Հայ-վրացական համագործակցություն՝ սեյսմիկ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով
Վրացի սեյսմոլոգները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ֆոնին հիշեցնում են, որ երկրի սահմանները, մասնավորապես Թուրքիայի և Հայաստանի հետ հատվածները սեյսմիկ ակտիվ գոտի են մնում: Նրանք կոչ են անում թարմացնել տարածաշրջանի սեյսմիկ քարտեզը, համագործակցել՝ կանխատեսելու և այդպիսով խուսափելու հնարավոր աղետներից։
Վրաստանում սեյսմոլոգներն այս պահին մի քանի սեյսմիկ ակտիվ շրջաններ են առանձնացնում: Եթե նախկինում դա Ռաճայի շրջանում էր, ապա այժմ ակտիվ են երկրի վրաց-թուրքական և վրաց-հայկական սահմանները։
Հայաստանի հետ սահմանում, ընդ որում Սամցխե Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում, երկրաշարժերի ակտիվ օջախներն են։
Վրացի սեյսմոլոգ Թինաթին Ռոստոմաշվիլին ասում է․ «Վրաստանում երկրաշարժեր տեղի էին ունենում մինչև այս, սրանից հետո ևս կարող են շարունակվել, խոսքը ինչպես Վրաց-թուրքական սահմանի, այնպես էլ վրաց-հայկական սահմանին 2014 թվականին սկսած և 2020-ին ակտիվացած երկրաշարժերի ալիքի մասին է, և հատկապես` Սամցխե-Ջավախեթիի Սամեբա գյուղի վերջին շրջանի երկրաշարժերի»։
Այս պահին Վրաստանի ամենասեյսմիկ ակտիվ գոտին դա Սամցխե Ջավախեթիի շրջանն է, որտեղ միայն անցած տարվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3 հազար երկրաշարժ, ամսական այստեղ ցնցումներ են լինում 3-ից 4,5 բալ ուժգնությամբ։
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխտնօրեն Լաշա Սուխիշվիլին նկատում է, որ Թուրքիայում ուժգին երկրաշարժերը նորություն չեն, ըստ նրա՝ նման ուժգնության երկրաշարժեր լինում են նաև վրաց-թուրքական սահմանին․
«Որպես սեյսմիկ ակտիվ գոտի Վրաստանում երկրաշարժեր կլինեն, բայց Թուրքիայում տեղի ունեցածի հետ ուղիղ կապի մասին չենք կարող խոսել։ Ինչ վերաբերում է վրաց-հայկական սահմանին, այս շրջանը սեյսմոլոգիապես ակտիվ գոտում է, և երկրաշարժերի ցիկլի ակտիվությունը ժամանակ առ ժամանակ մեծանում է։ Դրանում արտառոց ոչինչ չկա, ուղղակի պետք է առավելագույնս պատրաստ լինել դիմակայելու, օրենքով կարգավորելու շենքերի կառուցման պահանջները, և մշտապես պատրաստ լինելու օգնության ձեռք մեկնելու»։
Վրացի մասնագետները նշում են՝ քանի որ Վրաստանի սահմանները և հատկապես Հայաստանի հետ սահմանը բարձր սեյսմիկ գոտի է, պետք է հարևանների, այս դեպքում մասնավորապես հայ գործընկերների հետ ակտիվ համագործակցել․
«Վրաստանի սեյսմոլոգները պարբերաբար իրենց ունեցած տվյալները փոխանցում են հարևան երկրներին, ընդունում նաև նրանցը, որպեսզի ընթացիկ սեյսմիկ վիճակի մասին ամբողջական պատկեր ստացվի։ Սակայն դա բավարար չէ, պետք է տարածաշրջանային մասշտաբով սեյսմիկ քարտեզները թարմացնել ու հասանելի դարձնել։ Դա թույլ կտա եզրակացնել, թե երբ և որտեղ ինչ ուժգնության երկրաշարժ է հնարավոր»։
Սա բնական երևույթ է և հնարավոր չէ կանխարգելել, սակայն, կարծում են, որ կարող են միասին ամեն ինչ անել, որպեսզի սեյսմիկ ռիսկը նվազագույնի հասցնել։