Դատարանի որոշումը պետք է կատարվի, Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը
ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է՝ կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն «անչափ կարևոր» է որակել դատարանի որոշումն ու նկատել, որ դրանով արձանագրվել է Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը։ Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ եթե Բաքուն այս անգամ էլ փորձի շրջանցել որոշումը, հարցը հնարավոր է քննարկվի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստում։
Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ ՄԱԿ–ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Հայաստանի վարչապետի արձագանքն է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի՝ նախօրեին կայացրած որոշմանը։
«ՄԱԿ-ի դատարանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է գործի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը: Ադրբեջանը հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Լաչինի միջանցքով ականների ենթադրյալ տեղափոխումներին:
Որոշման հրապարակումից հետո Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Ադրբեջանը փորձում էր շեղել արդարադատության միջազգային դատարանի ուշադրությունը
«Կարծում ենք արդարացիորեն ու միաձայն մերժել է Ադրբեջանի պահանջը,ո ր վերաբերում էր ականապատմանը։ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի համատեքստում, ինչը երկրորդ անգամ չհաջողվեց։ Այս անգամ ևս մերժվեց»։
Դատարանի որոշումները իրավական պարտադիր ուժ ունեն և պարտավորություններ են առաջացնում Ադրբեջանի համար․ Եղիշե Կիրակոսյանը առանցքային է համարում այս հանգամանքը։ Հայաստանի վարչապետը նույնպես շեշտում է, որ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար.
«Դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը»:
Դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրա դրույթների իրավազորությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին կայացրած որոշման մեջ, հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, դատարանը հիշեցնում է, որ փաստաթղթով Ադրբեջանի ստանձնել է պարտավորություն երաշխավորելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, կենսական անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչը կարող է անուղղելի վնաս պատճառել և խաթարել դատարանի կողմից իրագործելի ճանաչված իրավունքներ։ Ըստ էության՝ դատարանը հաստատել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը։
«Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում»:
Հայաստանի վարչապետը կարծում է, որ այն պահին, երբ Հայաստանը կկարողանա ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով նորից կդիմի դատարան և հավանականությունը, որ կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ է:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը, նշել է, որ այն ամրապնդում և լեգիտիմացնում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։
Հայաստանի ԱԳՆ–ն ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ նշելով, որ Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին տեղեկացնելու է Ադրբեջանի կողմից ցանկացած խքախտման մասին մասին, քանի դեռ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է քննվել։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնը Թվիթերի իր էջում գրել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է հետևի, որ Ալիևն ապահովի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումը։
«Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է, որն անհապաղ պետք է վերացվի։ Պետքարտուղարությունն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի որոշմանը և թույլ տա մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժը Արցախից և դեպի Արցախ»։
Լաչինի միջանցքի փակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար կենսական անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և հումանիտար ճգնաժամ է առաջացրել՝ արձանագրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան: Նա նշել է, որ թեպետ ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարները կարող են անցնել Լաչինի միջանցքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու կամ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու համար, այդուհանդերձ Արցախի բնակչության շատ կարիքներ մնում են չբավարարված:
Հայաստանյան փորձագիտական դաշտում կարծում են, որ եթե Ադրբեջանն այս անգամ էլ անտեսի միջազգային հեղինակավոր ատյանի կայացրած որոշումը, ապա հարցը հնարավոր է քննարկվի ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստում, ընդգրկվի նաև ՄԱԿ–ի լիագումար նիստի օրակարգ։