պայմանավորված, որը, սակայն, չեմ կարծում, թե տևական և շարունակական երևույթ կարող է լինել։ Իրավիճակը կվերադառնա հին հունին, երբ մենք ունենում էինք միգրացիոն արտահոսք»։

Ժողովրդագիրը կարծում է, որ այստեղ էլ պետք է զգուշավոր դատողություներ անել, հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը, որով պայմանավորված մեր միգրանտների նպատակակետերը՝ ՌԴ, ԱՄՆ, Եվրոպական երկրներ, կարող են փոխվել․

 «Կարող է և դրանով պայմանավորված միգրացիոն արտահոսքն էլ նվազի։ Դա պետք է արդեն հետազոտել, դիտարկել, գնահատականներ տալ»։

Ըստ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի, ամեն դեպքում, Ռուսաստանից այդ ներհոսքը հնարավորություն է տվել հասկանալու, որ կա ավելի մեծ ռեսուրս։ Դա հայրենադարձություն չէ, բայց այն մեխանիզմն է, որը հուշում է հնարավոր ճանապարհները.

 «Եթե մենք կարողանանք ապագայի համար ներգրավել հայերի, միգրանտների այնպիսի խմբեր, որոնք մինիմալ հնարավորությունները գոնե ունեն, բերելը, հրավիրելը, տարբեր աշխատանքները առաջարկելը շատ ավելի քիչ ծախսատար մեխանիզմ է, քանց այն խավը, որը մտադիր է գալ»։

Ուսումնասիրությունները պարզել են, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացողների 10 տոկոսը այն մարդիկ են, որոնց չի հաջողվել այդ երկրում իրենց կյանքը դասավորել կամ նրանք են, որոնք այնքան են կապված Հայաստանի հետ, որ նրանց Ռուսաստան մեկնելը ժամանակավոր է։ Սոցիոլոգները մեկ այլ իրողություն էլ են արձանագրել. Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները կազմում են 2-3 մլրդ դոլար։

Սա կարևորում են ոչ միայն սոցիոլոգները։ Տնտեսագետները նկատում են, որ Հայաստանի տնտեսական ակտիվության մեջ դա կարևոր տեղ է զբաղեցնում։ Այն, որ 2022–ին, ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, Հայաստան է ներհոսել աննախադեպ ծավալի տրանսֆերտ՝ արձանագրել է նաև ԿԲ  նախագահը․

 «Նախորդ տարվա տրանսֆերտների ցուցանիշը՝ զուտ ներհոսքը, ռեկորդային 2․5 մլրդ դոլարի կարգի է։ Առաջին երկիրը ՌԴ է, մոտավորապես 70 տոկոս, երկրորդ տեղում ԱՄՆ –ն է, երրորդում՝ այլ երկրները։ «Այլը» երկրների համախումբ  է, ԱՄՆ-ն՝ չեմ ասի, ՌԴ-ն  71 տոկոս է»։ 

Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը նկատում է, որ Հայաստանում 2022–ին գրանցված տնտեսական աճի մեջ էական նշանակություն ունի ռուս–ուկրաինական պատերազմն ու դրանով պայմանավորված միջազգային այցելուների ներհոսքը։ Ըստ տնտեսագետի՝ դա կարելի է արձանագրել նաև 2023-ի համար, թեև կանխատեսումներ անելը այնքան էլ հեշտ չէ․

 «Տնտեսական աճն ավելի շատ արտածին է՝ ավելի շատ արտաքին գործոններով է պայմանավորված։ Դա մեր ներքին ներուժի արդյունավետությամբ չէր պայմանավորված, բայց 2023–ին պետք է ձգտել պահպանել միտումները»։

Այսինքն, ըստ սոցիոլոգների, Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողների այդ 10 տոկոսը Հայաստանում աշխատանք չունի, բայց Ռուսաստանում աշխատում և օգնում են իրենց ընտանիքներին։ Խնդիր է, եթե նրանք վերադառնան Հայաստան, հնարավո՞ր է ապահովել նրանց համար աշխատանք և եկամուտ։

 «Եթե առայժմ ոչ, ուրեմն՝  ճիշտ է, որ այդ օգնությունն այստեղի ընտանիքներին այնտեղից լինի, որ ավելի շատ մարդիկ չմեկնեն։ Այսինքն, սա խնդիր է, որը պետք է լուծել տնտեսագետների, սոցիոլոգների, հոգեբանների և կառավարության միջամտությամբ»,– արձանագրում է Գևորգ Պողոսյանը։ 

Տնտեսագետների խոսքով՝ կառավարությունը ՏՏ ոլորտին աջակցում է։ Սա նշանակում է, որ այս ոլորտի ձեռնարկությունները դրանով պետք է ունենան անվտանգության բարձիկներ և  շարունակեն իրենց գործունեությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն