Հանգստյան օրերին Երևանի խոշոր առևտրի կենտրոններում անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» խորագրով միջոցառումը։ Տարբեր մարզերից Երևան ժամանած ֆերմերները ներկայացնում են իրենց կանաչ կամ օրգանական արտադրանքը՝ ընդեղեն, մեղր, խոտաբույսեր, բանջարեղեն՝ փորձելով մարդկանց տեղեկացնել, որ առանց թունաքիմիկատների, հավելումների աճեցրած կամ պատրաստած մթերքն ավելի օգտակար է։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության EU-GAIA ծրագրի շրջանակում։ Այն ֆինանսավորվում է ԵՄ և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Էմմա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին և նպատակ ունի Հայաստանում զարգացնելու նորարար, ներառական և կայուն, օրգանական գյուղատնտեսությունը։ Ըստ նրա՝ մի շարք կրթական ծրագրեր են իրականացնում սպառողների շրջանում՝ սովորեցնելով գնումներ կատարելիս նայել պիտակներին ու ընտրել օգտակարը։ Էմմա Պետրոսյանն ընդգծում է, որ ծրագրի միջոցով ֆերմերներին ցուցաբերվող աջակցությունը տարբեր բնույթի է՝ սարքավորումներ տրամադրելուց, մինչև կարողությունների զարգացում՝ խորհրդատվություն ու թրեյնինգներ։

Այսօր կանաչ և օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող շատ ֆերմերներ խնդիրներ ունեն իրենց արտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելու հարցում։ Ծրագրի ներկայացուցիչը նշում է, որ այն արտադրողները, որոնք արտահանման ներուժ ունեն, իրենց աջակցությամբ պարբերաբար մասնակցում են արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսների։ Մասնավորապես, նման ցուցահանդեսների մասնակցել են Գերմանիայում, Արաբական Էմիրություններում։ Այս տարի նույնպես կկազմակերպվեն B2B ձևաչափով հանդիպումներ Հայաստանից դուրս՝ ներկայացնելով մեր օրգանական արտադրանքը, կանցկացվեն այլ ծրագրեր։ Էմմա Պետրոսյանը նկատում է նաև որ իրենք ֆերմերներին տալիս են բոլոր գործիքները՝ շուկայավարում իրականացնելու համար, նաև բրենդավորում են կատարում արտադրողների համար՝ հուսալով, որ վերջիններս կլինեն նախաձեռնող ու կշարունակեն իրենց առաջընթացն ագրոբիզնեսի բնագավառում։

Գայանե Ազատյանը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանից է, ներկայացնում է «Լոռի ֆարմ» ընկերությունը։ Աճեցնում են բարձրարժեք մշակաբույսեր օրգանական եղանակով։ Տաղավարում ներկայացված մթերքից առանձնացնում է Հայաստանում քիչ հայտնի գանգրակաղամբը, որն անչափ օգտակար է։ ընդգծում է, որ մասնակցել են բազում դասընթացների, ձեռք են բերել գիտելիքներ իրենց տնտեսությունն օրգանական եղանակով վարելու համար։

Միջոցառման ընթացքում կամավորներն առևտրի կենտրոնի այցելուների շրջանում տարածում էին նաև տեղեկատվական թերթիկներ, կատարում բացատրական աշխատանք, սովորեցնում՝ ինչպես տարբերակել կանաչ մթերքները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն